Առաջին անգամ եմ ձեռքիս 5000 տարեկան առարկա պահում։ Այն էլ ի՜նչ առարկա․ հնագույն ժամանակներում ապրած կովի ոսկոր։ Սա ինձ համար անսովոր զգացողություն է, իսկ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտաշխատողների համար՝ առօրյա աշխատանքի մի մաս։ Լաբորատորիայի հետազոտող Սաթենիկ Մկրտչյանի հետ գնում եմ նրա աշխատասենյակ։ Սեղանին՝ սկուտեղների վրա ու տոպրակների մեջ, մեծ ու փոքր ոսկորներ են։ Ոսկորը, որը ես պահում եմ իմ ձեռքում, և պեղումների ժամանակ հայտնաբերված մյուս ոսկորները մեզ պատմում են, թե ինչպիսին էր կյանքը Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ առաջ, ինչ ապրելակերպ ու հարաբերություններ ունեին մարդն ու կենդանիները։
Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան 17 տարեկան է։ Լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը հիշում է՝ 1990-ականներին, երբ ծանր ժամանակներ էին, այդ թվում՝ գիտության համար, ինքը՝ որպես անկախ գիտաշխատող, զբաղվում էր գենետիկական հետազոտություններով։ 1992-ից նա և մի խումբ այլ գիտնականներ սկսեցին համագործակցել արտասահմանյան մասնագետների հետ։ Իսկ 2007-ին Լևոն Եպիսկոպոսյանը դիմեց Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի՝ այն ժամանակվա տնօրեն Աննա Բոյաջյանին և առաջարկեց սկսել գիտական նոր ուղղություն։ Այդպես ինստիտուտում հիմնվեց Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան։
Սաթենիկն Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայում է 2019-ից։ Նա հիշում է՝ մասնագիտական ընտրությունը բժշկի ու կենսաբանի միջև է կատարել։ Ընդունվեց Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, բայց մտածում էր, որ գուցե մտափոխվի ու տեղափոխվի Բժշկական համալսարան։ Ամեն բան փոխվեց, երբ մի օր համալսարանում սեմինար անցկացրեց Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի անդամներից Մարիա Անտոնոսյանը։
«Ես այդ ժամանակ երկրորդ կուրսում էի սովորում, իսկ լաբորատորիայի խումբը Արցախի Քարին տակի պեղումներն էր իրականացնում։ Ինձ մանկուց դուր են եկել հնագիտությունը, բնությունը, քարերը, և այդ ամենի հետ աշխատելը շատ հետաքրքրեց ինձ»,- պատմում է նա։
Սաթենիկը որոշեց միանալ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիային, գնաց Քարին տակի քարանձավ, հագավ համապատասխան հանդերձանքն ու մտավ քարայր՝ մասնակցելու պեղումներին։ Հենց այդ ժամանակ նա հասկացավ, որ Բժշկական համալսարան չի տեղափոխվելու․ մասնագիտական ճիշտ ընտրություն է կատարել։ Այժմ Սաթենիկը սովորում է ասպիրանտուրայում և ուսումնասիրում Վայոց ձորի Եղեգիս-1 քարանձավի գտածո ոսկորները։
Եղեգիսի պեղումներն սկսվեցին 2021-ին, իսկ 2023-ին արշավախմբին միացավ Գայանե Նազարյանը։ Երբ Գայանեն առաջին անգամ ինստիտուտ եկավ, Լևոն Եպիսկոպոսյանը Սաթենիկին հանձնարարեց նրան տանել այն սենյակ, որտեղ 300-ից ավելի մարդկային կմախքներ կան պահված։
Գայանեն հիշում է այն կարճ խոսակցությունը, որ այդ սենյակ այցից հետո ունեցան ինքն ու պարոն Եպիսկոպոսյանը․
- Վախեցա՞ր։
- Չվախեցա։
- Ուրեմն վաղվանից պրակտիկայի կգաս։
Սաթենիկը պատմում է, որ շատ է եղել, երբ ուսանողները եկել են այստեղ ու վախեցել են դիպչել կմախքներին։ Հենց դա է պատճառը, որ Լևոն Եպիսկոպոսյանն այս կերպ է «փորձել» Գայանեին։
Գայանեն ու Սաթենիկը ինձ էլ են ցույց տալիս սենյակը։ Շատ տարօրինակ զգացողություն է մի սենյակում տեսնել հարյուրավոր «մարդկանց», որոնց միայն ոսկորներն է ժամանակը պահպանել։
Գտածո ոսկորները հիմնականում միջնադարյան շրջանից են․ դա գիտակցելուց հետո մտածում եմ՝ թեև այս տեսարանից չվախեցա, դժվար թե կարողանայի դրանց հետ աշխատել։
Դեպի Եղեգիս
Եղեգիսում հայ-գերմանական արշավախումբը պեղումները սկսեց 2021-ին, երբ հնագետ Կարեն Ազատյանը հնագիտական հետախուզական աշխատանքների շնորհիվ հայտնաբերեց Եղեգիսի քարայրը և այնտեղ խեցեղեն ու օբսիդիաններ գտավ։
«Ինչն է հետաքրքիր, որ Եղեգիսի տարածքում օբսիդիանի աղբյուրներ չկան, և հետազոտությունները ցույց են տվել, որ դեռևս այդ ժամանակահատվածից սկսած՝ մարդիկ գնացել են Գութանասար, Արտենի, Հատիս և այլ վայրեր՝ օբսիդիան բերելու և օգտագործելու համար»,- ասում է Սաթենիկը։
Այսպիսով, սկիզբ դրվեց Մոլեկուլային կեսնաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Երկրամարդաբանության ինստիտուտի միջև համագործակցությանը։
Սաթենիկն ու Գայանեն հիշում են՝ պեղումներից առաջ «զինվում էին» մաղերով, բահերով ու ոսկորները հավաքելու փաթեթներով, ապա ճանապարհ ընկնում դեպի նպատակակետ՝ Եղեգիս։ Հնագետները, մարդաբաններն ու կենդանաբանները միասին պեղում էին քարայրի տարածքը, ապա գտածոները դաշտային լաբորատորիայում մաքրում փոշուց։
Իսկ օրվա ավարտին գիտնականները գնում էին իրենց կացարան, որի շենքը խորհրդային շրջանում ծառայել է որպես ճամբար։ Գայանեն սիրում էր երեկոները նստել դաշնամուրի դիմաց, որն այս շենքում է դեռ խորհրդային տարիներից, ու նվագել գործընկերների համար։
2021-ից սկսած՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի թիմը և նրանց գործընկերներն ամեն ամառ Եղեգիսում պեղումներ են անցկացնում, քարայրի գտածոներից առանձնացնում կենդանիների ոսկորներն ու Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում սկսում դրանց ուսումնասիրությունը։
Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականներն ու նրանց հետ համագործակցող հնագետները, մարդաբանները և երկրաբանները Եղեգիսի քարայրում 6 ժամանակագրական շերտ են հայտնաբերել, որոնցից ամենահինը թվագրվում է մ․թ․ա․ 4-րդ հազարամյակ։ Ընդ որում՝ այդ բոլոր շերտերում գտնված ոսկորները պատկանում են նույն տեսակի կենդանիների։ Երեք տարիների ընթացքում ընտանի և վայրի կենդանիների մոտ 30 000 նմուշ է հավաքվել։
«Այս կենդանատեսակների առկայությունից նաև կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ հնագույն մարդիկ անասնապահությամբ են զբաղվել, իսկ վայրի կենդանիների ոսկրային մնացորդները վկայում են որսորդության մասին»,- մանրամասնում է Սաթենիկը։
Սաթենիկը վերջերս հնագետների խմբի հետ սկսել է պեղումների մասնակցել նաև Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։ Այստեղ, հուրախություն նրա, կենդանիների բազմաթիվ ոսկորներ են հայտնաբերել, և ուսումնասիրելու շատ բան կա։
«Անցյալ տարի էլ էինք այնտեղ պեղումների, բայց հիմնականում մարդկանց կմախքներ ենք գտել, այս տարի ավելի շատ կենդանիներ կան, ընդ որում՝ [Լեռնակերտի] դամբարաններում կենդանիների ամբողջական կմախքներ են պահպանվել։ Մենք հիմնականում գտնում ենք ոչ թե ամբողջական կմախք, այլ ոսկրային բեկորներ՝ կախված տարբեր պայմաններից, թե որտեղ է պեղվում նյութը։ Կենդանական ոսկորների մակերեսային փոփոխությունների շնորհիվ հնարավոր է լինում հասկանալ՝ տվյալ կենդանին որպես սնունդ է օգտագործվել գիշատիչ կենդանիների՞, թե՞ մարդկանց կողմից»,- մանրամասնում է Սաթենիկը։
Իսկ Գայանեն հնագետների մեկ այլ խմբի հետ ուսումնասիրում է Լոռի բերդի գտածո ոսկորները։ Վերջերս էլ մեկնել էր Գերմանիա՝ Մաքս Պլանկի անվան Երկրամարդաբանական ինստիտուտ՝ ծանոթանալու կենդանիների գտածո ատամների ուսումնասիրման մեթոդին։
Ի տարբերություն Եղեգիսի՝ Լոռի բերդում շատ են սմբակավոր կենդանիների մնացորդները․ այստեղից գտնվել են ձիերի, կովերի և խոզերի ատամներ։
Կենդանական ոսկորների հետազոտություններով Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները պատասխանում են տարածաշրջանային մի շարք հնակենդանաբանական և հնագիտական հարցերի․ ի՞նչ փոխհարաբերություններն են ունեցել մարդն ու կենդանիները հազարամյակներ առաջ, մարդն ընտանի կենդանիներ պահե՞լ է, որսորդությամբ զբաղվե՞լ է, ոսկորներից զենք կամ զարդեր պատրաստե՞լ է, և, ի վերջո, ինչպիսի՞ կենսամիջավայրում են ապրել կենդանիները։
Երբ միասին աշխատում են կենսաբանը, հնագետն ու մարդաբանը
Բացի հնակենդաբանությունից՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայում ուսումնասիրում են հայկական գենոֆոնդի առանձնահատկությունները։ Վերջերս լաբորատորիայի թիմը հերքել է Հերոդոտոսի հետ կապվող այն վարկածը, համաձայն որի՝ հայերի նախնիները Հայկական բարձրավանդակ են եկել Բալկանյան թերակղզուց։ Գիտնականներն ուսումնասիրել են հայերի, Բալկանյան թերակղզում ու Փոքր Ասիայում ապրող/ապրած բնակիչների գենետիկական տվյալներն ու դրանց միջև որևէ կապ չեն գտել։
Լաբորատորիան հետազոտում է նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում մարդու ապրելակերպի փոփոխությունները՝ բրածո նյութի հիման վրա վերականգնելով մեր տարածաշրջանի կենսաբանական բազմազանությունը։
Լևոն Եպիսկոպոսյանը, որը զբաղվում է հենց մարդու գենոմի ուսումնասիրությամբ, անկեղծանում է՝ հնակենդանաբանությունը գենետիկայի համար շատ ավելի հետաքրքիր ոլորտ է։ Պատճառն, ըստ գիտնականի, այն է, որ իրենց հետազոտության սահմաններում գործ ունեն մարդկային ոսկրանյութի ընդամենը մեկ տեսակի՝ Մարդ բանականի, և առավելագույնը 7-8 հազար տարվա վաղեմության նյութի հետ։ Կենդանիների դեպքում աշխատում են շատ ավելի բազմազան և անհամեմատ խոր արմատներով տվյալների հետ։
Ժամանակն է հասկանալու, թե ինչ տվյալներ են օգտագործում գիտնականները պոպուլյացիաների, էթնիկ խմբերի գենոֆոնդն ուսումնասիրելու համար։
ԴՆԹ-ն գենետիկական տեղեկություն կրող մոլեկուլ է։ Դրա առանձին հատվածները գեներն են, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ տվյալներ է պարունակում օրգանիզմի կառուցվածքի ու ֆունկցիաների մասին։ ԴՆԹ-ն պարունակում է նաև չեզոք հատված, որը կազմում է ԴՆԹ-ի մեծ մասը։ Չեզոք հատվածն ու գեները միասին կազմում են գենոմը։ Գենոմն անփոփոխ չէ․ ինչ-ինչ պատճառներով նրա որոշ մասերում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոնք անվանում են մուտացիաներ։ Սրանցից շատերը փոխանցվում են ժառանգաբար՝ անցնելով հաջորդ սերունդներին։
Լևոն Եպիսկոպոսյանը բացատրում է՝ ազգերի առաջացումը պայմանավորված է որոշակի սահմանների ձևավորմամբ, կլինեն դրանք աշխարհագրական, թե պետական/իշխանական սահմաններ։ Որևէ խումբ մեկուսանում է, ապրում իր կյանքով, իր լեզվով խոսում, խմբի ներսում ամուսնություններ են տեղի ունենում, որոնց հետևանքով առաջանում են տվյալ խմբին բնորոշ մուտացիաներ։ Եվ մարդկանց որոշակի խմբեր, կլինեն էթնիկ խմբեր կամ մարդկանց այլ միավորումներ (օրինակ՝ կրոնական, ցեղային), մյուս խմբերից տարբերվում են հենց իրենց մուտացիաներով, որոնց մասին կարելի է իմանալ ԴՆԹ-ի ուսումնասիրությամբ։
«Ողջ մարդկությունը գենային շատ նման կառուցվածք ունի։ Որևէ խմբի գենետիկական առանձնահատկությունները պայմանավորված են որոշակի մուտացիաներով։ Այսինքն՝ չկա հայու գեն ասվածը, ուղղակի մեր գենոմում չնչին առանձնահատկություններ կան, որոնք մեզ մի էթնոսի մեջ են միավորում, նույնը՝ մնացած ազգերի դեպքում»,- ասում է Լևոն Եպիսկոպոսյանը։
Գիտնականն ինձ նաև պատմում է միջնադարյան ներխուժումների գենետիկական ազդեցության մասին։ Արաբների, սելջուկների, մոնղոլների արշավանքները դեպի մեր տարածաշրջան համարյա չեն ազդել հայերի, վրացիների, Իրանի կենտրոնական հատվածի բնակիչների գենոֆոնդի վրա, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում ապրած ժողովուրդների վրա շոշափելի (մոտ 15%) ազդեցություն են ունեցել։ Այստեղ նա կարևորում է նաև այն հանգամանքը, որ հավատը, ազգային առանձահատկությունները թույլ չեն տվել հայերին միախառնվել, ամուսնանալ այդ խմբերի ներկայացուցիչների հետ, ու գենոֆոնդը նաև այդ պատճառով գրեթե անփոփոխ է մնացել, ազդեցություն չի կրել։
Լաբորատորիայի ղեկավարը շեշտում է, որ մեր տարածաշրջանի գենետիկական հետազոտությունները միայն մեզ համար չէ, որ կարևոր են։ Տարածաշրջանը հետաքրքիր է հատկապես եվրոպացի հետազոտողներին, քանի որ մարդու տեղաշարժի տարբեր ալիքներ այստեղով են անցել։ Աֆրիկայից բանական մարդը անցել է Մերձավոր Արևելք, այդտեղից Հայկական բարձրավանդակով հասել Եվրոպա, ինչը խոսում է այն մասին, որ եվրոպացիների նախնիները հետքեր են թողել մեր տարածաշրջանում։ Լևոն Եպիսկոպոսյանը նշում է, որ իրենց հետազոտությունների շրջանակում մշտապես համագործակցում են Արևմտյան Եվրոպայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի գիտնականների հետ։
Լաբորատորիայի ղեկավարի խոսքով միջազգային համագործակցությունները շահավետ են հայ գիտնականների համար․ դրանց շրջանակում նրանք կարողանում են արտասահմանյան գիտական կենտրոններ վերապատրաստումների մեկնել, օգտվել գիտական սարքերից, որոնք Հայաստանում չկան։
Լևոն Եպիսկոպոսյանը ասում է՝ միջազգային գիտական կենտրոնների հետ համագործակցություններով է պայմանավորված նաև հայ գիտնականների դիրքը գիտության մեջ։
«Չկա միայն հայկական գիտություն,- գիտնականը հնչեցնում է իրենց թիմի կարգախոսներից մեկը, ապա շարունակում։- Մենք պե՛տք է մյուս երկրների գիտությանը հավասար մակարդակի վրա լինենք․ դա վերաբերմունք էլ է ձևավորում»։
Վերջում թեյ խմենք ու խոսենք աշխատանքային հարաբերություններից
Ժամը 13։00-ն է․ դա նշանակում է, որ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի թիմը հավաքվում է լաբորատորիայի՝ ձախից առաջին սենյակում ու թեյ խմում։ Գայանեն ու Սմբատը, որը թիմին նոր է միացել, սուրճի սիրահար են, բայց Սաթենիկին հաջողվել է նրանց մոտ թեյի հանդեպ ևս սեր առաջացնել։ Թեյի սեղանի շուրջ գիտնականներն, ինչից ասես, զրուցում են։ Իսկ տարիքային տարբերությունները, ինչպես Սաթենիկն ու Գայանեն են նշում, իրենց հարաբերություններում խոչընդոտ չեն, թիմում և՛ ավագ սերնդի ներկայացուցիչներ կան, և՛ երիտասարդներ․ կարևորը՝ մեկը մյուսին հարգում է ու օգնում։
«Մարդու բնավորությունից են գալիս լավ հարաբերությունները, ոչ թե տարիքից։ Լևոն Միխայիլովիչը (Սաթենիկն ու Գայանեն այդպես են դիմում Լևոն Եպիսկոպոսյանին,- խմբ․) մեզ երբեք չի սահմանափակում, ընդհակառակը՝ մեր գաղափարների առաջին խրախուսողն է»,- անկեղծանում է Սաթենիկը։
Թեյելուց հետո Գայանեն ու Սաթենիկը գնում են Եղեգիսի ոսկորները նույնականացնելու, Սմբատն ու պարոն Եպիսկոպոսյանն էլ իրենց աշխատասենյակ մտնում ու կենտրոնանում մարդու գենոմի ուսումնասիրության վրա։ Թիմի համար սովորական մի աշխատանքային օր է մոտենում ավարտին, իսկ իմ հիշողության մեջ դեռ վառ են մարդկային կմախքներով լի սենյակն ու կանաչ թեյի թարմ բույրը։
Հեղինակ՝ Անի Խաչատրյան, տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի
«Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։