Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը վստահ է՝ Հայաստանը չիրացված ռեսուրսների երկիր է․ դրանք ուղղակի պետք է նկատել և զարգացնել։
Առաջին անգամ Հայաստանն իր ողջ խորությամբ Սիսիանը տեսավ և ընկալեց միայն հինգերորդ այցի ընթացքում՝ 2019 թ․, երբ Birthright Armenia («Դեպի Հայք») կազմակերպության միջոցով երկարաժամկետ կեցության եկավ Հայաստան։ Հայրենիքի հետ կապը Պօղոսեանների ընտանիքում երբեք չի ընդհատվել, ավելին՝ պահպանվել և փոխանցվել է սերնդեսերունդ, սուրբ մասունքի պես։
«Ծնվել և մեծացել եմ Իրանում։ 12 տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Կանադա՝ մշտական բնակության։ Իրանում հայկական զորեղ համայնք կա, ընկերներս, հիմնականում, հայեր էին, հաճախում էի հայկական դպրոց, և, թերևս, դա է նաև նպաստել մեր՝ հայրենիքի հետ այսքան սերտ կապի պահպանմանը։ Բացի այդ, ծնողներս ջանում էին, որ մենք հաճախակի լինեինք Հայաստանում։ Կանադա տեղափոխվելուց հետո միջավայրս, բնականաբար, փոխվեց։ Այնտեղ հայ համայնքը մեծ չէ, բայց, միևնույն է, աշխատում էինք ներգրավված լինել համայնքային բոլոր միջոցառումներում, պահպանել կապը հայրենակիցների հետ»,– պատմում է Սիսիանը։
Որպես մասնագիտություն ընտրելով բիզնեսի կառավարումը՝ մագիստրոսի կոչում ստացավ Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցում՝ «Մարքեթինգ և կազմակերպական վարքագիծ» մասնագիտացմամբ: Մոտ 15 տարի աշխատեց սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում՝ հիմնականում գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման և մարքեթինգի ասպարեզում:
Կանադայում ապրելու 23 տարիներին Սիսիանն ընտանիքի հետ բազմիցս եղել էր հայրենիքում, շրջել Հայաստանի գողտրիկ անկյուններում, տեսել ու վայելել երկիրը՝ որպես զբոսաշրջիկ։ Բայց, միևնույն է, միշտ էլ գիտակցել է՝ Հայաստանը ճանաչելու համար ժամանակը չի բավականացնում։ Հենց դա էր պատճառը, որ 2019 թ․ ձեռքից բաց չթողեց Հայաստանում 5 ամիս ապրելու և աշխատելու հնարավորությունը:
«Միայն այդ այցիս ժամանակ զգացի Հայաստանի համն ու հոտը, և նույնիսկ բախվելով կենցաղային խնդիրների՝ հաղթահարեցի դրանք, տեսա երկրի խորությունը, անչափելի գեղեցկությունը, հասկացա, թե որքան ռեսուրս ունի մեր հայրենիքը, զգացի Հայաստանի գրավչությունը։ Երկար տարիներ ապրելով Կանադայում՝ հասկացել եմ, թե որքան բարդ է մեծ տարածք ունեցող երկրում փոփոխություններ կատարելը: Հայաստանում, ի հաշիվ փոքրության, նկատելի փոփոխությունների հասնելը շատ ավելի հեշտ է, և մենք պետք է դիտարկենք այդ հանգամանքը՝ որպես կարևորագույն ռեսուրս»,– ասում է Սիսիանը։
Խոստովանում է՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ինքը որպես կին իրեն անվտանգ է զգում։ Ասում է՝ որ ժամին էլ լինի, ինչ խնդիր էլ առաջանա, Հայաստանում ապրողը գիտի՝ իրեն կաջակցեն ոչ միայն մտերիմները, այլև անծանոթ մարդիկ:
2019 թ․ այցից հետո Սիսիանն ավելի հաճախ էր մտածում Հայաստան վերադարձի մասին։ Վստահ էր, որ ուզում է 1-2 տարով գալ, ապրել, աշխատել, փորձել ինչ-որ ներդրում ունենալ հայրենիքում։ Բայց ամեն անգամ որոշումն իրականացնելիս վարանում էր. բնավորություն է՝ ամեն ինչ սիրում է նախօրոք պլանավորել, հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը։ Որքան էլ մեծ լիներ Հայաստան տեղափոխվելու ցանկությունը, շատ բարդ էր թողնել 23 տարվա կյանքը աշխարհի մի ծայրում և տեղափոխվել մյուս ծայր՝ սկսելու ամեն բան զրոյից։
2020-ին՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում, Հայաստան գալու ցանկությունն ավելի մեծացավ։ Հենց այդ ժամանակ էր, որ սոցցանցերում աչքովն ընկավ «իԳործ» ծրագրի հերթական հայտարարությունը և որոշեց մասնակցել տեղեկատվական առցանց հանդիպմանը:
«Հայտարարությունը պատահաբար տեսա, չէի պատկերացնում, որ կընդգրկվեմ ծրագրում։ Մասնակցեցի տեղեկատվական հանդիպմանը, ապա՝ նաև հարցազրույցին։ Դա փետրվարին էր։ Ծրագրի մասնակցության բոլոր փուլերն անցա մինչև օգոստոս և սեպտեմբերի 21-ին ժամանեցի Հայաստան։ Անկախ ինձանից՝ թե՛ տեղափոխության, թե՛ պլանավորման փուլերը շատ ավելի թեթև անցան, քան կարող էի պատկերացնել»,– հիշում է Սիսիանը։
Հարցազրույցների ընթացքում արդեն ընտրել էր զբոսաշրջության ոլորտը։ Չէր մտածում՝ որքան կմնա Հայաստանում։ Ճամպրուկը պատրաստել էր ճիշտ մեկ տարվա համար, որքան տևում է «իԳործ»-ի ծրագիրը։
«Ես որևէ ղեկավար պաշտոն ստանձնելու հավակնություններ չունեի այստեղ, ուղղակի ուզում էի աշխատել, բայց երբ ստացա կոմիտեն ղեկավարելու առաջարկը, հասկացա, որ չեմ կարող հրաժարվել դրանից։ Ես գիտեմ, որ լավ մարքեթոլոգ եմ, բիզնեսի կառավարիչ, և այդ հմտությունները շատ օգտակար կարող են լինել նաև զբոսաշրջության ոլորտի ղեկավարման և զարգացման համար։ Բացի այդ, դեռ մանկուց ինձ սովորեցրել են չվարանել, վստահել սեփական ուժերին, չամաչել և չվախենալ խոսելուց, կարծիք հայտնելուց։ Ինձ ամբողջ կյանքում շրջապատել են ուժեղ կանայք, և ես սովորել եմ ինքս այդպիսին լինել. երբեք չկասկածել, որ իմ կարծիքը կարևոր է, հավատալ, որ ամեն ինչ կարող եմ, եթե ցանկանամ և աշխատեմ, և, ի վերջո, երբեք չխուսափել խնդիրներին առերեսվելուց»,– ասում է նա։
Այն, որ պետական կառավարման ոլորտում կանայք բավարար չափով ներկայացված չեն, Սիսիանի համար ակնհայտ է։ Երբեմն, հետաքրքրությունից մղված, անձնական վիճակագրություն է վարում՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Շատ հազվադեպ է լինում, որ հանդիպման մասնակից կանանց թիվը գերազանցի 30 %-ը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագրի շրջանակներում նախորդ 3 տարիներին Հայաստան է ժամանել սփյուռքահայ 150 մասնագետ, նրանցից 92–ը կանայք են։ Ծրագրի ավարտից հետո մասնակիցներից ավելի քան 60%-ը մշտական աշխատանքի է անցել Հայաստանում, այդ թվում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ: 2023 թ․–ին ծրագրին մասնակցելու համար ևս 50 սփյուռքահայ մասնագետ է ընտրվել 31 երկրներից։
Չնայած դժվարություններին, Սիսիանը ոչ մի վայրկյան չի զղջացել իր ընտրության համար։ Ասում է, երբեմն իր հայերենի անկատարությունից է կաշկանդվում, բայց լուրջ աշխատում է այն կատարելագործելու ուղղությամբ։Խոստովանում է՝ Հայաստան գալու որոշումը, թերևս, «եսասիրական» էր. այստեղ ինքն իրեն շատ լավ է զգում, բայց նաև երջանիկ է, որ կարողանում է իր գիտելիքներով ու աշխատանքով նպաստել հայրենիքի զարգացմանը:
«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս եմ թողել Կանադայի նման բարեկեցիկ երկիրը և եկել Հայաստան։ Ես միշտ այս հարցին մի պատասխան ունեմ՝ Հայաստանում ես ինձ տանն եմ զգում»,– ասում է Սիսիանը և միաժամանակ նշում, որ շատ շնորհակալ է Կանադային՝ իրեն ընձեռած հնարավորությունների համար, հատկապես՝ կրթության։
«Միշտ խրախուսում եմ հայ երիտասարդների՝ արտերկրում կրթություն ստանալու ցանկությունը, սակայն միշտ խորհուրդ եմ տալիս վերադառնալ և ձեռք բերած գիտելիքները գործի դնել այստեղ», - նշում է նա։
Այսօր Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հույս ունի, որ առաջիկա տարիներին կկարողանա իրագործել երկու մեծագույն ցանկություն՝ ստեղծել մի համակարգ, որն անխափան կաշխատի նաև իրենից հետո, և վայելել կյանքը Հայաստանում՝ արդեն ծնողների հետ: