Loading

Դեպի Աբլար Ուխտագնացները

Կուլիկամի երիտասարդները Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի գլխավորությամբ ուխտագնացություն կատարեցին Աբլարի Սուրբ Ելենա եկեղեցի:

Ուխտագնացությունն սկսվեց Կուլիկամ գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցուց:

Տեր Նարեկը հանգամանալից ներկայացրեց Աբլար գյուղատեղիի և եկեղեցու պատմությունը:

Ուխտագնացները ծանոթացան հայրենի երկրի պատմամշակութային և հոգևոր արժեքներին, լսեցին Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի մեկնաբանությունները Ջավախքի եկեղեցական կառույցների ճարտարապետական առանձնահատկությունների վերաբերյալ: Ինչպես նաև զրուցեցին եկեղեցական տոների՝ Վարդավառի, Տիառնընդառաջի, Ծաղկազարդի մասին:

Աբլար գյուղատեղին պատկանում է Կուլիկամ գյուղին և գտնվում է գյուղից հյուսիս-արևելք` 3 կմ հեռավորության վրա։ Գրավոր աղբյուրներում միջնադարյան գյուղի մասին առաջին հիշատակություններից մեկը վերաբերվում է 1595 թվականին, որպես ռայաներից ազատ և 2500 աչկե հարկ մուծող գյուղ։ Աբլարի տարածքում պահպանվել են կիսավեր, միանավ եկեղեցին (11.50-6.11մ) և գերեզմանոցը։ Վերջինում առկա են քառակող կոթողների պատվանդաններ և խոյաձև տապանաքարեր։

Աբլարը հայտնի է ոչ միայն իր սառնորակ ջրերով, այլև սրբավայրերով: Այստեղ է գտնվում Սուրբ Ելենա կիսավեր եկեղեցին: Եկեղեցուց որոշակի հեռավորության վրա է գտնվում «Յոթ ախպար» ուխտատեղին: «Յոթ ախպար»՝ քանի որ այստեղ յոթ խաչքար կա, իսկ խաչքարերի մեջտեղից ջուր է հոսում: Ըստ լեգենդի, այն մարդը, ով այստեղից յոթ բաժակ ջուր խմի, նրա երազանքը կիրականանա:

Աբլարը ոչ միայն ուխտատեղի է, այլև հանգստյան գոտի:

Տարվա յուրաքանչյուր եղանակի այստեղ կարելի է հանդիպել, ինչպես ուխտավորների, այնպես էլ իրենց հանգիստը բնության գրկում անցկացնողների:
Created By
Zhanna Chogandaryan
Appreciate