Ջերմուկ քաղաքն իր առողջարաններով, չքնաղ բնությամբ ու հյուրընկալ բնակչությամբ գրավում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող մարդկանց: Այստեղ, թերևս, ամենահին «Արմենիա» առողջարանում կարելի է տեսնել բժիշկ-օրդինատորի կաբինետի մոտ հավաքված մարդկանց` հայ, ռուս, ղազախ: Նրանք բոլորը սպասում են մեկին` բժշկուհի Հասմիկ Սարգսյանին:
Հավանաբար այդ մտահոգությունն էլ նրան ուղղորդեց քաղաքականություն: Հասմիկ Սարգսյանը ծնվել և մեծացել է Ջերմուկ քաղաքում, ուստի տեղյակ է քաղաքի խնդիրներին: Աչք, ականջ ու հիշողություն ունեցող մարդու համար, որ զգում է կյանքի փոփոխությունը, զարգացումը կամ հետընթացը, քաղաքի ավագանու կազմում անելիք շատ կա: Նա գիտի, թե որ խնդիրներն են առաջնահերթ, հրատապ լուծում պահանջող, բայց նաև հասկանում է, որ երկրորդական խնդիրներ չկան, որ պարտավորվել է մարդկանց կյանքը դարձնել հնարավորինս բարեկեցիկ:
«Չեմ զղջում, որ միաժամանակ նաև ավագանու անդամ եմ: Բժիշկ լինելով` քաջատեղյակ եմ ոչ միայն բնակիչների առողջական, այլև սոցիալական խնդիրներին: Բնակիչներին հանդիպում եմ ոչ միայն առողջարանում, այլև փողոցում, քաղաքապետարանում: Ինքս լինելով ջերմուկցի, քաջածանոթ եմ համայնքի գրեթե բոլոր խնդիրներին, որոնց մասին ոչ միայն բարձրաձայնում եմ ավագանու նիստերի ժամանակ, այլև հետևողական եմ դրանց լուծմանը»- ասում է Հասմիկ Սարգսյանը:
Ավագանու անդամի խնդիրը, սակայն, Ջերմուկ քաղաքով չի սահմանափակվում: Համայնքների խոշորացման արդյունքում Ջերմուկ քաղաքը դարձավ կենտրոն Հերհեր, Կարմրաշեն, Կեչուտ և Գնդևազ գյուղերով հանդերձ, որտեղ ճանապարհների, ոռոգման ջրի, գյուղմթերքի իրացման խնդիրները նույնն են, ինչ Հայաստանի մյուս բոլոր գյուղերում:
Նախկինում միջհամայնքային անբարեկարգ ճանապարհներն այսօր նորոգվում են, համայնքերի բնակիչների, մասնավորապես կանանց համար հաճախ կազմակերպվում են «բաց դռների օր» միջոցառումները, ավագանու նիստում առաջարկվել է հարակից գյուղերում ստեղծել սառնարանային տնտեսություն, սպանդանոց:
Ի դեպ, «բաց դռների օր» միջոցառումների ավանդույթը Հասմիկ Սարգսյանը ներդրել է դեռևս Ջերմուկի «Գլաձոր» առողջարանում աշխատած տարիներին, երբ համակուրսեցիների հետ քաղաքի կանանց համար կազմակերպում էր անվճար հետազոտություններ, կատարում փոքրիկ վիրահատություններ, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում այլ մասնագետների մոտ:
Համայնքների խոշորացման արդյունավետության մասին խոսելիս` Հասմիկ Սարգսյանը նշում է, որ գնահատականներ տալու համար դեռևս վաղ է, քանի որ շատերը համայնքում դեռևս հստակ չեն պատկերացնում ողջ գործընթացը:
Ավագանու անդամը համոզված է, որ հանրապետության այլ մարզերի բնակչության համեմատ ջերմուկցիների վիճակն անհամեմատ բարվոք է, քանի որ 1990-ական թվականներից ի վեր վերագործարկվել են քաղաքի բնակչությանը աշխատատեղերով ապահովող առողջարանները, «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը, քաղաքում իրականացվել է գազաֆիկացում, սակայն այսօր զբաղվածությունն ու արտագաղթը քաղաքի առաջնային խնդիրներից են:
Հասմիկ Սարգսյանը համայնքային խնդիրների լուծման գործում կանանց մասնակցության վերաբերյալ միանշանակ վերաբերմունք ունի.
«Բոլոր ժամանակներում կանայք միշտ էլ հավասար քայլել են տղամարդկանց հետ, եթե հիմնարկի ղեկավարը տղամարդ էր, տեղակալն անպայման պետք է կին լիներ: Եկեք չմոռանանք, որ կանայք տիեզերք էին թռչում, Ջերմուկ քաղաքի հատակագծի հեղինակը եղել է վաստակավոր շինարար Պերճուհի Մսրյանը: Սակայն հետխորհրդային տարիներին կանայք, ապրելակերպով պայմանավորված, դարձան պասիվ: Այսօր նրանք այնքան էլ ակտիվ չեն, դժվար է փոխել նրանց մտածելակերպը, հավատացնել, որ իրենք հավասար են տղամարդկանց: Կարծում եմ, որ կանայք ավելի ակտիվ պետք է լինեն, չէ ՞ որ կինը ընտանիքի մայր է, օջախի տիրուհի, նրա մասնակցությունն ու հարցերի լուծման իր ունակությունը բոլոր խնդիրներում էական են: Նրանք ավելի պատասխանատու են, նկատում են ցանկացած մանրուք: Այսօր ջերմուկցի կնոջ հոգսը շատ ավելին է, քան նախկինում»,- ասում է Հասմիկը:
Հասմիկ Սարգսյանի համար երիտասարդների խնդիրը մշտապես եղել է առաջնահերթ: Նախքան ավագանու անդամ ընտրվելը` երիտասարդների հետ շփումը, նրանց հոգսերին ականջալուր բժշկուհուն մտահոգել է, մասնավորապես, երիտասարդ ընտանիքների հարցը: Խորհրդային տարիների բնակարանաշինության դադարեցումը անկախացած Հայաստանում երիտասարդ ընտանիքների քանակը նկատելիորեն կրճատեց: Այս օրերին արտագաղթը Ջերմուկի ամենացավոտ խնդիրներից է, իսկ այն կանխելու համար աշխատատեղերի ստեղծումը հրատապ է:
Բժիշկ ավագանու մտահոգությունը նաև բնակչության առողջությունն է, որը վատթարացել է հանքավայրի շահագործումից ի վեր և որի հետևանքով ավելացել է օնկոլոգիական հիվանդությունների թիվը:
Ջերմուկ քաղաքի ավագանին նամակով դիմել է ՀՀ կառավարությանը` հանքավայրի շահագործումը դադարեցնելու պահանջով, գտնելով, որ «հանքավայրի շահագործումը վնասում է համաշխարհային համբավ ունեցող եզակի հանքային ջրերով հարուստ առողջարանային քաղաքի վարկանիշը»:
Անուշ Ներսիսյան