Մարդիկ ընկնում են հիշողությունների գիրկը, երբ հանկարծ փոշոտ պահարանի անկյունում աչքն ընկնում է ֆոտոալբոմին կամ հին տեսասկավառակին: Աբխազիայից փախստականի համար հիշողության բանալի է հանդիսանում ուղղակի «պատերազմ» բառը:
«Փախստականը այն մարդն է, ով աղետի պատճառով հեռացել է իր բնակության վայրից»:
Արշակ Դավիթյանը էլ երբեք չի տեսնի Աբխազիան: Օչամչիրի շրջանի Թամիշ գյուղից 80-ամյա փախստականը մահացավ անցած ձմեռ, մենության մեջ, փոքրիկ սենյակում, նախկին ուսումնարանի լքված շենքերից մեկում, որտեղ նա ապրեց 24 տարի, Աբխազիայից հեռանալուց հետո: Նա սառել էր, թույլ լինելու պատճառով չէր կարողացել վառարանը վառել:
Պատերազմի ժամանակ Աբխազիայի շատ բնակիչներ հեռացան իրենց տներից, շատերը տեղափոխվեցին Ռուսաստան, իսկ Արշակ Դավիթյանն ընտրեց հայաբնակ Ախալքալաքը: Նրան տեղ հատկացրին ուսումնարանի լքված շենքերից մեկում: Երբ ուսումնարանի փոխարեն սկսեց գործել Սամցխե-Ջավախքի համալսարանը, նա աշխատում էր որպես հնոցապան: Նրա նախկին աշխատակիցներն ասում են, որ կորցրել է իր կապը ընտանիքի, իր միակ որդու հետ պատերազմի ընթացքում:
Արշակ Դավիթյանի ողբերգական պատմությունը սրանով չի ավարտվում: Համալսարանի աշխատակիցների խոսքերով, Արշակի որդին կենդանի է, այդ մասին հայտնի է դարձել նրա մահվան երկրորդ օրը, նա եկել է հոր մոտ, ուշանալով ընդամենը մի օր:
Մաշված իրերը, համեստ սենյակի և անձնագրի պատճենը, որը գտնվում է Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունում, որը և հոգաց Արշակ Դավիթյանի հուղարկավորության ծախսերը: Ահա այն ամենը, ինչ մնացել է նրանից:
Ախալքալաքում գտել են նոր տուն Աբխազիայից հարկադրաբար տեղահանված 33 անձ՝ հայեր և վրացիներ: Նրանք փախստականի կարգավիճակ ունեն: Ապրում են Ախալքալաքի քաղաքապետարանում փախստականներ Գագրայից, Օչամչիրից, Գալիից և Սուխումից ... Ախալքալաքի շրջանում փախստականներն ապրում են`Բավրա, Չունչխա, Հոկամ, Կուլիկամ գյուղերում: Կարգավիճակը ավտոմատ կերպով ստանում են նաև փախստականների երեխաները, ովքեր ծնվել ծնողների Աբխազիայից հեռանալուց հետո: Շատ փախստականներ չեն դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին` հարկադրաբար տեղափոխված անձի կարգավիճակ ստանալու համար: Մյուսները տեղափոխվել են Վրաստանի այլ շրջաններ:
Ծուրծումիաների հայ-վրացական ընտանիքն Ախալքալաք է տեղափոխվել 1993 թ.-ին: Գրիգորի Ծուրծումիան Գալիից է, իսկ Գայանե Ծուրծումիան համշենահայ է Սոխումից: Գրիգորին ու Գայանեն մինչև հիմա չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ չեն կարողանալու նորից հետ՝ Աբխազիա գնալ: Չնայած նրանք պատրաստ են թողնել ամեն ինչ, միայն թե վերադառնան տուն՝ Սոխում:
«Ես կոշիկի ցեխ ունեի: Հիշում եմ գործի էի գնում (1992 թվական), ճանապարհին աբխազ հարևաններս աղմկում էին, պատերազմ է սկսվել, մեր վրա են հարձակվել: Ես մտածեցի Սև ծովի կողմից Թուրքիան է հարձակվել: Չեր կարող Վրաստանը հարձակվել վրացիների վրա: Այդ ժամանակ մենք զենք վերցրեցինք, որպեսզի մեր երկրի շահերը պաշտպանենք: Մենք կրակում էինք, մեզ էին կրակում: Մենք պաշտպանում էինք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Այդ պատերազմը մեծ ողբերգություն էր: Մենք միայն այդ ժամանակ իմացանք, ով էր աբխազ, ով էր վրացի, ով մեգրել: Մինչ այդ մենք չէինք մտածում՝ ով, ով է», - պատմում է Գրիգորի Ծուրծումիան:
Ծուրծումիաների ամբողջ մեծ ընտանիքը 1993 թ.-ին մարտական գոտուց տեղափոխվեց Ախալքալաք, որտեղ ոչինչ չկար, ոչ լույս, ոչ հաց, բայց կար խաղաղ երկինք: Տեղի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Գրիգորիի հարազատները ապրում էին Ախալքալաքում:
«Կինս հղի էր: 3 օր արձակուրդ վերցրեցի, ես այդ ժամանակ ծառայում էի վրացական բանակում և մասնակցում Աբխազիայում ռազմական գործողություններին: Բերեցի Գայանեին այստեղ, թողեցի նրան բարեկամների մոտ, տատիկ-պապիկի: Անմիջապես հետ վերադարձա: Մի օր բացակայությունը համարվում էր անհեթեթություն: Նույնիսկ մեկ օրը նշանակություն ուներ: Երբ մեր խումբը լուծարվեց, երբ խաղաղ պայմանագիր կնքվեց: Առաջին բանը, որ ես արեցի, Ախալքալաք եկա որդուս տեսնելու, ես նույնիսկ չգիտեի, որ տղա էր ծնվել» - պատմում է Գրիգորին:
Գրիգորին ու Գայանեն Սուխումում այս տանն էին ապրում: Գայանեն կարոտում է Աբխազիայում ապրող հարազատներին: 25 տարի է նա չի կարող այցելել Սուխումում թաղված ծնողների գերեզմանները: Ախալքալաք Գայանեի հետ միասին տեղափոխվել է նաև նրա եղբայրը, ով փախստականի կարգավիճակ չունի: 25 տարիների ընթացքում Ծուրծումիաների ընտանիքը փոխել է 8 տուն, և ընդամենը 9 տարի նրանք ապրում են Ախալքալաքում իրենց սեփական տանը:
Գրիգորին մտադիր էր վերցնել իր հարազատներին և վերադառնալ, ինչպես նա էր մտածում, խաղաղ Աբխազիա, բայց...
«Մենք որոշեցինք վերադառնալ տուն: Ես այդ ժամանակ գնացի Ախալքալաքի շուկա, հանդիպեցի զինվորի, զրուցեցինք, պարզեցի, թե ինչ և ինչպես է վիճակը, այստեղ ոչ մի տեղեկություն չկար: Եվ նա ինձ պատմեց, որ Աբխազիայում նորից սկսվել է մարտական գործողությունները: Երբ ես եկա ամեն ինչ լուծարվել էր, քանի որ ծանր տեխնիկան արդեն հեռացվել էր ... մենք էլ հետ չկարողացանք վերադառնալ», - ասում է Գրիգորի Ծուրծումիան:
Սաթենիկ Դեմուրճյանը Դիլիսկա գյուղից է, իսկ նրա ամուսինը Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից: Անցյալ դարի 80-ական թվականներին նրանք տեղափոխվեցին Աբխազիայի Ատարա-հայկական գյուղ: Ամուսնու ընկերոջ հրավերով, ով այնտեղ հարմար տուն էր գտել նրանց համար: Դեմուրճյանի երջանիկ ընտանիքը 2 տուն ուներ, մանդարինի մեծ այգի, մեկ ու կես հա, ամուսինը գնում էր Ռուսաստան, գումար վաստակելու, ընտանիքն ապրում էր լավ պայմաններում, բայց ամեն ինչ ավարտվեց մեկ վայրկյանում, երբ սկսվեց պատերազմը:
«Մենք ապրում էինք այնտեղ արդեն մի քանի տարի, օգոստոսի 14-ն էր, սկսվեց պատերազմը: Ես 23-24 տարեկան էի: Երեխաները 5-6 տարեկան: Մենք լավ ընտանիք էինք, ապրում էինք լավ, ուրախ ու խաղաղ: Մեր բախտը չբերեց: Ամուսինս մահացավ հիվանդությունից, հետո ռմբակոծություններ եղավ, հարազատներս չկային, հարևաններն օգնեցին: Հավաքվեց ամբողջ գյուղը, և ամուսնուս թաղեցինք, ես մենակ մնացի երկու փոքր երեխա ձեռքիս: Հետո տեգրս ինչ -որ կերպ դուրս բերեց այդտեղից իմ որդուն, իսկ հայրս աղջկաս, ապա ծնողներս ինձ տարան, ճանապարհ չկար , բոլոր ճանապարհները ականապատ էին: Մենք հնարավորություն չունեինք և մեզ թույլ չտվեցին դուրս գալ գյուղից: Ինչ-որ կերպ դուրս եկանք գյուղից, գիշերը 2:25 փախանք: Հասանք մինչ Կրասնոդար, որտեղ հարազատներս օգնեցին հասնել Ախալքալաք: Դրանից հետո, ես չեմ վերադարձել Աբխազիա », - պատմում է Սաթենիկ Դեմուրճյանը:
Դեմուրճյանների ընտանիքը Աբխազիայում է թողել ոչ միայն մանդարինի այգիները, տունը, այլ առանց որևէ բանի փախել է, այնտեղ թողնելով նաև ընտանիքի հոր գերեզմանը, ինչն ամենից շատ է տանջում Սաթենիկին:
«Փաստացի հողաթափերով այդտեղից փախանք: Հետ չեմ գնա, ոչ, այնտեղ ոչինչ չկա: Տունը թալանված է, ոչ պատուհան կա, ոչ դուռ, ոչ տանիք: Ամեն ինչ պարզապես քարուքանդ է: Ինտերնետով հարևանները ցույց տվեցին, ես արդեն չեմ կարող ամեն ինչ սկզբից սկսել», - պատմում է Սաթենիկ Դեմուրճյանը:
Ասատրյանների ընտանիքը, ինչպես Դեմուրճյաններինը Ախալքալաքի շրջանից է: Հայրը Սամվել Ասատրյանը Խորենիա գյուղից է, մայրը` Բավրայից: Ուրիշների պես, Ասատրյանները փախել են պատերազմից Ախալքալաք այն պատճառով, որ նրանք այստեղ բարեկամներ ունեն, որոնք կարող են օգնել դժվարին պահին: Աբխազիայում ապրում էին և դեռ ապրում են Ախալքալաքի շրջանից սերածներ: Շատերը տեղափոխվել են Ռուսաստան, հիմնականում` Կրասնոդարի շրջան, իսկ մյուսները վերադարձել են Ախալքալաք:
«Հայրս աշխատում էր Աբխազիայում, այնտեղ տուն գնեցին և տեղափոխվեցինք այնտեղ ապրելու: Առաջ Գալիում ապրելը վտանգավոր չէր: Միջազգային էր, ապրում էին` ռուսներ, հայեր, հույներ, տարբեր ազգություններ: Երբ պատերազմն սկսվեց, մեզ՝ երեխաներիս ուղարկեցին: Ես 18 տարեկան էի: Մենք ուզում էինք վերադառնալ, բայց ծնողներս եկան Ախալքալաք: Նրանք ասացին, որ աբխազները գրավել են Գալին, հետո որոշեցին չվերադառնալ: Երբ պատերազմ է չեն հարցնում, թե ինչ ազգության ես, հայ, թե՝ վրացի, բոլորն էլ նույնն են: Չեն հարցնում, թե ինչ է ազգանունդ», - ասում է Սամվել Ասատրյանը:
Յուրաքանչյուր փախստական ստանում է 45 լարի նպաստ, մինչ այդ նպաստների չափը կազմում էր` 12 լարի էր: Ասատրյաններն ամսական ստանում են 135 լարի նպաստ 3 հոգու համար՝ հոր և երկու զավակների համար, որոնք արդեն ծնվել են Ախալքալաքում: Գումարը փոքր է, փախստականների մեծամասնությունը կորցրել է ողջ ունեցվածքը, չեն կարող ոտքի կանգնել կամ գնել սեփական տուն:
Սամվել Ասատրյանի ընտանիքը 25 տարվա ընթացքում փոխել է հինգ տուն, թեև այժմ ապրում է բարեկամի տանը, ով տեղափոխվել է Ռուսաստան: Ասատրյանները վարձ չեն վճարում, սակայն 4 անձից բաղկացած ընտանիքը, որից` 2- ն անչափահաս են, չի կարող իրեն թույլ տալ տուն գնել:
«Պետությունը` Վրաստանը խոստացել է, սպասում ենք մեր հերթին: Տարիներ շարունակ սպասում ենք: Թե Թբիլիսի ենք դիմել, թե Գորի: Ախալքալաքի Գամգեոբայում (քաղաքապետարան, խմբ.) ասում են, ոչ, սպասեք, ձեր հերթին: Նախ, վետերաններին պետք է տանք: Արդեն 10 տարի է ծրագիրը մեկնարկել է, վետերանների ծրագիրը չավարտեցի՞ն: Շատ դժվար էր: Մենք ոչինչ չունեինք: Եկանք, այն հագուստով ինչ հագած էինք: Ամեն ինչ ստիպված էի վերստեղծել: Ուտելու բան չկար, հացը կտրոններով էին տալիս: Գոյատևեցինք: Մեզ կտրոններ էին տալիս, չեմ հիշում, թե որքան, բավարարում էր ամիսը մեկ կամ երկու հացի: Իմ մայրն ու եղբայրը ապրում են առանձին, հայրս մահացավ: Քույրերս ամուսնացան: Ես կվերադառնայի հետ մեծ ուրախութեամբ: Ավելի լավ տեղ չկա: Այնտեղ եմ գնացել դպրոց, մեծացել: Մենք այնտեղ տուն ունենք: Մենք երբեք պատերազմից հետո այնտեղ չենք գնացել: Վրացական անձնագրերով այնտեղ չեն թողնում: Փոշմանե՞լ ենք, որ եկել ենք Ախալքալաք: Արդեն շատ ուշ է փոշմանելու համար», - ասում է Սամվել Ասատրյանը: