Համայնքի բնակիչները հույս ունեին, որ խոշորացումից հետո ջրագծի հարցը վերջապես կլուծվի, բայց արդեն 1 տարուց ավել է՝ մեր երկրում համայնքների խոշորացման գործընթացը կանգ է առել:
Անցյալ տարի աշխարհը եւ նաեւ Հայաստանը պատուհասած COVID-19 համավարակը եւ արցախյան պատերազմը պատճառ դարձան, որպեսզի տարիներ շարունակ տեւած գործընթացը մեկ օրում դադարեցվի: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ երկրում համայնքների մի մասի կառավարումը կատարվում է հին, մյուսներինը` միավորված մոդելով: Դրան զուգահեռ շարունակում է գործել նաեւ մարզպետների կառավարումը, ինչը նախատեսվում էր վերացնել համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո:
Լուսահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գեղեցիկ Սարհատյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ գյուղի փոքրիկ բյուջեով բնակիչների համար ոչ մի կենսական հարց չեն կարողանում լուծել: Բացի ջրագծից, գյուղամիջյան ճանապարհներն էլ լավ վիճակում չեն, պետք է բարեկարգվեն: Ջրի հարցն էլ, ըստ Գեղեցիկ Սարհատյանի, հատկապես ամռանն է սրվում: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը կարծում է՝ եթե օր առաջ համայնքների միավորումը տեղի ունենա, կկարողանան գյուղի համար մեծ հարցեր լուծել, սուբվենցիոն ծրագրերից էլ օգտվել: Բարեկարգ ճանապարհներն իրենց հետեւից զբոսաշրջիկներ էլ կբերեն.
Լուսահովիտը մեկն է այն 18 գյուղական համայնքներից, որոնք պետք է միավորվեն Իջեւանին: Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 6-ին կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Այդպիսով Տավուշի մարզում պետք է խոշորացվեր եւս մեկ համայնք, որով այս մարզում կավարտվեր խոշորացման գործընթացը: Միավորվելով՝ Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն համայնքները պետք է դառնային մեկ՝ Իջեւան խոշորացված համայնք: Սակայն Իջեւանի խոշորացման գործընթացն այդպես էլ ավարտին չհասցվեց՝ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի չունենալու պատճառով:
Ի տարբերություն այլ՝ «փնջային մոդելի», որն ավելի փոքր խոշորացում է իրենից ենթադրում, Իջեւանում համայնքները միավորվելու էին «շրջանային մոդելով»: Գործընթացի հետաձգումը ոչ միայն միավորման ենթակա գյուղական համայնքներում է ծրագրերը ու մարդկանց՝ ավելի բարեկեցիկ ապրելու շանսը հետաձգել, այլեւ շրջկենտրոնում՝ Իջեւանում:
Իջեւան համայնքի ավագանու անդամ Արման Ղալթաղչյանը անհրաժեշտություն համարելով համայնքների խոշորացման ծրագիրը, Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ թվարկված գյուղերից միայն 4-5-ն են, որոնք փոքր-ինչ ի վիճակի են սեփական եկամուտներով համայնքի համար ինչ-որ հարց լուծել: Մնացածի պարագայում համայնքի բյուջեն աշխատավարձեր վճարելուն է բավականացնում եւ այդպես էլ գյուղի համար կարեւոր խնդիրները՝ ճանապարհների բարեկարգում, ոռոգման ու խմելու ջրի, գյուղտեխնիկայի, լուսավորության, աղբահանության հարցերը տարիներով մնում են անլուծելի:
Նրա խոսքով, Իջեւանի տարածաշրջանում ամենամեծ խնդիրներից մեկը աղբահանության հարցն է. ո՛չ աղբատեղի ունեն, ո՛չ էլ՝ աղբահանության համակարգ ու տեխնիկա, աղբամաններ. ով որտեղ կարողանում է աղբը թափում է՝ աղտոտելով շրջակա միջավայրը: Արման Ղալթաղչյանի խոսքով՝ սպասում են խոշորացմանը. որպեսզի աղբանահության համակարգ ներդնեն ու աղբի վերամշակման ծրագրեր անեն:
Իջեւան համայնքի ավագանու անդամը եւս գտնում է, որ գործընթացի կասեցումը հետ է գցում համայնքի բնակիչների կյանքը. «Շատ համայնքներ կարիք ունեն ջրատարների վրա աշխատող տրակտորների, որոնք գյուղերն իրենց փոքրիկ բյուջեներով չեն կարողանում ձեռք բերել»,-ասում է Արման Ղալթաղչյանը՝ նշելով, որ Իջեւանը նույնպես նման տեխնիկա չունի, եւ անհատ մարդկանցից խնդրում են, որպեսզի այս կամ այն հարցը լուծեն: Բայց Իջեւանը եւ նրան միավորված համայնքները համատեղ բյուջեով կարող են անհրաժեշտ տեխնիկան ունենալ: Իջեւանում, հարակից գյուղերում լուսավորության հարցը մասամբ է լուծված: Ավագանու անդամն ասում է՝ սպասում էին միավորման, որպեսզի լուսավորությանը ցանցը լիարժեք դարձնեին:
«Շատ հարցեր ունենք, որոնք պետք է լուծենք, բայց անորոշ ժամկետում է, չգիտենք՝ երբ կլինի: Այս տարի պետք է միավորման գործընթացն ավարտեն: Ժամկետները շատ են հետաձգվել. այլեւս հետաձգելու տեղ չկա»,-ասում է Արման Ղալթաղչյանը: Նրա խոսքով, այս օրերին միջազգային մի ծրագիր են քննարկում, որը սակայն խոշորացված համայնքի համար է նախատեսված: Եթե առաջիկայում միավորման գործընթացը չվերսկսվի, հնարավոր է այդ ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ առաջանան: Ասում է՝ ափսոս է, եթե ծրագիրը չեղյալ հայտարարվի. մի քանի միլիոն դոլարանոց ֆինանսական աջակցություն է, որով նախատեսվում է աղբահանության տեխնիկա եւ աղբարկղեր, եւ մի քանի գյուղերի համար էլ ջրամատակարարման խնդիրների հարցերը լուծել: Արման Ղալթաղչյանի խոսքով, բոլոր համայնքների ղեկավարների հետ միավորման հարցը քննարկել են, որեւէ մեկը դեմ չէ:
Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Բորիս Թանանյանը գտնում է, որ խոշորացման գործընթացը ձգձվել է օբյեկտիվ պատճառներով՝ պատերազմ, հավարակ, եւ, եթե ոչ մի խանգարող հանգամանք չլինի, այս տարվա աշնանը Իջեւանն էլ կխոշորանա: Նրա խոսքով, համայնքների միավորման նպատակն է ֆինանսական ռեսուրսները միավորել եւ առանձին համայքներում ծառայություների մատուցումը բարելավել. «Գյուղական համայնքները փոքր են եւ նրանց ունեցած ֆինանսական ռեսուրսները այնքան սուղ են, որ հնարավոր չէր փոքր գյուղերում լուրջ հիմնախնդիրներ լուծել՝ ոռոգման ցանց կառուցել, ճանապարհներ բարեկարգել, այլ ծառայություներ մատուցել: Միավորելով այդ բոլոր ֆինանսական ռեսուրսները՝ ավելի արդյունավետ կարող են օգտագործել եւ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել»,-ասում է Իջեւանի համայնքապետարանի պաշտոնյան: Նրա խոսքով, խոշորացումը նաեւ ենթադրում է խոշարացված համայնքի լիազորություների ընդլայնում, մինչդեռ գյուղական համայնքները հիմնականում դոտացիաներ են ստանում եւ դրա մեծ մասը գնում է համայնքի աշխատակիցների աշխատավարձերին:
Բորիս Թանանյանը գտնում է, որ իրենց համայնքների համար ընտրված մոդելը՝ «շրջանայինը», ճիշտ տարբերակ է: Բայց գործընթացի հետաձգումը թույլ չի տալիս բնակիչների համար կարեւոր խնդիրներ լուծել: Ըստ նրա Իջեւան համայնքում էլ շատ խնդիրներ կան՝ սկսած փողոցների բարեկարգումից, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումից. «Այնպիսի խնդիրներ են, որոնք հնարավոր չէ միայն համայնքի ուժերով իրականացնել: Խոշորացված վիճակում կարող ենք ճիշտ է՝ ոչ միանգամից, բայց մաս-մաս համատեղ ջանքերով ու միավորված ֆինանսական միջոցներով այդ խնդիրները լուծել»: Ըստ Բորիս Թանանյանի, Իջեւանին միավորման ենթակա գյուղերի վարելահողերի մեծ մասը ոռոգման ցանցեր չունեն. «Կառավարության որոշմամբ նախատեսված է այս տարի աշխատանքներ իրականացնել հենց այդ ուղղությամբ, եւ կարծում եմ, խոշորանալով, այդ գործընթացն ավելի արագ ու արդյունավետ կստացվի: Ոռոգման դաշտերի, ցանքատարածությունների մեծացմամբ էլ բնակչությունն էլ բավականին եկամունտեր կունենա, գյուղերի բնակիչների կենսամակարդակը որոշ չափով կբարձրանա»:
Նշենք, որ ներկայումս Իջեւանի խոշորացվող 3 գյուղերում համայնքի ղեկավարի լիազորությունները լրացել են, պաշտոնակատարներ են: Ըստ ավագանու անդամ Արման Ղալթաղչյանի՝ լավ է գոնե ավագանիների լիազորությունները դեռ չեն ավարտվել, հակառակ դեպքում համայնքները շատ ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնեին. բնակիչների համար կարեւոր որոշումները կմնային առանց հաստատման:
«Խոշորացման գործընթացը կանգնեցնելը, իրոք, շատ վատ է, որովհետեւ դրանից հետո ապակենտրոնացման գործընթաց պետք է իրականացվեր, ցանկացած կեսից կանգնած գործը հետագա անելիքներին խանգարում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ, փորձագետ Վահան Մովսիսյանը: Նրա խոսքով, մեր երկրում արդեն ունենք առաջին փուլում խոշորացված համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ժամկետի լրացում, եւ շուտով այդ խոշորացված համայնքներում երկրորդ ընտրություններ են տեղի ունենալու. «Ինչո՞ւ, որովհետեւ տեղական ինքնակառավարումը 5-րդ տարվանից հետո նշանակում է, որ մենք այլեւս ավագանի չենք կարող ունենալ, որովհետեւ ավագանու լիազորությունները ոչ մեկը չի կարող երկարացնել: Ավագանու համար ՀՀ Սահմանադրությունը սահմանում է 5 տարի ժամկետ: Հետեւաբար, այն ավագանիների ժամկետը եթե լրացել է, երկարացնել այլեւս հնարավոր չէ, ավագանին լուծարվում է: Այսինքն՝ կարեւորագույն խնդիրների լուծման համար այլեւս չունենք այն լուրջ, կարեւոր տեղական ինքնակառավարման մարմինը, որը պետք է տնօրինի, հաստատի, որոշի, եւ սա շատ վատ է: Սրա հետ միասին նաեւ վատ է, որ մենք ունենք բազմաթիվ համայնքներ, որտեղ լրացել են համայնքի ղեկավարի լիազորությունները: Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալիս օրենսդրորեն իրավունք է տրվում կառավարությանը կամ մարզպետին նշանակելու լիազոր ներկայացուցիչ: Բայց ի՞նչ է նշանակում նշանակել լիազոր ներկայացուցիչ: Լիազոր ներկայացուցիչ նշանակում են այն դեպքում, երբ համայնքի ղեկավարն իր կամքով է գնացել կամ՝ օրենքով ստիպել են, որ գնա կամ՝ հանցագործ է եղել: Այս պարագայում նման բան չկա, մարդիկ պարտաճանաչ իրենց 5 տարին աշխատել են եւ չեն վերընտրվել կամ ընտրության չեն գնում միայն նրա համար, որ երկրում հնարավոր չէ ընտրություններ կազմակերպել»:
Ըստ Վահան Մովսիսյանի, կամ պետք է այդ մարդկանց լիազորություններն այդքանով երկարացվեր, այսինքն՝ հենց նրանց նշանակել պաշտոնակատար կամ, եթե տվյալ համայնքի ղեկավարը չի ցանկանում, նրա փոխարեն նշանակել տեղակալին, բայց անթույլատրելի է տվյալ համայնքում բերել հանրության կողմից չճանաչված մեկին, որն ընտրական գործընթացներով երբեք չի անցել, հատկապես՝ համայնքում ավագանի էլ չկա. «Դա այնքան էլ ճիշտ չէ, եթե չասենք՝ կոպիտ սխալ է: Ոչ իրավական առումով, իրավաբանորեն օրենքն ասում է՝ այո, համայնքի ղեկավարի ժամկետը լրանալուց հետո մինչեւ ընտրություններ կարելի է նշանակել պաշտոնակատար, ինչը եւ արվել է»: Պարոն Մովսիսյանի խոսքով այս գործընթացը հարկավոր էր շատ արագ կերպով ավարտել. «Իհարկե համավարակն ու պատերազմական իրավիճակը խանգարեցին, բայց նաեւ մտածում եմ, որ, եթե մեծ ցանկություն լիներ, որոշ համայնքներում խոշորացումը հնարավոր կլիներ շարունակել: Այն հատվածները, որոնք պատերազմական բուն գծին մոտ էին, գրեթե բոլոր այդ համայնքներն արդեն խոշորացված էին: Բայց նաեւ այս պատերազմը ցույց տվեց, թե որքան կարեւոր էր այդ համայնքների խոշորացումը: Թե ինչքան կարեւոր էր, որ մենք այդ տեղում ունեինք ուժեղ իշխանություն եւ ոչ թե մի փոքրիկ գյուղ, որը հայտնի չէ՝ ոնց էր կոորդինացնելու դեռ չեմ ասում պատերազմական գործողությունը, այլ, նույնիսկ փախստականների ընդունելը, նրանց հետ աշխատելը, այդ մարդկանց տեղավորելը եւ այլ հարցեր: Այս ամենի համար ուժեղ իշխանություն է պետք, այդ ուժեղ իշխանությունը հենց խոշորացված իշխանությունն է»:
Վահան Մովսիսյանը գտնում է, որ խոշորացման գործընթացի հետաձգումը այլ վտանգներ էլ է պարունակում. «Նոյեմբերին լինելու են այն հիմնական ընտրությունները, որոնց մասնակցում է Հայաստանի համայնքների գերակշիռ մեծամասնությունը՝ 80 եւ ավել տոկոսը: Ներկայիս համայնքի ղեկավարների եւ ավագանիների համայնքների մեծամասնությունում լիազորությունները նոյեմբերին լրանում են եւ, եթե մենք չենք կողմնորոշվում՝ ի՞նչ ենք անում նոյեմբերին, եւ, եթե մտածում ենք, որ խոշորացումը պետք է անենք նոյեմբերից հետո, սա նշանակում է, որ մի հատ նոյեմբերին պետք է ընտրություն անենք այդ համայնքներում, որովհետեւ նրանց ժամկետը լրանում է, հետո, մի հատ էլ խոշորացնելուց հետո ընտրություն կազմակերպենք: Կամ՝ պետք է Հայաստանում համատարած ունենանք պաշտոնակատար: Երկուսն էլ վատ է եւ դրա համար հարկավոր է քաղաքական կողմնորոշում, քաղաքական հայտարարություն: Ինչ-որ մեկը պետք է վեր կենա ասի՝ ի՞նչ ենք անելու, անո՞ւմ ենք նոյեմբերին այդ խոշորացումը թե չենք անում»:
