Ինձ համար կարևոր է լինել մեկը, ով կարող է և ուզում է փոփոխություններ բերել Զեմֆիրա Քալաշյան

Լրագրող, մանկավարժ, հասարակական ակտիվիստ Զեմֆիրա Քալաշյանը իրեն երբեք օտար կամ կաշկանդված չի զգացել այն միջավայրում, որտեղ ապրել է։ Ասում է՝ միշտ հաշտ է եղել իր ներսի ու արտաքին աշխարհի հետ, էթնիկ պատկանելությունն ու եզդիական համայնքից դուրս ապրելու հանգամանքը երբեք չեն խաթարել իր ներքին ներդաշնակությունը։ Միակ դժվարությունը առաջին դասարանում էր, երբ անծանոթ միջավայրում հայտնված՝ պետք է խոսեր գրական հայերենով, մինչդեռ Քալաշյանների ընտանիքում շփման միակ լեզուն մայրենին էր՝ եզդիերենը:

«Այդ ժամանակ էր, որ հասկացա՝ այդ և մյուս խնդիրները, որ կարող են առաջանալ, պետք է ինքս լուծեմ: Կարճ ժամանակում կարողացա հաղթահարել լեզվական խոչընդոտը, դարձա դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Հետագայում՝ համալսարան ընդունվելիս, որևէ առարկա լրացուցիչ չեմ պարապել, դպրոցական գիտելիքներս լրիվ բավարար էին»,– պատմում է Զեմֆիրան։

Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Զեմֆիրան ընդունվեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան։

«Կյանքիս այս փուլը շատ եմ արժևորում, որովհետև հենց վարժարանում ծանոթացա ու շփվեցի Հայաստանի տարբեր մարզերից եկած մարդկանց հետ՝ իրենց բազմազան ու բազմաձև սովորություններով, կյանքի իր ընկալումով, յուրահատուկ մշակույթով։ Ավելի անկաշկանդ, շփվող և նպատակասլաց դարձա։ Գիտակցեցի, որ եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, պետք է ոչ թե հարմարվեմ իրավիճակին, այլ իրավիճակը հարմարեցնեմ ինձ»,– ասում է նա։

Վարժարանից հետո Զեմֆիրան շարունակեց կրթությունը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հեռուստաժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ժամանակի ընթացքում լրագրությունը դարձավ նրա համար ոչ միայն սիրելի զբաղմունք, այլև մարդկային պատմություններ ներկայացնելու, հանրությանը հուզող խնդիրները վեր հանելու լավագույն միջոց։

Համալսարանում Զեմֆիրան սկսեց ավելի շատ հետաքրքրվել եզդիական համայնքի խնդիրներով։ Երևանում ծնված և մեծացած աղջկա համար միշտ շատ կարևոր է եղել իր ազգային պատկանելությունը, և դրանում մեծ դեր է ունեցել տատը։

«Տատս բացառիկ, փառահեղ կին էր, ես շատ կապված էի նրա հետ։ Թեև ապրում էինք ոչ թե եզդիաբնակ, կոմպակտ համայնքում, այլ Երևանում, բայց նա այնքան նախանձախնդիր էր ազգայինի պահպանման հարցում, որ նրա շնորհիվ մեր ընտանիքում հետևում էինք էթնիկ ինքնության հետ կապված բոլոր բաղադրիչներին՝ ազգային ավանդույթներից, տոներից, ծեսերից, ուտեստներից մինչև հաղորդակցման լեզուն և տարազ՝ իր ձեռքով կարած։ Չնայած նա ընդամենը 3 տարի էր դպրոց գնացել, տեսել էր պատերազմ, սով և շատ դժվարություններ, բայց ազատ գրում-կարդում էր հայերեն, ռուսերեն, գիտեր լատինական այբուբենը»,– հիշում է Զեմֆիրան և հպարտությամբ ավելացնում՝ ինքը տատի հետ շատ նմանություններ ունի։

Երկրորդ կուրսի ուսանող էր, երբ դասախոսներից մեկը կրոնի վերաբերյալ հարց տվեց Զեմֆիրային։ Աղջիկը, որը մշտապես հպարտացել էր իր ազգային պատկանելությամբ, էթնիկ մշակույթով, հանկարծ հասկացավ, որ չունի այդ հարցի լիարժեք պատասխանը։ Ինչպես ինքն է ասում՝ այդ ժամանակ էր, որ գլուխ բարձրացրեց ներսի գերազանցիկն ու հուշեց՝ ժամանակն է զբաղվելու սեփական ինքնության ուսումնասիրությամբ։

Համայնքի և իր էթնիկ պատկանելության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների փնտրտուքի ճանապարհին ծանոթացավ բազմաթիվ գործունյա, սրտացավ երիտասարդների հետ, ուսումնասիրեց և վեր հանեց համայնքի խնդիրներն ու հոգսերը, հասկացավ, որ դա նաև իրեն ազատորեն գործելու, ստեղծագործելու լայն դաշտ է տալիս:

«Դրան նպաստեց նաև ապագա ամուսնուս՝ Բորիսին հանդիպելու հանգամանքը։ Նրա շնորհիվ համայնքային խնդիրները դարձան ոչ միայն իմ հետաքրքրության առարկան, այլև կյանքի մի մասը, մենք իրար հետ էինք փորձում լուծումներ գտնել։ Մեր առաջին համատեղ նախաձեռնություններից էր եզդի երեխաների համար կիրակնօրյա դպրոցի ստեղծումը, որի հիմնական նպատակը նրանց եզդիերեն ուսուցանելն էր, ինչպես նաև՝ ազգային արժեքների, մշակույթի տարածումը։ Դպրոցում բոլոր աշխատանքներն իրականացվում էին կամավորության սկզբունքով, չունեինք ֆինանսավորում, բայց ունեինք մեր անելիքի հստակ գիտակցում ու նվիրում և մեր կատարած գործից բավարարվածության և երջանկության զգացում»,– պատմում է Զեմֆիրան։

Անձնական զբաղվածությունը և առաջնեկի ծնունդը ստիպեցին երիտասարդ զույգին ժամանակավորապես դադարեցնել դպրոցի գործունեությունը։ Զեմֆիրան, սակայն, ասում է, որ դպրոցի վերաբացումը միայն ժամանակի հարց է։ Արդեն ունի հստակ մշակված ծրագիր, թե ինչպես է փոխվելու դպրոցի տեսլականը, ինչ նոր շեշտադրումներ են լինելու։ Նոր դպրոցում առաջնային է լինելու ոչ միայն եզդիերենի ուսուցումը, այլև այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք կօգնեն երեխաներին հետագայում համայնքի համար առաջնորդներ դառնալ։

«Կարծում եմ՝ մեր՝ երիտասարդներիս հիմնական նպատակը պետք է լինի սեփական օրինակով ոգեշնչելը, ճանապարհ ցույց տալն ու օգնելը, որովհետև եթե երիտասարդ սերունդը չի հետաքրքրվում համայնքի հոգսերով, խնդիրներով, չի փորձում դրանց լուծումներ գտնել, ուրեմն համայնքի ապագան վտանգված է»,– ասում է Զեմֆիրան։

Իր օրինակով գիտի՝ երիտասարդ առաջնորդները երբեմն խոչընդոտների են բախվում համայնքի ներսում, հաճախ համայնքային խնդիրները հավասարաչափ տեսանելի չեն լինում բոլորի համար, կամ, որ ավելի վատ է, շատերը հարմարվում են՝ պայքարելու և լուծումներ գտնելու փոխարեն։ Սակայն Զեմֆիրան վստահ է, որ այստեղ է ի հայտ գալիս առաջնորդների, փոփոխություններ բերողների հիմնական առաքելությունը՝ տեսնել ավելին, քան մյուսները, և ջանքեր գործադրել իրավիճակը փոխելու և հանրային կյանքն ավելի լավը դարձնելու համար:

«Ավելի երիտասարդ տարիքում բավականին անհանդուրժող էի այն մարդկանց նկատմամբ, որոնք նախընտրում էին հարմարվել, բայց հիմա հասկանում եմ, որ դա ևս ընտրություն է, և չի կարելի բոլորից նույն պահանջներն ունենալ։ Պարզապես ինձ համար կարևոր է լինել մեկը, ով կարող է և ուզում է փոփոխություններ բերել, որովհետև միայն այդկերպ եմ զգում, որ լիարժեք ապրում եմ»,– ասում է Զեմֆիրան։

Համոզված է՝ համայնքային խնդիրների բարձրաձայնումը շատ կարևոր է, բայց դա պետք է գրագետ անել, փորձել հենց համայնքի ներսում ցույց տալ կեղծ և իրական արժեքները, բացատրել, որ ազգայինը որևէ կերպ չի հակասում անձնական ազատություններին կամ, առավել ևս, չի կարող սահմանափակել կանանց ո՛չ կրթության, ո՛չ կարիերայի, ո՛չ առաջընթացի հարցում:

«Օրինակ՝ մենք շատ հաճախ խոսում ենք եզդի աղջիկների վաղ ամուսնությունների խնդրի մասին, սակայն գրեթե երբեք չենք քննարկում այն գործոնները, որոնք հանգեցնում են դրան։ Մենք չենք խոսում կրթության դերի թերագնահատման, սեփական ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատության, կանանց առաջընթացի համար հնարավորությունների ստեղծման մասին։ Եվ այստեղ է, որ անելիք ունեն թե՛ պետությունը, թե՛ համայնքը։ Եվ եթե մենք կարող ենք համապատասխան քայլեր ակնկալել պետությունից, ապա համայնքի դեպքում միշտ չէ, որ նույնը կարող ենք անել, մի պարզ պատճառով, որ այն միատարր չէ։ Ուստի պետք է նախ կրթել համայնքը, որ այն կարողանա դառնալ պետության կողմից առաջարկվող փոփոխություններն իրականացնողն ու զարգացնողը»,– նշում է Զեմֆիրան։

Հանրային ակտիվության հարցում Զեմֆիրային աջակցում են ամուսինն ու նրա ընտանիքը։ Նրանք ոչ միայն ամուր մեջք և հենարան են, այլև համախոհներ, որոնք կարևորում են այն ամենը, ինչ ինքը նախաձեռնում է։ Դա է ուժ և վստահություն ներշնչում՝ առաջ գնալու և չվախենալու։ Բացի այդ, Զեմֆիրայի խոսքով, երբ համայնքի մարդիկ տեսնում են, որ այս կամ այն խնդրի մասին բարձրաձայնում է երիտասարդ կին, որն ունի ընտանիք, երեխաներ, ներքին վստահություն են ձեռք բերում, որ նա հազիվ թե վտանգավոր լինի իրենց համար:

«Մեր ընտանիքը լավագույն օրինակն է նրա, թե մենք որքան ենք կարևորում մեր ազգային, կրոնական, մշակութային արժեքները և մեր ինքնության պահպանումը»,– ասում է Զեմֆիրան։

Հասարակական գործունեությանը զուգահեռ, արդեն շուրջ 4 տարի է, ինչ Զեմֆիրան զբաղվում է նաև իր փոքրիկ ու քաղցր բիզնեսով՝ առողջ շոկոլադի արտադրությամբ։ 2020 թվականին, երբ աշխարհում մոլեգնում էր COVID-19 համավարակը, Զեմֆիրան սպասում էր իր երկրորդ զավակին, որը ծնվեց 44-օրյա պատերազմի օրերին։ Ավագ որդին, որ այդ ժամանակ ընդամենը 4 տարեկան էր, նույնպես մայրիկի կարիքն ուներ, և Զեմֆիրան որոշում կայացրեց՝ թողնել աշխատանքն ու այդ ծանր ժամանակաշրջանում լիովին նվիրվել ընտանիքին։ Մեկուսացումը, պատերազմը, քաղաքական անկայունությունը, որդու ծնունդն ու դրանից անմիջապես հետո ամուսնուն ԼՂ ճանապարհելը իսկական փորձություն դարձան Զեմֆիրայի համար։ Շարունակական սթրեսները հաղթահարելու ճանապարհին Զեմֆիրան չարաշահում էր քաղցրը, ինչը կարճ ժամանակ անց հանգեցրեց ավելորդ քաշի և լուրջ բարդույթների առաջացման:

«Հասավ նրան, որ ես ուղղակի չէի ուզում տանից դուրս գալ, ինձ դուր չէր գալիս իմ արտաքինը։ Հասկանում էի, որ ինչ-որ բան պետք է անեմ, որովհետև չէի ուզում վտանգել առողջությունս, բայց քաղցրից հրաժարվել չէի կարողանում։ Սկսեցի ուսումնասիրել առողջ սննդի հետ կապված գրականություն, գտա ինձ հարմար մարզումներ, և կարճ ժամանակում ազատվեցի ավելորդ քաշից։ Հասկացա, որ ճիշտ ճանապարհին եմ, որովհետև վերագտել էի ներքին ներդաշնակությունս։ Բացի այդ, առողջ սննդի ոլորտում ստեղծագործելու նոր հնարավորություններ բացահայտեցի»,– պատմում է Զեմֆիրան։

Առողջ քաղցրավենիքը, որ պատրաստում էր երիտասարդ կինը, շուտով վերածվեց հաջող բիզնեսի։ Զեմֆիրան ստեղծեց առանձին տարածք՝ արտադրություն սկսելու համար, պատվիրեց հրուշակագործության համար անհրաժեշտ գործիքները, գնեց տուփերի փորձնական խմբաքանակը։ Ամիսներ անց խիզախեց ներկայացնել իր առաջին արտադրանքը, իսկ 2022-ին հիմնեց իր ընկերությունը, որը մինչ օրս էլ զբաղվում է «Դասնի» կոնֆետների արտադրությամբ։

Ու թեև այս ճանապարհին դժվարությունները շատ են, արտադրությունը պետք է համապատասխանեցնել ամենաբարձր չափանիշներին, դիմակայել շուկայում օր օրի աճող մրցակցությանը, բայց Զեմֆիրան դրանցից չի ընկրկում։ Նա հստակ գիտի՝ որոշ ժամանակ անց կկարողանա հասնել նրան, որ «Դասնին» կգործի և կզարգանա արդեն առանց իր անմիջական մասնակցության, իսկ ինքը կկարողանա ի վերջո նվիրվել իր գլխավոր նպատակի՝ եզդի երեխաների համար կիրակնօրյա դպրոցի վերաբացմանը:

Սոնա Մարտիրոսյան