Loading

Կորստի ու ցավի «ինադու», սիրով՝ Արցախից Ինչպես Շողերն ու Նինան դարձան բոլորի ձայնը

Արցախի իննամսյա շրջափակման օրերին 23-ամյա Շողեր Սարգսյանն ու Նինա Շահվերդյանն իրենց «Ինադու» փոդքասթով դարձան 120 հազար հայրենակիցների չլսված ձայնը։ Աղջիկները որոշեցին պատմել իրենց ու Արցախի պայքարի մասին՝ աշխարհի լռության, հակառակորդի դաժանության ու կյանքի անարդարության ինադու։

Շողեր Սարգսյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Մասնագիտությամբ լրագրող է, վերջին տարիներին աշխատել է Արցախի հանրային հեռուստաընկերությունում։ Շողերն ասում է՝ լրագրության մեջ երբեք չի տարվել քաղաքականությամբ կամ հետազոտական աշխատանքով, իրեն միշտ հետաքրքրել են իր կողքին ապրող մարդիկ ու նրանց պատմությունները:

«Հեռուստատեսությունում հարցազրույցներ էի վարում ուղիղ եթերում տարբեր մասնագիտությունների և նախասիրությունների տեր մարդկանց հետ։ Միևնույն ժամանակ, ինձ համար հիմնական զբաղվածությունը միշտ համարել եմ պետական դրամատիկական թատրոնում իմ աշխատանքը։ Մանկուց հաճախում էի թատերական խմբակ, բայց դա ընդունում էի որպես մանկական հոբբի։ Թատրոնում հիմնական աշխատանքի անցա միայն 44-օրյա պատերազմից հետո, երբ ինձ հրավիրեցին մանկական ներկայացման մեջ խաղալու։ Հիմա եմ հասկանում՝ շատ բաներ Արցախն էր իմ փոխարեն որոշում, կարծես հասկացնելով, թե որտեղ կարող եմ ավելի օգտակար լինել։ Եվ հենց այդ պատճառով է, որ գուցե անսպասելիորեն, բայց միշտ հայտնվել եմ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»,– ասում է Շողերը։

Սիրով է հիշում պապի պատմությունները Ստեփանակերտի իրենց տան, գետից բերված գլաքարերով այն կառուցելու, շենացնելու և մի ամբողջ կյանք այնտեղ ապրելու մասին։ Շողերի համար միշտ առանձնահատուկ կարևորություն է ունեցել իր պապենական տունը, որտեղ ապրել է Սարգսյանների մեծ ու համերաշխ գերդաստանը։

«Մինչև պապիս մահը՝ տանը 12 հոգով էինք ապրում։ 15 կատու ունեինք, վերջին տարիներին՝ 2 շուն ու 3 կրիա, որոնց, ցավոք, ստիպված եղանք թողնել՝ բռնի տեղահանության ժամանակ։ Ես շատ երջանիկ, ուրախ մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հաղթանակի սերունդն էինք։ Կենցաղային դժվարությունները շատ էին, բայց այդ ամենն արդարացում ուներ․ մենք Արցախում էինք, մենք տանն էինք»,– հիշում է Շողերը։

2022-ի դեկտեմբերի 11-ին՝ Արցախի շրջափակումից մեկ օր առաջ, երիտասարդ աղջիկը թատրոնի իր խաղընկերների հետ մեկնել էր հյուրախաղերի։ Վերադարձից հետո Շողերը ստիպված էր երեք ամիս ապրել Երևանում՝ ընտանիքից և տանից հեռու, առաջին անգամ միայնակ նշել իրենց ամենասիրելի ընտանեկան տոնը՝ Ամանորը։ Ամիսներ տևած համառ խնդրանքներից հետո միայն Շողերին հաջողվեց վերադառնալ Արցախ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ:

«Մինչ օրս էլ համոզված եմ, որ դա եղել է կյանքիս ամենաճիշտ որոշումը։ Նույնիսկ հետագա աղետը տեսնելուց, բոլոր դժվարությունները կրելուց հետո երբեք մտքիս ծայրով անգամ չի անցել, որ կարող էի Երևանում մնալ։ Անգամ շրջափակման ընթացքում երբեք չեմ մտածել, որ ստիպված եմ լինել այնտեղ. միշտ համոզված եմ եղել, որ իմ ճիշտ տեղում եմ: Այլ հարց է, որ վիճակն օր օրի վատանում էր, և մենք ամեն բան անում էինք՝ փորձելով ուղղակի չխելագարվել: Բայց հիմա, երբ մտածում եմ, վստահ եմ, որ ես և իմ շրջապատի բազմաթիվ մարդիկ պատրաստ էինք դեռ երկար կրել այդ զրկանքները, միայն թե Արցախը չկորցնեինք»,– ասում է Շողերը:

Խոստովանում է՝ վերջին անգամ վերադառնալիս չէր մտածում, որ պայքարը ամիսներ է տևելու: Համոզված էր՝ շուտով ճանապարհը կբացվի, և ամեն բան կկարգավորվի: Շողերը հիշում է՝ կենցաղային խնդիրներն այնքան էին սրվել, որ այլևս հնարավոր չէր մտածել ապագայի մասին, ստեղծագործել, երազել, որովհետև անընդհատ ստիպված էիր մտածել առաջնային կարիքները հոգալու, բառացիորեն հաց հանապազօրյայի մասին:

Հենց այս օրերին էր, որ ընկերուհու՝ Նինա Շահվերդյանի մտահղացումը փրկօղակ դարձավ:

«Նինայի հետ ծանոթացել ենք ավագ դպրոցում: Կես տարի նույն դասարանում ենք սովորել: Ես շատ ինքնամփոփ էի, ինքս ինձ համար որոշել էի, որ նոր դպրոցից ինձ միայն գիտելիքներ են պետք, ոչ թե ընկերներ: Եվ մի օր հանկարծ Նինան եկավ, նստեց իմ կողքին ու այլևս երբեք չհեռացավ կողքիցս: Մենք բնավորությամբ շատ տարբեր ենք, Նինան՝ ավելի հախուռն, գաղափարներ գեներացնող, ես՝ ավելի հանդարտ, ռիսկերը հաշվարկող: Նինան կենտրոնանում է գաղափարի վրա, ես՝ դրա հեռանկարի: Կարծում եմ՝ մենք շատ ներդաշնակ հավասարակշռության ենք բերում միմյանց, ինչից էլ ծնվում են լավ գաղափարներ: Շատ բան եմ սովորել Նինայից և շարունակում եմ սովորել: Բայց ամենակարևորը՝ մեզ միավորում է ընդհանուր արժեհամակարգը, որի առանցքը Արցախն է»,– ասում է Շողերը:

Երկուսով փոդքասթ վարելու գաղափարը Նինան դեռ վաղուց ուներ, բայց Շողերին համոզել չէր հաջողվում: Շրջափակման ընթացքում Նինան սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար անդրադառնում էր ստեղծված իրավիճակին, պատմում Արցախում կատարվող իրադարձությունների մասին: Շուտով հետևորդների արձագանքից պարզ դարձավ, որ այդ ձևաչափն այլևս բավարար չէ, նոր բան մտածելու կարիք կա:

«Ես էլ էի հասկանում, որ բավարար ջանքեր չեմ գործադրում իրականության մասին պատմելու, իրավիճակ փոխելու ուղղությամբ, և փոդքասթ վարելու Նինայի առաջարկը հարմար առիթ էր դա անելու: Տեխնիկական բնույթի, կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվում էր Նինան: Երկուսս էլ կվախենայինք նման բան միայնակ նախաձեռնելուց, բայց միասին այդ ամենն ավելի հեշտ էր թվում: Անվանումն էլ առաջացավ շատ պատահաբար: Քայլում էինք Ստեփանակերտում, երբ Նինան հարցրեց՝ Շո՛ղ, դու ինչո՞ւ ես ապրում Արցախում: Ասացի՝ ինադու, հակառակորդի ինադու, ինքս իմ ինադու, բոլորի ինադու: Եվ հենց սկզբից էլ որոշեցինք, որ մեր փոդքասթը նկարահանվելու է ցավի, կորստի, իրավիճակի ինադու, սիրով՝ Արցախից»,– պատմում է Շողերը:

Փոդքասթը շատ արագ լայն տարածում գտավ Հայաստանում: Առաջին ձեռքից ստացվող տեղեկությունները կարևոր էին՝ Արցախում տիրող իրավիճակը հասկանալու համար: Կարճ ժամանակ անց, ի զարմանս հեղինակների, փոդքասթը ճանաչելի դարձավ նաև Արցախում:

«Մենք հասկանում էինք, որ ներսից տեղեկությունների պակաս կա, և Հայաստանում ու Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, իրոք, հետաքրքրված են մեր եթերներով, բայց նաև գիտեինք՝ որքան դժվար է ցավի մասին պատմել այն մարդկանց, որոնք այդ ցավի կրողներն են, կիսում են այն քեզ հետ: Որոշ ժամանակ անց մեզ սկսեցին ճանաչել փողոցում, մոտենալ, խոսել: Գովեստի խոսքեր, իհարկե, չէին ասում, դրա տեղն ու ժամանակը չէր, բայց քննադատություններ ևս երբեք չեն եղել»,– պատմում է Շողերը:

Հիշում է՝ ամենածանրը հայրական տանը հրաժեշտ տալն էր և Արցախից դուրս գալու որոշումը, որ կայացրեց մի քանի անգամ: Առաջինն այն օրն էր, երբ մարտական դիրքերից վերադարձավ զինծառայող հայրը: Այդ պահին Շողերը հասկացավ՝ իրեն պաշտպանող այլևս չի լինի: Երկրորդ անգամ մտովի հրաժեշտ տվեց սիրելի ննջեցյալներին, որովհետև քաղաքի գերեզմանատունն արդեն վերահսկվում էր հակառակորդի կողմից: Վերջնականապես տանը հրաժեշտ տվեց՝ մի ամբողջ կյանք փոքրիկ պայուսակի մեջ տեղավորելիս, իր հետ վերցնելով միայն սիրելի խաղալիքը՝ փափուկ արջուկը, մի քանի գիրք, որ իրեն էին նվիրել պապն ու ծնողները, և մի բուռ հող՝ իրենց բակի թթի ծառի տակից, որն այդտեղ աճել է դեռ այն ժամանակ, երբ պապն ու իր ծնողները կառուցում էին տունը:

Տեղահանությունից ժամեր առաջ աղջիկները նկարահանեցին հերթական դրվագը, որն ամենադժվարն էր, որովհետև վերջինն էր լինելու Արցախից:

«Ես քայլում էի դեպի Նինայենց տուն ու տեսնում էի մարդկանց, որ անտուն էին, որ կորցրել էին հարազատների, որ չունեին այլևս հույս: Ես տեսնում էի մարդկանց, որ այրում էին իրենց ընտանեկան լուսանկարները, որ դրանք հանկարծ չպղծվեն, իրար վրա կուտակված զինվորական համազգեստները ու հասկանում էի, որ ես այլևս չեմ ճանաչում քաղաքը, որտեղ ծնվել և մեծացել եմ: Մենք չգիտեինք՝ ինչ էինք խոսելու, բայց պայմանավորվել էինք, որ չենք մոնտաժելու մեր զրույցը: Բարդ էր, որովհետև ես, ըստ էության, ասելիք էլ չունեի, ես ամբողջությամբ սպառված էի: Մենք միայն ցավ ունեինք, որի մասին էլ խոսեցինք»,– հիշում է Շողերը:

Ընկերուհիներն աշխատում են չհիշել տեղահանության վերջին օրերը, աչքի առաջ փոխված, անճանաչելի դարձած հայրենի քաղաքը՝ մտքում պահելով հայրենիքի այն պատկերը, որտեղ իրենք ճիշտ տեղում էին, տանը: Մինչև օրս էլ չեն ուզում հավատալ, որ թողել են տունը՝ այլևս առհավետ: Հիմա ափսոսում են, որ ոչ մի նկար չունեն իրար հետ՝ հայտնի «Մենք ենք, մեր լեռները» (Տատիկ-պապիկի) հուշակոթողի մոտ:

Այսօր աղջիկները շարունակում են փոդքասթի նկարահանումները՝ արդեն Երևանում: Եվ չնայած բոլոր դժվարություններին՝ նրանք համոզված են՝ անգամ Արցախը կորցնելուց հետո նրա ձայնը պետք է լսելի լինի: