21-ամյա Գոհարիկ Գրիգորյանը ծնվել և մեծացել է Գյումրիում։ Պատմում է, որ փոքր տարիքում, ապագա մասնագիտության մասին մտածելիս, չէր կողմնորոշվում՝ դերասան դառնալ, իրավաբան, թե՞ բժիշկ։ Դրա հետ մեկտեղ, երբեք չի կասկածել իր ուժերին և հստակ իմացել է՝ ինչ էլ անի՝ իր սրտով է լինելու։ Տարիներ հետո միայն հասկացավ՝ իր սրտի գործը կրթությունն է։ Բայց մինչ այդ նրան հետաքրքիր ճանապարհ էր սպասում։
«Երբ 10-րդ դասարանում մտածում էի ապագա մասնագիտության մասին, նախընտրեցի տնտեսագիտական հոսքը, քանի որ այն ներառում էր թե՛ հումանիտար, թե՛ ճշգրիտ և բնագիտական առարկաներ։ Հետագայում տնտեսագիտությունն ինձ համար հիմք դարձավ ավելի հստակ ընտրություն կատարելու համար»,– պատմում է Գոհարիկը։
Դպրոցում ուսանելու տարիներին Գոհարիկին հատկապես հետաքրքրեց մարքեթինգը:
«Մարքեթինգն ու բիզնեսը ապագային միտված ուղղություններ են, որոնցում տեղ կա նաև ստեղծագործական մոտեցումների համար։ Կարծում եմ՝ հենց դա էր, որ ինձ գրավեց։ Որոշեցի դիմել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետ՝ մարքեթինգ մասնագիտացմամբ»,– ասում է նա։
Մասնագիտական փնտրտուքներին զուգահեռ՝ Գոհարիկը 15 տարեկանից կամավորություն է արել տարբեր կառույցներում՝ մանկապարտեզում օգնականից մինչև ֆրանսերենի ակումբավար, միջոցառումների կազմակերպիչ և այլն։
Համալսարանում ուսումնառության երկրորդ կիսամյակը համընկավ կորոնավիրուսի համավարակի և մեկուսացման երկար ու ձիգ ամիսների հետ, և Գոհարիկը ստիպված էր վերադառնալ Գյումրի։ Այդ ժամանակ միացավ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնին, որի հետ մի շարք ծրագրեր իրականացրեցին:
«Շատ էինք շփվում հատկապես հյուսիսային մարզերում, հեռավոր համայնքներում բնակվող երիտասարդների հետ։ 2.5 տարի երիտասարդության շրջանում տարբեր ծրագրեր իրականացնելուց հետո հասկացա՝ իմ առաքելությունը կրթությամբ զբաղվելն է։ Կարծում եմ՝ մեր երկրի խնդիրների մեծ մասը կարելի է հաղթահարել, եթե մեր հասարակությունում ավելի շատ լինեն կրթված, գիտակից մարդիկ։ Որոշեցի ուժերս ուղղել երիտասարդների համար որևէ օգտակար բան անելուն։ Նաև երբեք չեմ զղջացել, որ համալսարանում մարքեթինգ և բիզնես եմ ուսումնասիրել, քանի որ դա այսօր էլ ինձ շատ է օգնում հենց կրթության ոլորտում երկարաժամկետ պլանավորման, ռազմավարությունների մշակման հարցում»,– ասում է նա։
Պատմում, որ հեռավոր համայնքներում ապրող շատ երիտասարդներ ուղղակի չգիտեն՝ ընդհանրապես ինչ հնարավորություններ կան, որոնցից իրենք ևս կարող են օգտվել:
«Գնացել էի մի գյուղ, որտեղ ընդամենը 25 տնտեսություն կար, 9 երիտասարդ, որոնցից 3-ն արդեն որոշել էին ընտրել իրենց հոր ճանապարհը՝ գնալ խոպան։ Իսկ գյուղի աղջիկներից որևէ մեկը Երևանում անգամ չէր եղել։ Այդ ժամանակ հասկացա, որ հիմնական գործս իմ հասակակից այդ երիտասարդներին տեղեկություններ հաղորդելն է, աշխարհի ու իրենց հնարավորությունների մասին պատմելն ու աջակցելը»,– ասում է Գոհարիկը։
Հենց այս գաղափարը հիմքում ունենալով՝ մի քանի համախոհների հետ ստեղծեց «Մասնագիտական կողմնորոշման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն օգնում և ուղղորդում է երիտասարդներին՝ մասնագիտության ընտրության հարցում։
Գոհարիկն ասում է՝ կամավորությունն ու համայնքների երիտասարդության հետ շփումն իր համար ինքնաբացահայտման հրաշալի հնարավորություն էին։ Խոստովանում է՝ կամավորությունը շատ արագ «կախվածություն» է առաջացնում, քանի որ բավականությունը, որ ստանում ես անշահախնդիր կերպով որևէ մեկին ժպիտ պարգևելուց, օգնելուց, լավություն անելուց, չես համեմատի ուրիշ ոչնչի հետ։
Կամավորական գործունեության շրջանակում Գոհարիկը նախաձեռնեց մի արշավ, որը կոչվում էր «Կամավորությունից՝ հնարավորություն»։ Այն միավորեց հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող երիտասարդների, որոնք հավաքվում և կիսվում էին իրենց փորձով՝ միջազգային ծրագրերի մասնակցության կամ կրթական հնարավորությունների մասին։ Ու եթե արշավի մեկնարկին մասնակից երիտասարդների թիվը 60 էր, այսօր խմբում 5100 մարդ կա, որոնք ցանկանում են կամավորությամբ զբաղվել։
Գոհարիկն ասում է՝ այս ընթացքում բազմաթիվ կարծրատիպերի բախվեց, բայց տեսավ նաև, թե ինչպես են դրանք փշրվում, երբ փորձում ես դիմադրել։ Շատ դեպքերում, հատկապես հեռավոր համայնքներում բնակվող աղջիկներին թույլ չէին տալիս Գյումրի կամ Երևան գալ՝ քննարկումներին մասնակցելու:
«Ծնողներին նույնպես չպետք է մեղադրել, քանի որ նրանք մեծացել են մի միջավայրում, որտեղ անծանոթ իրողությունները նույնացվում են վտանգի հետ։ Բայց, միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ սա կարող է փոփոխվել, ես դա տեսել եմ։ Մեկ-երկու սեմինարի մասնակցությունից հետո այդ նույն երեխաների ծնողները գտնում էին ինձ սոցիալական կայքերում, ընկերանում հետս, փորձում հասկանալ իրենց երեխաների հետաքրքրության կամ ոգևորության պատճառը, և երբ վստահության մթնոլորտ էր ստեղծվում, այդ արգելքները վերանում էին։ Այս իմաստով պետք է զուգահեռաբար աշխատել ոչ միայն դեռահասների, այլև նրանց ծնողների հետ, աշխատել հետևողականորեն»,– համոզված է նա։
Ուսումնառության ավարտին Գոհարիկը որոշեց պրակտիկան անցնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Պատմում է, որ իր այս որոշումը զարմանալի էր թվում գրեթե բոլորին․ ինչպե՞ս է կարողանալու մարքեթինգի գիտելիքներն ու հմտությունները կիրառել կրթության ոլորտում։ Բայց ինքն անդրդվելի էր:
«Երբ անցա պրակտիկայի, կրթության ոլորտում ուսումնասիրություն նախաձեռնեցի, որովհետև հետազոտական գործիքները նույնն են թե՛ բիզնեսում, թե՛ մյուս բոլոր ոլորտներում։ Նպատակս մեկն էր՝ ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե ինչպես կարելի է հայաստանյան կրթությունը «վաճառել» հետխորհրդային պետություններում, Մերձավոր Արևելքում կամ մի շարք այլ երկրներում ապրող երիտասարդների համար։ Թեև ուսումնասիրությունս շատ խոր չէր, ես մի շարք հետաքրքիր բացահայտումներ արեցի, որոնք, իրոք, կարող են մեր կրթությունը ցանկալի դարձնել շատերի համար»,– պատմում է Գոհարիկը։
Այս ամենին զուգահեռ, երիտասարդ աղջիկը հասցրել է մի շարք միջազգային ծրագրերի մասնակցել, դառնալ դրանցից մի քանիսի հայաստանյան ներկայացուցիչ և նախագահության անդամ, օրինակ՝ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցը, «Էրազմուս ուսանողական ցանց Երևանը», «EU4Youth շրջանավարտների ցանցը» և այլն։ Գոհարիկը նաև «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության դպրոցի և «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտ է։
Այժմ Գոհարիկն աշխատում է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի գրասենյակում՝ որպես ծրագրի համակարգող, որտեղ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդների ներառում և մասնակցություն» ծրագիրը։ Այսօր ծրագրի ուշադրության կենտրոնում Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդ հայրենակիցներն են:
«Փորձում ենք ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ամենատարբեր գործիքների միջոցով հնարավորինս արագ և առանց տրավմաների ինտեգրել երիտասարդներին նոր միջավայրին, օրինակ՝ ստեղծելով ոչ ֆորմալ կրթական հարթակներ, իրականացնելով պարբերական հանդիպումներ մեր գրասենյակում, նաև երիտասարդական ճամբարներ ենք կազմակերպում»,– ասում է նա։
Առաջիկայում Գոհարիկը ծրագրում է «Մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՀԿ ուժերով կազմել փոքրիկ ուղեցույց, որի միջոցով հաջողության հասած երիտասարդները կփորձեն մի քանի ամիս մենթորություն անել հեռավոր համայնքներում բնակվող պատանիներին ու աղջիկներին՝ ուղղորդելով նրանց դեպի ցանկալի հնարավորություններ։
Կարևորելով ինքնակրթությունը՝ Գոհարիկը, այնուամենայնիվ, չի մոռանում ֆորմալ կրթության մասին։ Այսօր մտածում է ուսումնառությունն արտերկրում շարունակելու մասին՝ հատկապես կրթության կառավարման ոլորտում։ Առաջին քայլն արդեն արված է․ շուտով Գոհարիկը կմեկնի Ֆրանսիա՝ երկարաժամկետ փորձնակության ծրագրի մասնակցելու։ Կուսումնասիրի ոչ ֆորմալ կրթության և միջմշակութային հաղորդակցության ոլորտները՝ հետագայում միջազգային փորձը Հայաստանում կիրառելու նպատակով։