Այսօր, ապրիլի 1-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Հարության պատարագ մատուցվեց: Մեր Փրկչի Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:
«Շնորհավորում եմ այս Սուրբ օրվա կապակցությամբ: Հայ Առաքելական եկեղեցին, մեր բազմերանգ և բազմազգ երկրի մի մասն է, ինչը ևս մեկ ապացույց է մեր երկրի ուժեղության և հաջողության։ Վրաստանի կառավարությունը ուժ չի խնայի, որպեսզի հայ ազգը պաշտպանի իր ինքնությունը, լեզուն, մշակույթը և ավանդույթները»,- ասաց Հաշտեցման և քաղաքացիական հավասարության փոխնախարար Լաշա Դարսալիան:
Սուրբ Զատիկի տոնը գալիս է դեռեւս նախաքրիստոնեական ավանդույթից, բայց այն ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Զատիկի խորհուրդը պահպանվել է մինչ օրս, այն խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածնունդը, հարությունը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ զատկական սեղանի շուրջ օրհնվեցին Զատիկի խորհրդանիշ կարմիր ներկած հավկիթները և բաժանվեցին հավատացյալներին:
Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:
Ջավախքի յուրաքանչյուր գյուղ իր զատկական ավանդույթն ունի: Կուլիկամ և հարևան գյուղերի բնակիչները Զատկական տոնին ուխտի են գնում Աբլար: