Ինչո՞ւ բարդ Կոմիտաս
Կոմիտասն ամենաբարդ ու ամենաողբերգական ճակատագիր ունեցող անհատներից է, որի թողած լուսավոր ժառանգությունը անգնահատելի է: Արշակ Չոպանյանի բնորոշմամբ` Կոմիտասը հայկական երաժշտության փրկիչն է, Պարույր Սեւակի խոսքերով` Ամենայն հայոց երգի վեհափառը: Կյանքի տարբեր փուլերում Կոմիտասին միշտ ուղեկցել են դժվարություններն ու տառապանքը: Վաղ տարիքից նա կրել է որբության դառնությունը: Երիտասարդ տարիքում հալածվել է Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգեւորականների կողմից: 1915 թ. ապրիլին Օսմանյան կառավարության կողմից Կոմիտասն այլ հայ մտավորականների հետ ձերբակալվել ու աքսորվել է բանտարկյալների ճամբար, ապա հայտնվել է Փարիզի հոգեբուժարաններից մեկում, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն: Կա տեսակետ, որ նա խելագարվել է` չդիմանալով Հայոց ցեղասպանության վշտին, բայց քիչ չեն հակառակ տեսակետի կողմնակիցները:
«Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը պնդում է, որ Կոմիտասը մահացել է Փարիզի ամենաաղքատիկ հոգեբուժարանում, փայտյա կոշիկից դուրս ցցված ժանգոտ մեխից ստացած արյան վարակից: Նրա խոսքերով, ազգի ամոթն է, որ հայ մեծահարուստներից որեւէ մեկը ձեռք չի մեկնել հանճարին. «Դեռ պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ Կոմիտասին սպանելուց հետո չամլացանք , Խաչատրյան ու Տերտերյան ունեցանք, որովհետեւ, երբ ազգը որպես հոգեւոր միավոր մահանում է, իբրեւ կենսաբանական տեսակ արդեն մահացած է»:
Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում ընդգկվելու ժամանակ խնդիրներ են առաջացել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի արդեն նախկին գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանի խոսքով, Հայաստանի հայտը դժվարությամբ է հաստատվել: Թուրքիան փորձել է խոչընդոտել՝ շահարկելով այն փաստը, որ Կոմիտասը Թուրքիայի տարածքում է ծնվել։ Հայաստանը դժվարությամբ, բայց կարողացել է անցկացնել հայտը՝ ներկայացնելով այն Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ համատեղ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է, որ Կոմիտասն ու Թումանյանն այն անհատները չեն, որոնց պետք է անդրադառնալ միայն հոբելյանի շրջանակում:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը հռետորական հարց է հնչեցնում՝ մենք նույնկերպ հպարտանում ե՞նք Կոմիտասով, ինչպես ավստրիացիները՝ Մոցարտով:Ինքն էլ պատասխանում է իր հարցին․«Հայաստանում չկա նույն ոգեւորությունը. ամեն տարի զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից մեկնում են Վիեննա` Մոցարտի միամսյակին մասնակցելու: Բոլորը Մոցարտով են ապրում:Այդպիսով իրենք ամբողջ աշխարհին ասում են, որ Մոցարտը համամարդկային կոմպոզիտոր է, եւ նրան Վիեննան է ծնել»:
Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքերով, իրենք հավուր պատշաճի են ներկայացնում Կոմիտասին: Ի թիվս այլ միջոցառումների, ամեն տարի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը անցկացնում են «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը, որը մեկտեղում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող երաժշտագետների:Նիկոլայ Կոստանդյանն ասում է, որ հոբելյանական տարում Կոմիտաս թանգարան-ինստիտուտն ունեցել է ավելի քան 24000 այցելու՝ ողջ աշխարհից: Այցելուների թվով առաջին տեղում Ֆրանսիան է, ապա՝ Գերմանիան, Ռուսաստանն ու Ճապոնիան: Ընդ որում, ճապոնացի այցելուները հիմնականում երաժիշտներ ու երաժշտագետներ են:
Շվեցարաբնակ երաժիշտ Թամար Էսկենյանը Կոմիտասի ազգականներից է(պապի մեծ մայրը Կոմիտասի զարմիկն էր)։ Շվի, սրինգ, ֆլեյտա նվագող Թամարն ու ջութակահար եղբայրը՝ Շանթը, այդ երկրի երաժիշտների հետ համերգներով շրջում են աշխարհով մեկ, կատարում Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր երգերը։ Շանթը նվագում է Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունները: Թամարի կարծիքով, վարդապետը արտասահմանում լավ է ներկայացված: Նա պատմում է, որ երբ Կորեայում կատարում էր Կոմիտասի «Հով արեք» ստեղծագործությունը, ամբողջ դահլիճն էր երգում։
Տարբեր ազգերի ներկայացուցիչներ Կոմիտաս են երգում
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կարծիքով, «Հայաստանը թաղված է արեւելյան կլկլոցների մեջ, ու եթե կոմիտասյան գոնե 2-3 երգ ողջ հայությունը երգի, կփրկվի: Այդ երգերից են՝ «Սոնա յարը», «Հոյ Նազանը», «Զար Զընգըն»: Կոմիտասն հորդորում էր փոքրիկներին ուրախ երգեր սովորեցնել, որպեսզի չհիվանդանան ու կարողանան թուր բռնել։ Այդպիսի երգերից է «Զար Զընգըն»,- ասում է Արթուր Շահնազարյանը։
Հարցախույզ. իսկ ի՞նչ գիտեն մեր համաքաղաքացիները Կոմիտասի մասին:
Կոմիտասը`հոբելյանական տարում
Ըստ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տեղեկանքի, Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակում պետբյուջեի միջոցներով իրականացվել է 28 միջոցառում՝ Երեւանում եւ ՀՀ մարզերում, Վրաստանում, Հունաստանում, Լիտվայում, Լատվիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Մեքսիկայում: Որոշ միջոցառումներ նվիրված են եղել Հովհաննես Թումանյանին եւ Կոմիտասին միաժամանակ: Հայոց մեծերի հոբելյանական միջոցառումների վրա ծախսվել է 327մլն 876000 դրամ:
Երգիչ, երգահան, «Կոմիտաս 150. հետգրություն» համերգ-ռադիոհաղորդման հեղինակ Վահան Արծրունին ասում է․ «Երաժիշտներս ակնկալում էինք կոմիտասյան համերգներով, միջոցառումներով ողողված տարի, մինչդեռ ԿԳՄՍ նախարարությունը սահմանափակվել է մի քանի միջոցառումներով: Մենք նախաձեռնել ենք 23 համերգային ծրագիր։ Կառավարությունը դրանք շրջանցել է և առաջարկել մի քանի միջոցառում՝ ՊՈԱԿ-ների մակարդակով։Կոմիտասյան տարվա վերաբերյալ մենք այլ պատկերացում ունեինք։ Բարեբախտաբար, Հանրային ռադիոն ընդառաջեց եւ լայն բացեց ձայնագրման ստուդիայի դռները: Ավելի քան 40 երաժիշտ 13,5 ժամ նյութ ձայնագրեցին: Ընթացքը տեւեց կես տարի, Կոմիտասյան տարին էլ փակեցինք մեծ համերգով՝ իբրեւ հետգրություն»:Ինչ վերաբերում է Կոմիտասի հանրահռչակմանը, Վահան Արծրունու խոսքով, դա ԿԳՄՍ նախարարության եւ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի ուսերին է․«Անցել է այն ժամանակը, երբ Կոմիտասի հանրահռչակումը ծանրացած էր անհատների եւ կոլեկտիվների ուսերին։Կոմիտասյան շարժումը համահայկական բնույթ է կրում նվիրյալների ջանքերով, եւ ցավոք, ԿԳՄՍ նախարարությունը դրա հետ որեւէ աղերս չունի»:
Նախագծի վրա աշխատել են Գոհար Հակոբյանը, Մելանյա Բարսեղյանը Նարեկ Ավագյանը: Օգտագործվել են լուսանկարներ՝ Վիքիպեդիայից, musicofarmenia.com կայքից, Վահան Արծրունու ֆեյսբուքյան էջից, կադրեր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տեսանյութից ու «Շապօ» շապիկների հոլովակից:
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: