«Հայկական գաթա» փառատոնի մեկնարկը Ջավախքում տրվեց Հանգստյան ժամերգության և գոհաբանական աղոթքով:
«Միջինքի Գաթայի փառատոնը մեզ ևս մեկ անգամ համախմբել է Տիրոջ տան մեջ՝ նախ և առաջ աղոթքով և փառաբանությամբ լցնելու մեր հոգիները և այնուհետ՝ հոգեպարար ջերմությամբ քրիստոնեավայել սիրով միմյանց հետ կիսելու հայկական գաթայի համն ու հոտը: Այս փառատոնը մեզ հնարավորություն է տալիս վերագտնել մեր ազգային արժեքներն ու սովորույթները»,- իր խոսքում նշեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Ի՞նչ է Միջինքը
Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս տարի Միջինքը մարտի 7-ին է: Ազգային ժողովրդական սովորության համաձայն՝ տանտիկինները Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում:
Այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում մեջը հուլունք կամ դրամ էին դնում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին։ Իսկ կտրելիս հավասար բաժին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին: Ում բաժնի միջից դուրս գար դրամը, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:
Մեծ պասի ծեսերից էր «Քառասուն մանկունքը» չափահաս աղջիկները հալվա, գաթա ու խեծախ էին պատրաստում և սկուտեղի վրա դրած տանում նշանված ընկերուհու տուն, այնտեղ նրանք քառասուն անգամ քառասուն ծնրադրում էին «քառսուն անգամ քառսուն կուս քառսուն մանկան բարեխոս» խոսքերով: Ողջ գիշեր քառասուն մանկանց հիշատակին ծնրադրելով, ժամանակ առ ժամանակ իրենց բերած մթերքներով ուժերը վերականգնելով, աղջիկները առավոտյան լվանում էին մեկը մյուսի գլուխը և տանտերերից մի-մի գուլպա ստանալով ցրվում: