Այս տարվա մարտին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի (CSW68) ընթացքում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլ ղեկավար անձինք թերևս առաջին անգամ լսեցին Հայաստանի Գյումրի քաղաքի մասին, այն էլ՝ ոչ թե որպես աղետի գոտու, այլ որպես կանանց ֆինանսական անկախությանն ուղղված ծրագրերի իրականացման կենտրոնի։
«Ֆինանսական անկախություն՝ հանուն գենդերային հավասարության և աղքատության հաղթահարման. կանանց հզորացում տնտեսական ներգրավվածության միջոցով» ծրագրի մասին ՄԱԿ–ի #CWS68-ին հարակից միջոցառման ընթացքում պատմեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը՝ ներկայացնելով իրենց գործունեության արդյունքները։ Նա CSW68 նստաշրջանին էր գործուղվել Հայաստանի պետական պատվիրակության կազմում։
«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց այդ բարձր հարթակից պատմել մեր իրականացրած շատ կարևոր ծրագրի մասին, որն ուղղված է միայնակ մայրերին դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ բերելուն։ Ծրագրի շահառու 300 կանանց տրամադրել ենք համապատասխան կրթություն, ապա աջակցել ստեղծելու համապատասխան ընկերություններ կամ գտնելու ոլորտային աշխատանք։ Հարյուրավոր հյուրեր և ունկնդիր կանայք լսեցին այդ ծրագրի և դրա մասնակիցներից մեկի՝ Արմավիրի մարզի բնակիչ Թամարայի մասին, որը ծրագրի ավարտից հետո արդեն իսկ ունի իր աշխատանքն ու կայուն եկամուտը։ Ծրագիրը և մոդելը, որով իրականացրել ենք այն, այնքան են հետաքրքրել միջոցառման մասնակիցներին, որ ես մինչ օրս նամակներ եմ ստանում՝ փորձի փոխանակման և հնարավոր համագործակցության վերաբերյալ»,– ասում է նա։
Թամարայի և հարյուրավոր այլ կանանց կյանքը փոխելը Ամալյայի հերթական նպատակներից մեկն է։ Նա իր փորձով է դուրս բերել հաջողության հասնելու գաղտնիքը։
Տարիներ առաջ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանող Ամալյա Եղոյանը որոշել էր՝ կավարտի բուհն ու կտեղափոխվի Գյումրուց Երևան:
«Կարծում էի, որ Գյումրիում անելիք չունեմ, որ ինձ նման մարդու համար այնտեղ հեռանկար չկա ու չի կարող լինել։ Բայց ամեն ինչ փոխվեց 2007-ին, երբ պատահաբար իմացա, որ Գյումրիում հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ ընդունարանի աշխատակցի թափուր հաստիք կա։ Այդ ժամանակ չորրորդ կուրսի ուսանող էի։ Որոշեցի փորձել, թեև բացարձակապես չէի սպասում, որ ինձ կընտրեն»,– պատմում է Ամալյան։
Ասում է՝ իր ճանապարհը՝ ընդունարանի աշխատակցից մինչև ԳՏՏԿ գործադիր տնօրենի պաշտոն բարդ էր, բայց շատ կարևոր։ Ամենադժվարը սկզբնական վախը հաղթահարելն էր, քանի որ շատ հեռու էր տեղեկատվական տեխնոլոգիաներից, ծրագրավորումից և մտածում էր, որ դա կարող է խանգարել իրեն կենտրոնի աշխատանքները կազմակերպելու գործում։
«Այդ ժամանակ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը ինձ ասաց՝ հիշիր, որ այս պահի որոշումդ քեզ ուղեկցելու է ամբողջ կյանքիդ ընթացքում։ Թերևս սա այն խորհուրդն էր, որ ինձ հաջողակ կին դարձրեց։ Որոշելով մաս դառնալ այն փոփոխությունների, որ բերեց կենտրոնը մեր քաղաքի համար, իմ առջև նպատակ դրեցի՝ հնարավորություններ ստեղծել կանանց ու աղջիկներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ներգրավելու համար, ինչը հատկապես կարևոր էր այն «ավանդական», պատրիարխալ հասարակությունում, ինչպիսին Գյումրիում էր»,– պատմում է Ամալյան։
Սիրով ու գոհությամբ է այսօր ասում՝ հաճելի ու միաժամանակ պարտավորեցնող է լինել այն մեկը, ով տարիներ առաջ հեռանկար չէր տեսնում հարազատ քաղաքում, իսկ հիմա ինքն է հեռանկար ստեղծում հարյուրավոր կանանց և աղջիկների համար։
Ուսումը շարունակելով Անգլիայի Ռասկինի համալսարանում և ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում` Ամալյան կարճ ժամանակ անց դարձավ կենտրոնի փոխտնօրեն, իսկ 2011-ին հոգաբարձուների խորհրդի կողմից առաջարկ ստացավ՝ դառնալու Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն։
«Մինչ այդ արդեն կարողացել էի բազմաթիվ ընկերությունների ուղղորդել դեպի Գյումրի, հարյուրավոր երիտասարդների ներգրավել կենտրոնի ծրագրերում։ Այդ ամենը, իհարկե, բարդ ու քրտնաջան աշխատանքի արդյունք էր, բայց կարծում եմ, որ այս գործում իմ հաջողության հիմնական գրավականը սերն էր Գյումրու նկատմամբ»,– ասում է նա։
Տարիների փորձը Ամալյային մի կարևոր մտքի է հանգեցրել․ պաշտոնն էական չէ, երբ հստակ պատկերացնում ես, թե ինչ առաքելության համար ես աշխատում։ Պաշտոնի բարձրացման հետ՝ ավելանում է միայն պատասխանատվությունը։
Ամալյայի համար երկրորդ բեկումնային շրջանը 2018 թվականն էր, երբ առաջարկ ստացավ ստանձնելու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը։ Քաղաքական այս պաշտոնը նա զբաղեցրեց կարճ ժամանակով, սակայն այդ շրջանը շատ կարևոր է համարում իր աշխատանքային կարիերայի համար:
«2019-ին որոշեցի վերադառնալ ԳՏՏԿ, բայց արդեն այլ տեսլականով և նպատակներով, քանի որ նախարարությունում աշխատանքի շնորհիվ ավելի լավ էի պատկերացնում մարզերում առկա խնդիրները, ինչպես նաև՝ ինձ համար առավել հստակ էր, որ Գյումրին կարող է լավագույն օրինակը դառնալ, թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են ազդեցություն ունենալ մարզաբնակ երիտասարդների, այդ թվում՝ կանանց առաջընթացի և, ընդհանրապես, կյանքի որակի բարելավման վրա»,– ասում է Ամալյան։
Կանանց հզորացմանը և տնտեսական անկախությանն ուղղված ծրագրերը դարձան ԳՏՏԿ գործունեության հիմնական ուղղություններից։ Ամալյայի խոսքով, հատկապես մարզերում, որտեղ պահպանվում են գենդերային կարծրատիպերը, այդ թվում՝ մասնագիտության կամ աշխատանքի ընտրության հարցում, անհրաժեշտ է կանանց բացատրել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը կարևոր է հենց իրենց համար, որովհետև համադրելի է ընտանիքի և կենցաղային հոգսերի հետ, որոնք, հիմնականում, շարունակում են լինել կանանց ուսերին։ Նա վստահ է՝ որքան ավելի անկախ է կինը տնտեսապես, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ նրա նկատմամբ բռնություն կկիրառվի։ Բացի դրանից՝ ֆինանսապես կայացած, կրթություն և իր ուժերին վստահություն ունեցող կինը բոլորովին այլ կերպ է դաստիարակում երեխաներին, ինչն ազդում է նաև ընտանիքի բարեփոխման վրա։
Ամալյայի դիտարկմամբ՝ այս ամենին հասնելու համար կանայք բազմաթիվ կարծրատիպեր պետք է հաղթահարեն։ Նախևառաջ՝ ներքին կարծրատիպեր։ Իր օրինակով դա գիտի։
«Գուցե տարօրինակ հնչի, բայց մինչ օրս էլ հանդիպում եմ տղամարդկանց, կառույցների ղեկավարների, որոնք չեն պատկերացնում, որ կինը կարող է առաջնորդ, որոշումներ կայացնող լինել։ Եվ խոսքը միայն մարզերի մասին չէ։ Նման դեպքերում գործելու մի տարբերակ գիտեմ՝ չթիրախավորել սեռը, կենտրոնանալ միայն մասնագիտական կարողությունների վրա և զրույցը վարել միայն այս հարթությունում։ Միայն այդկերպ է հնարավոր ձևավորել թիմային աշխատանքային մթնոլորտ, այդ կարծրատիպերը կրողներին ևս ներգրավել ընդհանուր աշխատանքային պրոցեսում, դարձնել ամբողջի մաս։ Երկրորդ բանը, որ կարող ենք մենք անել, չլինել թույլ օղակ»,– ասում է Ամալյան։
Ամալյայի խոսքով, միաժամանակ բարդ և ոգևորիչ է իրականացնել կանանց հզորացման նմանատիպ ծրագրեր, հատկապես վերջին տարիներին, երբ շահառուների մեծ մասը կա՛մ ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների այրիներ են, կա՛մ տեղահանված կանայք։ Մյուս կողմից՝ չկա ավելի ոգեշնչող պատկեր, քան այդ կանայք, որոնք որոշում են չհանձնվել ճակատագրի հարվածներին, այլ ոտքի կանգնել և առաջ գնալ:
«Ի՞նչը կարող է ավելի ոգեշնչող լինել, քան կինը, որը անցել է բազմաթիվ խոչընդոտների միջով, մասնակցել է ծրագրին, ոտքի կանգնել, և այսօր ցանկություն է հայտնում աջակցել իր նման կանանց։ Այս կանանց ներքին ուժը, որ ի հայտ է գալիս ժամանակի ընթացքում, ապշեցնում է»,– խոստովանում է Ամալյան։
Նա վստահ է՝ յուրաքանչյուր կին ինքը գիտի իր հնարավորությունների իրական սահմանը, ուղին, որ պետք է անցնի՝ հաջողության հասնելու համար։ Դրա համար նախևառաջ պետք է բացահայտել սեփական ուժեղ կողմերը ու երբեք չխուսափել աշխատանքից: