View Static Version

Աշխատանքիս վերաբերվում եմ որպես հանձնառություն և առաքելություն Նելլի Դավթյան

«Յուրաքանչյուր կին ղեկավար ունի հետևորդ կանայք, որոնց վրա տարածվում են իր հաջողությունները և որոնց նա խրախուսում է իր օրինակով։ Այս շղթայական ազդեցությունը շատ կարևոր է կանանց համար»,– կարծում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, որը մեզ հետ զրույցից օրեր անց այդ ծառայության պետ նշանակվեց։

Ասում է՝ հետազոտական, լրատվական դաշտում, մասնավոր սեկտորում ունեցած իր փորձառությունը շատ է օգնում պետական կառավարման համակարգում աշխատանքում։ Դրա հետ մեկտեղ նշում է՝ իր տեսակի կայացման գործում ամենամեծ դերն ունեցել է արվեստի ոլորտի հանրակրթությունը:

«Գուցե ասածս չափազանցություն թվա, բայց դա իրոք այդպես է։ Դպրոցի ստեղծագործական մթնոլորտը, ուսուցչական կազմը, դասընկերներս, մարդկային որակները, որոնք կային կրթահամալիրում, բացառիկ էին»,– հիշում է Նելլին։

Խոստովանում է՝ չնայած գեղարվեստական կրթության նկատմամբ նախասիրությանը, միշտ կարծել է, որ դասընկերների նման օժտված չէ, և հենց դա էր պատճառը, որ որոշեց բարձրագույն կրթությունն այլ ուղղությամբ շարունակել, իսկ արվեստը պահել որպես սիրելի հոբբի։

«Ուզում էի ընտրել ժուռնալիստիկան, որը, կարծում էի, ինձ թույլ կտար իրացնել այն կրեատիվությունը, որ ներարկվել էր դպրոցից, ինքնադրսևորվել, ստեղծագործ միտք դնել աշխատանքի մեջ և չսահմանափակել հետաքրքրություններիս շրջանակը»,- պատմում է Նելլին։

Վերջնական ընտրության հարցում, սակայն, Նելլին լսեց իր համար հեղինակություն հանդիսացող մարդկանց խորհուրդները և հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվեց։ Լրագրող դառնալու մտադրությունից հետ չկանգնելով՝ Նելլին դեռ ուսանողական տարիներին աշխատանքի անցավ «Արմենպրես» գործակալությունում, որտեղ աշխատեց շուրջ 3 տարի։ Իսկ մագիստրոսական կրթությունը շարունակեց սփյուռքագիտության ուղղությամբ:

«Այդ ժամանակ ինձ արդեն իսկ հետաքրքիր էր Սփյուռքի քաղաքական կողմը, Սփյուռքի ձևավորման փուլերը, միգրացիայի հետ կապված բոլոր խնդիրները։ Իմ հետաքրքրությունների շրջանակը, սակայն, չէր խրախուսվում ամբիոնի կողմից, և ամեն անգամ, երբ առաջարկում էի հետազոտության որևէ թեմա, որի հիմքում կար միգրացիայի բաղադրիչ, միանգամից մերժվում էր։ Հենց այդ պատճառով էլ մագիստրոսի աստիճան ստանալուց հետո չշարունակեցի ուսումս ասպիրանտուրայում»,– պատմում է Նելլին։

Պատմում է, որ հեռահաղորդակցության ոլորտում, իսկ հետագայում քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվություններ և հետազոտություններ իրականացնող «Բրեվիս» կենտրոնում աշխատելու արդյունքում անգնահատելի փորձ ու գիտելիքներ ձեռք բերեց մարքեթինգի, հաճախորդների սպասարկման մշակույթի, գիտահեն որոշումների ընդունման և ռազմավարությունների մշակման, փոփոխությունների կառավարման ուղղությամբ։ Հենց այդ աշխատանքի ընթացքում նրա մեջ նաև նորարարությունների նկատմամբ հակում առաջացավ, որը փորձել է իրացնել Միգրացիոն ծառայությունում աշխատանքի անցնելով։

2018-ին Նելլին առաջարկ ստացավ համակարգել Միգրացիոն ծառայության հանրային կապերի ոլորտը որպես ծառայության պետի օգնական: Պատմում է, որ առաջարկը շատ գրավիչ էր, քանի որ հնարավորություն էր տալու վերադառնալ լրագրությանը։

«5 տարի Միգրացիոն ծառայության պետի օգնական աշխատելուց հետո վերանշանակվեցի նոր ձևավորված Ներքին գործերի նախարարության կազմում որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու, իսկ մեկ տարի անց նշանակվեցի ծառայության պետի տեղակալ։ Դա իմ պատասխանատվության շրջանակի լուրջ փոփոխություն էր․ տեղակալի պաշտոնում ինձ վստահվեց ամենածավալուն՝ անձնագրային գործարքների ոլորտի համակարգումը»,– ասում է Դավթյանը։

Նելլին նկատում է՝ մասնավոր և պետական կառավարման համակարգերի միջև բազմաթիվ նմանություններ կան, բայց նաև շատ են տարբերությունները։

«Երբեմն ուղղակի չես ուզում հավատալ, թե որքան շտկելու բան կա պետական կառավարման համակարգում, որքան բարձր է հարմարվողականության մակարդակը ու դրան հակառակ՝ ցածր նախաձեռնողականությունը։ Եվ առաջին բանը, որ նախաձեռնեցի ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո, իմ պատասխանատվության ոլորտում արձանագրած բոլոր խնդիրները գույքագրելն էր ու համապատասխան լուծումներ առաջարկելը»,– հիշում է Նելլին:

Կարծրացած մոտեցումներին չհարմարվելու, նորարարությունների և փոփոխությունների համար բաց լինելու հարցում նրան օգնում են բազմապիսի փորձառությունը, գոյություն ունեցող ու լայնորեն կիրառվող տեխնոլոգիաներն ու գործիքները պետական կառավարման համակարգում ներդնելու մղումը:

«Ինչպե՞ս է հնարավոր, որ առօրյա կյանքում, օրինակ, սովորական տաքսի պատվիրելիս կամ առցանց վճարում կատարելիս, սրճարանում դու կարող ես ժամանակակից ծառայություն ստանալ, իսկ, օրինակ, անձնագրայինում՝ ոչ։ Ինձ համար պատվախնդրության հարց է համակարգը քաղաքացիակենտրոն դարձնելը, առաջադեմ տեխնոլոգիաներին և չափորոշիչներին համապատասխանեցնելը»,– ասում է Նելլին ու ավելացնում․

Աշխատանքային կարիերայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին խոսելիս ասում է՝ պետական համակարգի յուրաքանչյուր աշխատող մտքում պետք է ունենա առաջխաղացման նախընտրելի տեսլական և կատարելագործվելու ձգտում։

«Կարիերային աճի վերաբերյալ անառողջ ընկալումները երևում են այն ժամանակ, երբ, օրինակ, բաժնի պետի թափուր հաստիք է լինում, և բաժնից ոչ ոք չի դիմում դրա համար։ Ես չեմ կիսում այն մտավախությունը, որ եթե աշխատակիցը, հավակնելով ավելի բարձր պաշտոնի, ձախողի, այլևս չի կարող առողջ հարաբերություններ պահպանել բաժնի պետի կամ իր հաջողակ մրցակցի հետ»,– ասում է Դավթյանը՝ նշելով, որ, բարեբախտաբար, իր դեպքում անմիջական ղեկավարները մշտապես խրախուսել են առողջ ամբիցիաներն ու առաջ գնալու մղումը։

Պետական կառավարման համակարգում կանանց ներգրավման խնդրին անդրադառնալով՝ Նելլին նշում է, որ այդ համակարգում աշխատանքը կնոջը տալիս է ինքնաբացահայտվելու, ինքնադրսևորվելու, կարողությունները զարգացնելու, որոշումներ կայացնելու և դրանց պտուղները քաղելու, իսկ սխալվելու դեպքում՝ դրանից դասեր քաղելու հնարավորություն։

Ինչ վերաբերում է բազմաթիվ կանանց հուզող՝ ընտանիքը և աշխատանքը համադրելու հարցին, ապա, Նելլիի խոսքով, դա իրեն հաջողվում է, բայց, միևնույն ժամանակ, անկեղծանում է՝ դա դժվար է հավասարակշռված համադրություն համարել։

«Աշխատանքիս վերաբերվում եմ որպես հանձնառություն, որպես առաքելություն, որպես մեծ նախագիծ, որը պետք է ավարտին հասցնել, բերել մի հանգրվանի, երբ կմնա պատրաստի համակարգն աշխատեցնել։ Միայն այդ ժամանակ կհամարեմ, որ հասել եմ իմ նպատակին։ 2023 թ.-ից մենք ունենք մեր երազանքների համակարգի տեսլականը, և հիմա մնում է միս ու արյուն հաղորդել դրան։ Ես չգրված դաշինք ունեմ ընտանիքիս անդամների հետ այն մասին, որ այս գործը կարևոր է»,– ասում է Նելլի Դավթյանը։

Հ․Գ․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում, որին Նելլի Դավթյանը նշանակվեց մեր զրույցից հետո, նրա արդեն իսկ եղած ծրագրերին անշուշտ կավելանան նոր և ավելի հավակնոտ նպատակներ ու գաղափարներ, որոնց իրականացման գործում հաջողություն ենք մաղթում նրան։

Սոնա Մարտիրոսյան

NextPrevious