Մետաքսե սրտով ու պողպատե կամքով Լիլիա Աբրահամյան

Վանաձորցի Լիլիա Աբրահամյանին Լոռու մարզում ճանաչում են շատերը։ Նախ՝ որպես Վանաձորի մանկատան տնօրեն, հետո՝ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար, իսկ դրանց լուծարումից հետո՝ որպես սոցիալական աջակցության ոլորտի ակտիվիստ և բարեգործական ծրագրերի համակարգող։ Ու թեև նա այսօր չունի պաշտոն, լոռեցիները գիտեն ՝ եթե հույս այլևս չկա, կա Լիլիան։ Նրա համար մարդիկ գերագույն արժեք են, նրանց օգնելու հնարավորությունը՝ երջանկություն։

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Լոռի եկած յուրաքանչյուր փախստականի համար հենց Լիլիան դարձավ առաջին օգնողն ու կայուն հենարանը, իսկ նրա հիմնած և ղեկավարած կացարանը իսկական տուն դարձավ հարյուրավոր մարդկանց համար։ Լիլիայի օգնությամբ բազմաթիվ փախստականներ նոր կյանք սկսեցին հենց Լոռու մարզում։

Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցության բազմաթիվ ծրագրերը, որ արդեն շուրջ 3 տարի իրականացնում է Լիլիան, նրա հասարակական գործունեության տրամաբանական շարունակությունն են։ Խոստովանում է՝ այդ աշխատանքն իր համար ամենաբարդն է ու պատասխանատուն, բայցև ամենակարևորն է դարձել կյանքում։

Երբ դպրոցն ավարտելուց հետո տանն ասաց, որ երազում է լրագրող դառնալ, հայրը դեմ էր, ասում էր, որ լրագրող կարող է դառնալ նաև այլ մասնագիտական կրթություն ունենալով։ Հենց դա էր պատճառը, որ Լիլիան ընտրեց տնտեսագիտությունը՝ որպես հիմնական մասնագիտություն։ Բուհն ավարտելուց հետո աշխատեց որպես տնտեսագետ, հետո՝ հեռուստաընկերության տնօրեն, հաշվապահ, քոլեջի տնօրեն․․․ Ինքնադրսևորման և ինքն իր արած աշխատանքից գոհանալու փնտրտուքները նոր հանգրվանի հասան շատ պատահաբար:

«Կարծեմ մոտ 10 տարի առաջ էր, երբ սոցիալական ցանցերից մեկում պատահաբար աչքովս ընկավ մի գրառում, որը պատմում էր աջակցության կարիք ունեցող մի տարեց կնոջ մասին։ Անունը՝ Գրետել, նա Վանաձորից էր։ Բնականաբար, շտապեցի նրան հանդիպել։ Վիճակը, իրոք, օրհասական էր. հաշմանդամություն ուներ, սննդի, դեղորայքի, հագուստի, խնամքի, մի խոսքով՝ ամեն ինչի կարիք կար։ Այս դեպքը խղճիս շատ ազդեց, որոշեցի՝ ուժերիս ներածին չափ օգնել կնոջը։ Ընկերներիս շնորհիվ կարճ ժամանակում կարողացանք օգնել տարեց կնոջը, որի հետ մինչև օրս էլ կապը պահում եմ»,– հիշում է Լիլիան։

Հենց այս դեպքից հետո Լիլիան հասկացավ, թե իրականում ինչով է ուզում զբաղվել։ Տարեց կնոջ կյանքը թեթևացնելու փորձառությունը ոգևորեց նաև նրա ընկերներին, ծանոթ-բարեկամներին, որոնք ներգրավված էին եղել այդ գործում։ Ընկերական նեղ շրջանակը սկզբում փոքր խնդիրներ էր լուծում․ փնտրում-գտնում էին սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների, փորձում նրանց օգնել։ Շուտով, սակայն, խմբին միացան նաև մարդիկ, որոնք պատրաստ էին ավելի մեծ խնդիրներ լուծելու:

Որոշ ժամանակ անց համագործակցության հնարավորություններ եղան նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնց աջակցությունը, Լիլիայի խոսքով, իրոք, անգնահատելի էր։

«Այս ոլորտում աշխատելու բարդությունն այն է, որ երբեք հնարավոր չէ գոհացնել բոլորին։ Միշտ էլ կլինեն մարդիկ, որ դժգոհ կմնան, կվատաբանեն, նույնիսկ կզրպարտեն։ Բայց ինձ համար կարևորն այն է, որ ընտանիքը ցանկանա դուրս գալ խոցելի վիճակից, ոչ թե մշտապես ակնկալի որևէ մեկի աջակցությունը։ Մարդը պետք է ուզի ոտքի կանգնել, եթե չի ցանկանում, նրան օգնել հնարավոր չէ»,– ասում է Լիլիան՝ նշելով, որ իր համար նման դեպքերն ավելի շատ անհարմարություններ են ստեղծում մարդկայնորեն, ոչ թե գործնական իմաստով, քանի որ թույլ չի տալիս, որ մետաքսե սիրտը խանգարի իր պողպատե կամքին։

Ժամանակի ընթացքում Լիլիան անցավ առանձին մարդկանց ու ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու գաղափարից դեպի երկարաժամկետ և կայուն աջակցություն՝ համայնքային խնդիրների լուծման միջոցով։ Այսինքն՝ օգնել ոչ թե սննդով, այլ ստեղծել պայմաններ՝ սեփական ուժերով ընտանիքի կարիքները հոգալու համար:

«Միջազգային կազմակերպություններից մեկի աջակցությամբ, օրինակ, ընտանի կենդանիներ ենք բաժանում համայնքներում՝ ընտանիքների համար ստեղծելով կայուն եկամուտ ունենալու հնարավորություն։ Կարծում եմ, սա շատ ավելի արդյունավետ է, քան ժամանակ առ ժամանակ նույն ընտանիքին սննդամթերք բաժանելը։ Իհարկե, լինում են իրավիճակներ, երբ բնաիրային աջակցությունը ևս անհրաժեշտ է, բայց ես համոզված եմ, որ արժանապատիվ կյանքի հնարավորություն ստեղծելն ընտանիքների համար շատ ավելի կարևոր է»,– ասում է նա։

Լիլիայի խոսքով, սակայն, այս բոլոր դժվարությունները ոչինչ էին այն պատասխանատվության դիմաց, որ ստանձնեց՝ Վանաձորի մանկատան տնօրեն դառնալով։ Ասում է՝ պաշտոնի համար չէր դիմել, անգամ զարմացավ, երբ զանգեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Առաջարկը ստանալուց հետո մի քանի օր ժամանակ խնդրեցի՝ մտածելու համար։ Նախ՝ աղջիկս նոր էր ծնվել, երկրորդ՝ հասկանում էի, որ հոգեբանական առումով շատ բարդ է լինելու մանկատուն մտնելը։ Բայց նախարարի հետ հանդիպելուց հետո որոշեցի ընդունել առաջարկը։ Տնօրեն եղա շատ կարճ ժամանակ, որից հետո մանկատունը լուծարվեց։ Դա չափազանց բարդ շրջան էր ինձ համար, որովհետև ես պատասխանատու էի այլևս այդ բոլոր երեխաների համար և պետք է սովորեցնեի նրանց ապրել այդ պատերից դուրս»,– հիշում է Լիլիան։

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Լիլիային կրկին պետք եկան իր նոր հմտությունները։ Շատ արագ մանկատան նախկին շենքը վերածվեց ժամանակավոր կացարանի, և ավելի քան մեկ տարի ապաստան տրամադրեց հարյուրավոր փախստականների:

«Կացարանի գործունեությունը, իրոք, շատ բարդ էր։ Պետք էր ըմբռնումով մոտենալ, մարդիկ աննկարագրելի հոգեվիճակում էին գալիս, ոմանք՝ բողոքներով, ոմանք՝ թերահավատությամբ, մյուսները՝ պահանջատիրությամբ, բայց ես վհատվելու իրավունք չունեի»,– հիշում է Լիլիան՝ նշելով, որ բավականին արագ կարողացավ կացարանը վերածել մի ամբողջական, կուռ համակարգի՝ բաշխված պարտականություններով և պատասխանատվությամբ։

Ասում է՝ իր կին լինելը հաճախ է թերահավատություն առաջացրել, հատկապես գյուղական համայնքներում, բայց միայն սկզբում:

«Կանանց կարողությունների նկատմամբ թերահավատություն միայն հասարակ մարդկանց կողմից չէ, որ զգացել եմ։ Շատ դեպքերում այդպիսի վերաբերմունք եմ նկատել նույնիսկ ՏԻՄ-երի կամ պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։ Օրինակ վերջերս, երբ մեր համայնքապետարանում քննարկվել է Լեռնային Ղարաբաղից եկող մարդկանց դիմավորելու հարցը, ասվել է, եթե գիշերը մարդիկ գան, կարող են մանկատուն ուղարկել, որովհետև Լիլիան որ ժամն էլ լինի՝ կգա։ Շատերը տարակուսել են՝ ոնց թե, կինը գիշերո՞վ է գնում դիմավորելու»,– ծիծաղելով պատմում է նա և նկատում, որ այդպես է պատահում բոլոր ակտիվ կանանց ու աղջիկների դեպքում, որոնք իր հետ ինչ-որ աշխատանքներ են իրականացնում համայնքներում։

Նրա խոսքով՝ հաճախ համայնքների ղեկավարները չեն հավատում, որ կանայք կարող են մեծ խնդիրներ լուծել, բայց ժամանակի ընթացքում բոլորն են հասկանում, որ կանանց վստահելը լավագույն որոշումն էր:

2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների օրերը նրա համար ամենաբարդ շրջանը դարձան։ Հիշում է, երբ լսեց ԼՂ-ում տեղի ունեցողի մասին, ոտքերը բառի բուն իմաստով թուլացան։ Հետո մոտ 15 օր Լիլիան քայլում էր քայլակով ու ձեռնափայտով, ֆիզիկական անտանելի ցավեր ուներ, բժիշկներն արգելում էին աշխատել։ Բայց նա չէր կարող ձեռքերը ծալած նստել։

Լիլիան շատ արագ հասկացավ, որ փախստականների հետ աշխատանքի նախորդ փորձը դժվար թե իրեն պետք գա։ Այս անգամ մարդիկ գալիս էին ոչ թե ժամանակավորապես, այլ ընդմիշտ։ Նրանց խնդիրների համար երկարաժամկետ լուծումներ էին պետք։ Լիլիան ընտրեց այս ընտանիքներին նախևառաջ տաք հագուստով, կոշիկներով, վերմակներով ու վառարաններով ապահովելու ճանապարհը։ Հետո արդեն սկսեց մտածել աշխատանքի գործիքներ, ընտանի կենդանիներ տրամադրելու և ընտանիքների զբաղվածությունն ապահովելու մասին։

Այսօր ևս մանկատան նախկին շենքում ապաստան են գտել փախստականները, նրանք, որ հատուկ աջակցության կարիք ունեն՝ միայնակ տարեցներ, հաշմանդամություն կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ։ Նրանք, ովքեր գնալու ուրիշ տեղ չունեն։

Խոստովանում է՝ այս աշխատանքը շատ բարդ է համադրել ընտանիքի հոգսերի և երեխաների խնամքի հետ։ Գրեթե չունի հանգստյան օրեր, երբեմն՝ նաև քնելու ժամանակ։ Հանգստյան օր ունենում է ամիսը միայն մեկ անգամ, պատահում է օրերով չի տեսնում երեխաներին, բայց իր այս ընտրության համար երբեք չի փոշմանել, որովհետև հենց այստեղ է գտել ինքն իրեն:

«Ես չափազանց շատ եմ սիրում իմ գործը։ Սա միակ գործն է, որն անում եմ չհոգնելով, անտրտունջ, որովհետև զգում եմ, որ հենց սա եմ փնտրել միշտ, որ միայն այստեղ եմ կարողանում իրացնել բոլոր հնարավորություններս, ներուժս։ Իհարկե, ընտանիքս, երեխաներս շատ են տուժում, բայց նրանք հասկանում են և կիսում իմ պատկերացումները կյանքի ու մարդկանց մասին։ Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ չէի ցանկանա, որ երեխաներս այսքան ծանրաբեռնված լինեն ուրիշ մարդկանց հոգսերով, բայց նրանք վաղ տարիքից անընդհատ տեսնում են իմ կյանքը, և իրենք էլ են դառնում դրա մի մասը»,– ասում է Լիլիան։

Սոնա Մարտիրոսյան