Կառավարության էլեկտրոնային՝ e-draft.am կայքում տեղադրված է խոշորացվող համայնքների ցանկը: Ցանկը կա, բայց ե՞րբ է դա տեղի ունենալու, ո՞նց է լինելու, արդյոք այդ համայնքների բնակիչների հետ խոսվե՞լ է, հանդիպումները եղե՞լ են, չե՞ն եղել. հայտնի չէ: Կառավարության պատասխանատուներից փորձագետն ակնկալում է այս հարցերի պատասխանները. «Ինչ-որ մեկը պետք է խոսի այս մասին, ինչո՞ւ. հատկապես հիմա պետք է խոսվի այս մասին, որովհետեւ առջեւում ընտրություններ են, մարդը պետք է կողմնորոշվի՝ ո՞ւմ ձայն տա: Ես պետք է իմանամ՝ որ քաղաքական ուժերն ինչպե՞ս են վերաբերվում խոշորացման գործընթացին: Որովհետեւ, խոշորացում դա նշանակում է ապակենտրոնացում, մարզպետական ինստիտուտի թուլացում, կրճատում»,-ասում է Վահան Մովսիսյանը:
Վահան Մովսիսյանը գտնում է՝ օր առաջ պետք է անել եւ ավարտին հասցնել խոշորացման գործընթացը, որպեսզի փոքր համայնքներն էլ կարողանան օգտվել այն ծրագրերից, որոնք իրականացվում են արդեն միավորված համայնքներում. «Եթե համայնքը փոքրիկ է, անտեր է, ե՞րբ պետք է հավաքի թեկուզ մի 5 միլիոն դրամ, որ մի հինգ էլ պետությունը տա՝ գյուղում մի հարց լուծեն: Խոշորացված համայնքում ոչ թե 5, այլ 50 միլիոն դրամ կարելի է գտնել: Հետեւաբար, համայնքը մի փոքր ծրագրին 50 միլիոն էլ դրսից է կարողանում բերել: Սա նշանակում է մեծ գումար եւ ամեն համայնքում ինչ-որ մի հարց կլուծվի, որոնք անցած 25 տարում, համենայնդեպս, չեն լուծվել: Եթե չենք խոշորացնում՝ նշանակում է այդ փոքրերը այդպես էլ պետք է մնան եւ ստացվում է անհավասար իրավիճակ. այն համյանքները, որոնք ժամանակին ներառվեցին ցանկում՝ օգտվեցին: Փոքր համայնքները հիմա իրենց հերթին են սպասում՝ ե՞րբ պետք է իրենց հերթը գա, որ կարողանան ծրագրեր անել: Նրանցից մեծամասնությունն արդեն ոչ միայն հաշտվել է խոշարցման մտքի հետ, այլեւ ուզում է, որովհետեւ բնակիչները տեսել են, որ խոշոր համայնքի կազմում լինելը իրենց ենթակառուցվածքների համար օգուտ է եւ սա իրոք, խնդիր է»:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ասում է՝ 2021 թվականի մարտի 14-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ցավոք սրտի, չկացան՝ ռազմական դրությամբ պայմանավորված, ինչի հետեւանքով միավորված 3 համայնքներում՝ Սյունիքի մարզի Տաթեւում, Լոռու մարզի Թումանյանում եւ Տավուշի մարզի Դիլիջանում այսօր ունենք համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ, ինչն օրենքի շրջանակներում է, բայց ավագանի չունենք: Ըստ նախարարության պաշտոնյայի, ավագանին չի կարող պաշտոնակատար լինել, նա միայն ընտրական ձեւաչափով է կայանալու:
Նշյալ 3 միավորված համայնքներում ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի գարնանը: Համայնքների խոշորացման հաջորդ փուլն, ըստ Աշոտ Գիլոյանի, 2016 թվականի աշնանն էր, երբ 18 համայնքներ միավորվեցին տարբեր մարզերում: 3-րդ փուլը 2017-ին էր: Այդ տարեթվին տեղի ունեցավ հերթական՝ 34 համայնքների միավորումը տարբեր մարզերում, ինչի արդյունքում արդեն 2017 թվականին 915 համայնքի փոխարեն ունեինք 502 համայնք, որից 52-ը միավորված էին: Ըստ պարոն Գիլոյանի, օրենքով ու կառավարության որոշումներով Իջեւանն իր 18 գյուղերով ու Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքներն էլ են միավորված, բայց քանի դեռ խոշորացված այդ երկու համայնքներում ընտրություններ տեղի չեն ունեցել, նրանք համարվում են առանձին համայնքներ:
Իսկ ընտրություները տեղի չեն ունեցել՝ պայմանավորված COVID-19 համավարակով եւ 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմով: Աշոտ Գիլոյանը համամիտ չէ փորձագետ Վահան Մովսիսյանի այն կարծիքին, որ, եթե կառավարությունն ուզեր՝ համավարակի ու պատերազմի պայմաններում էլ նախատեսված ՏԻՄ ընտրությունները կկազմակերպեր, քանի որ դրանք ոչ թե համապետական, այլ լոկալ ընտրություններ էին եւ խիստ կարեւոր: «Մեր օրենսդրությամբ, ռազմական դրության, արտակարգ իրավիճակների ժամանակ ընտրություներ թե՛ համապետական, թե՛ տեղական ինքնակառավարման չեն կարող տեղի ունենալ»,-հակադարձում է պարոն Գիլոյանը:
Նրա խոսքով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանում է տարվա ընթացքում մինչեւ 4 օր ՏԻՄ ընտրությունների օր: Այս տարի ԿԸՀ-ն սահմանել էր 3 օր, մեկը գարնանը՝ մարտի 14-ին, մյուս երկուսն աշնանը: Աշոտ Գիլոյանի խոսքով, գարնան մարտի 14-ի ընտրությունները չեն կայացել, որովհետեւ ռազմական դրությունը չէր ավարտվել եւ հնարավոր չէր ընտրական գործընթացը կազմակերպել. «Ռազմական դրությունն առնվազն 70 օր առաջ պետք է ավարտվի, որպեսզի ընտրական հանձնաժողովն այդ ընթացակարգերին համապատասխան կարողանա կազմակերպել այդ ընտրական գործընթացը: Հիմա մնացել են աշնան ընտրությունները, որոնք նշանակված են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ընտրական հանձնաժողովն ունի 4-րդ օր նշանակելու իրավունք: Կնշանակի թե չէ՝ կախված է գործընթացներից»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը գտնում է, որ գործընթացի հետաձգումը խնդիրներ է առաջացնում համայնքների համար: Նրա խոսքով, երբ ընտրությունները չեն կայանում, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չունի այն պատասխանատվությունը, ինչ ընտրված լինելու դեպքում:
Ե՞րբ վերջապես կավարտվի համայնքների խոշորացման ծրագիրը մեր երկրում հարցին, Աշոտ Գիլոյանն ասում է՝ ծրագրված է, որ այս տարի այդ բարեփոխումներն ավարտենք. «Արտահերթ խորհրդարանական ընտրություներից անմիջապես հետո պետք է գործընթացն ավարտենք: Կարծում ենք՝ որքան շուտ ավարտենք, այնքան արդյունավետ կլինի թե՛ պետության, թե՛ համայնքների համար: Համայնքների միավորման գործընթացից հետո մեր երկիրը պետք է գնա լիազորությունների ապակենտրոնացմանը, ռազմավարության, հայեցակարգերի ընդունմանը: Եվ մի շարք լիազորություններ՝ ծառայություններ, գործառույթներ, որ այսօր պետությունն է իրականացնում, կիրականացնեն համայնքները: Այդ ծառայությունները որքան մոտ են բնակչին, այնքան դրանք ավելի արդյունավետ ու որակով են մատուցվում: Սկսած հանրակրթական, առողջապահական ոլորտներից, ճանապարհների բարեկարգումից ու շահագործումից՝ այդ ծառայությունները միավորումից հետո աստիճանաբար պետք է փոխանցենք համայնքներին: Չի կարող երկրի կեսից ավելի համայնքները միավորված լինեն, մյուս կեսը մնա առանձին տրամաբանությամբ»:
Հեղինակներ՝
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ, Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ, Նելլի ԲԱԲԱՅԱՆ օպերատոր՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Aravot.am