Արփենիկ Վարդանյանը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայրի վարչական ղեկավարն է: ՏԻՄ ոլորտում գործունեությունն սկսել է 13 տարի առաջ որպես առաջին կարգի մասնագետ, ապա՝ աշխատակազմի քարտուղար:
«Երբ առաջին անգամ համայնքապետարան մտա, շատ մտավախություններ ունեի: Մտածում էի՝ հանկարծ այնպիսի սխալ թույլ չտամ, որի պատճառով կտուժի համայնքը»,- հիշում է Արփենիկը:
«Հայրս առաջինն էր, որ խորհուրդ տվեց ուժերս փորձել տեղական ինքնակառավարման ոլորտում: Իսկ արդեն 2021-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ նաև համայնքի բնակիչներն էին հորդորում՝ ինչո՞ւ չես մասնակցում ընտրություններին, ինչո՞ւ չես մտնում քաղաքականություն: Երկմտությունները մի կողմ դնելու ու քաղաքական ուժերից մեկի առաջարկն ընդունելու հարցում կրկին հայրս քաջալերեց։ Ասաց՝ արի փորձի, քո մոտ հաստատ կստացվի»,- ասում է Արփենիկը։
Պատմում է, որ 44-օրյա պատերազմից հետո անցկացվող առաջին ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դժվարություններով լի է եղել:
«Պատերազմից հետո մարդիկ հիասթափված ու անտարբեր էին դարձել: Անվստահություն կար ամեն ինչի ու բոլորի նկատմամբ, շատ դժվար էր այդ պայմաններում քարոզարշավ անցկացնելը: Դեպքեր են եղել, երբ մեր առաջ ուղղակի փակել են դուռը՝ չցանկանալով մեզ լսել»,- հիշում է Արփենիկը, որին հենց այդ ընտրություններից հետո վստահվեց Արևաշատ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը:
Երկուսուկես տարի ղեկավար պաշտոնն զբաղեցնող Արփենիկ Վարդանյանը նկատում է՝ ժամանակի ընթացքում բնակիչներն աստիճանաբար հարմարվել են այն մտքի հետ, որ կինը ևս կարող է հաջողությամբ ղեկավարել:
«Համայնքում կան ընտանիքներ, որտեղ հայրիշխանական կարծրատիպերով պայմանավորված՝ որոշումների կայացման մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Սակայն մյուս կողմից՝ կանայք ավելի հաճախ ու ավելի հեշտությամբ են ինձ դիմում՝ հաշվի առնելով հենց կին լինելու հանգամանքը: Նրանք չեն կաշկանդվում, անհարմար չեն զգում: Գիտեն, որ որպես կին սրտացավորեն կլսեմ ու կարձագանքեմ իրենց հուզող խնդիրներին...»- ասում է Արփենիկը:
Քաղաքական գործընթացներում ներգրավվելու հարցում կարևոր դերակատարում է ունեցել նաև նրա գործուն մասնակցությունը միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ��անանց առաջնորդության ծրագրերին:
Դրանցից առաջինը 2020-ին Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն էր, որի շրջանակներում վերապատրաստված կին առաջնորդները պետք է իրենց համայնքներում եռամսյա դասընթացներ անցկացնեին՝ ուղղված կանանց առաջխաղացման ու մասնակցության խթանմանը։
«Բավականին դժվարությամբ հնարավոր դարձավ կյանքի կոչել այդ գաղափարն ու ապահովել կանանց մասնակցությունը դասընթացներին: Դեպքեր են եղել, որ կանանց խնդրանքով զանգահարել եմ նրանց ըն��անիքի անդամներին՝ բանակցելու, խնդրելու, համոզելու, որ իրենց կնոջը կամ երիտասարդ աղջիկներին թույլ տան գալ, մասնակցել ծրագրին»,- պատմում է Արփենիկը:
Հենց այդ դասընթացների արդյունքում է նա հասկացել, թե որքան կարևոր է կանանց ակտիվացնելու համար օրինակ ծառայել նրանց։
Կանանց առաջնորդությունը խթանող ծրագրերի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն աչքի տակ ունենալով՝ նա այսօր փորձում է սատարել բոլոր այն կանանց, որոնք ունեն իր աջակցության կարիքը:
«Կանանց փոխաջակցությունը շատ մեծ նշանակություն ունի արդյունքի հասնելու համար: Եվ դա հավասարաչափ կարևոր է թե՛ նրանց համար, ովքեր առաջ են գնում այդ օգնության շնորհիվ, թե՛ նրանց՝ ովքեր օգնում են»,- ասում է նա:
Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած կինը վստահ է՝ կանանց փոխաջակցության ապահովման պարագայում նրանք ավելի ներկայացված ու ներգրավված կլինեն պատասխան��տու պաշտոններում, ինչը հնարավորություն կտա ավելի լիարժեք օգտագործել կանանց ներուժը երկրի զարգացման ու կայացման ամենատարբեր ոլորտներում:
«Տղամարդիկ դժվարությամբ են զիջում իրենց դիրքերը, պատճառաբանելով, թե կինը թույլ սեռի ներկայացուցիչ է ու չի կարող հաղթահարել առկա մարտահրավերները: Ես չեմ կիսում այդ տեսակետը: Կարծում եմ, կանայք կարողանում են լավագույն լուծումներ գտնել ցանկացած, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում»,- ասում է Արփենիկն ու վերհիշում օրերը, երբ ճգնաժամային ծանր իրավիճակում թիկունքային աջակցության աշխատանքների մեծ մասը կանայք կամովին վերցրել էին իրենց ուսերին:
Այսօր, երբ շարունակ ավելանում է կանանց դերակատարման անհրաժեշտությունը ամենատարբեր օղակներում, Արփենիկը խորհուրդ է տալիս՝ չերկմտել:
«Փորձեք ձեր ուժերը, եթե ձեզ տեսնում եք այդ ոլորտում, բայց և պատրաստ եղեք ներդնելու ձեր ողջ ներուժը, ուշադրությունը, ժամանակը, ջանքերը և դիմակայելու բազմաթիվ դժվարությունների, որովհետև ձեռքբերումների հետ մեկտեղ մեծ է նաև վրիպելու ու սխալվելու հավանականությունը»,- ասում է նա ու փոխանցում կյանքում ստացած իր լավագույն դասը՝ չկորցնել սեփական «ես»-ն ու բարձր չդասել անձնական շահը հանրային շահից:
Գայանե Սարգսյան