Գործով պետք է ապացուցես, որ պատրաստ ես ու կարող ես․ Անուշ Սարգսյան

Դեբետի վարչական ղեկավար 30-ամյա Անուշ Սարգսյանը մուտք գործեց համայնքային ծառայության ոլորտ 10 տարի առաջ, երբ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում ուսանելու տարիներին աշխատանքի անցավ գյուղի համայնքապետարանում՝ որպես երկրորդ կարգի մասնագետ։

Մեկ տարի անց, երբ համայնքապետարանում առաջին կարգի մասնագետի թափուր հաստիք հայտնվեց, Անուշը որոշեց փորձել ուժերը և մասնակցել հանրային ծառայության քննությանը:

«Մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո նշանակվեցի թափուր պաշտոնում, իսկ արդեն մեկ տարի անց ևս մեկ մրցույթ հայտարարվեց, այս անգամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար։ Իրականում, դա չափազանց պատասխանատու պաշտոն է, իսկ ես ընդամենը 21 տարեկան էի, բայց երբեք չեմ մտածել, որ տարիքիս կամ փորձառության պակասի պատճառով պետք է հրաժարվեմ այդ հնարավորությունից։ Միշտ մտածել եմ՝ եթե ինձանից առաջ որևէ մեկը դա արել է, ուրեմն ես էլ կարող եմ։ Կարծում եմ՝ սա է իմ հաջողության բանալին»,– ասում է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրի երիտասարդ վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը։

Դրա հետ մեկտեղ նկատում է, միայն սեփական ուժերի նկատմամբ վստահությունը բավարար չէ․ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարել 100 տոկոս նվիրվածությամբ, քանի որ հաջողելու միակ գրավականը, իր համոզմամբ, գործի նկատմամբ սերն ու հոգատարությունն է։

«Չկատարվող աշխատանքներ չկան, եթե դրանք համարում ես քոնը»,– ասում է Անուշը։

21 տարեկանում դառնալով Հայաստանի ամենաերիտասարդ աշխատակազմի քարտուղարը՝ Անուշը ստիպված էր հաղթահարել ոչ միայն ի պաշտոնե իր առջև ծառացող խնդիրները, այլև կարծրատիպերը, որ կապված էին իր կին և երիտասարդ լինելու հետ:

«Ես շատ լավ էի հասկանում այն բոլոր խնդիրները, որոնց առերեսվելու եմ՝ ստանձնելով այդ պաշտոնը։ Անչափ դժվար էր սկզբնական շրջանում, քանի որ շատերը, իրոք, մտածում էին՝ ինչպե՞ս է աշխատակազմ ղեկավարելու այս երեխան։ Շատերն ինձ հորդորում էին չգնալ այդ քայլին, չսկսել մի գործ, որում չեմ հաջողելու։ Բայց ես միշտ շատ ամուր հենարան եմ ունեցել՝ ի դեմս ընտանիքիս։ Թե՛ ծնողներիս տանը, թե՛ իմ նորաստեղծ ընտանիքում ես երբեք չեմ զգացել իմ կարողությունների կամ կայացրած որոշումների նկատմամբ թերահավատություն: Երևի հենց դա էր պատճառը, որ ավելի վստահ էի որոշումներ կայացնելիս, և դա էր ինձ օգնում ճիշտ համակարգել, կառավարել ողջ աշխատակազմի աշխատանքը»,– հիշում է Անուշ Սարգսյանը։

Այսօր նա շատ է կարևորում համայնքային ծառայության ավելի քան 10-ամյա փորձառությունը, հատկապես այն, որ անցել է աշխատանքային կարիերայի աճի բոլոր աստիճաններով։ Անուշը վստահ է՝ միայն այդպես է հնարավոր հասկանալ համակարգը, դրանում աշխատող յուրաքանչյուր մարդու կարիքներն ու խնդիրները, համայնքի բնակիչների հոգսերն ու դժվարությունները և դրանք լուծելու թեկուզև բարդ, բայց անհրաժեշտ ուղիները։

Հիշում է՝ համայնքային ծառայությունն իրեն հետաքրքրել է դեռ մանկուց․ մինչ հասակակիցները հետաքրքրվում էին դերասանների կամ երգիչների անձնական կյանքով և գործունեությամբ, 12-ամյա Անուշն ուներ իր նախընտրելի կերպարը, որի աշխատանքին հետևում էր ուշիուշով․

«Գուցե դա տարօրինակ է, բայց 4–5-րդ դասարանում մեր համայնքի ղեկավարը ինձ համար օրինակելի կերպար էր։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչ որոշումներ է նա կայացնում, ինչպես է փոխվում գյուղի կյանքը նրա շնորհիվ։ Գուցե հենց դա էր պատճառը, որ համայնքային ծառայության անցնելն ինձ համար թեկուզև պատահական, բայց ցանկալի ու կարևոր քայլ էր»,– պատմում է նա։

2022 թ․ հունվարին Անուշն արդեն խոշորացված Փամբակ համայնքի ղեկավարից առաջարկ ստացավ՝ ղեկավարելու հայրենի Դեբետ համայնքը։ Ասում է՝ համայնքի վարչական ղեկավար դառնալու միտքը շատ պարտավորեցնող էր, բայց այս անգամ ևս ընտանիքը նեցուկ կանգնեց:

«Աշխատակազմի քարտուղար լինելու 9 տարիների ընթացքում հասցրել էի ընտանիք կազմել, երկու բալիկ լույս աշխարհ բերել և, բնականաբար, կասկածում էի՝ կկարողանա՞մ արդյոք համատեղել վարչական ղեկավարի աշխատանքն ու ընտանեկան պարտականությունները։ Նման պահերին ընտանիքի բարոյական, հոգեկան աջակցությունը շատ կարևոր է, և, բարեբախտաբար, ես դա ունեմ»,– ասում է Անուշը։

Խոստովանում է՝ հենց այդ ընթացքում գլուխ բարձրացրին մտավախությունները, թե ինչպե՛ս է աշխատելու իրենից տարիքով մեծերի, հիմնականում տղամարդկանց հետ։ Անուշն ասում է՝ շատ կարճ ժամանակ անց հասկացավ՝ պետք է փորձել ընդհանուր եզրեր գտնել բոլորի հետ:

«Ինչ-որ պահի նկատեցի, որ տարեց մարդիկ մեր ժողովներին չեն մասնակցում։ Մի կողմից գուցե իմ նկատմամբ վստահության խնդիր կար, մյուս կողմից՝ այդ մարդկանց ձայնը լսելի չէր։ Որոշեցի՝ ինքս գնալ գյուղամեջ, որտեղ սովորաբար հավաքվում էին տարեց տղամարդիկ, զրուցել նրանց հետ, հարցուփորձ անել, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Ի դեպ, առաջին գործը, որ արեցի որպես համայնքի վարչական ղեկավար, տարեց անձանց համար հավաքատեղի հիմնելն էր, որտեղ նրանք կարող էին զբաղվել տարբեր խաղերով, ինչպես նաև գրքեր կարդալ։ Տարեցներն էլ իրենց հերթին կազմակերպեցին վառարան տեղադրելու գործը։ Այժմ այնտեղ հիմնականում տարեցներն են հավաքվում, ժամանակ անցկացնում, մեկ-մեկ էլ համայնքի երիտասարդներն են քննարկումներ կազմակերպում։ Այն դարձել է հաճելի ժամանցի և հանդիպումների վայր, և, որ ամենակարևորն է, մարդիկ հասկացան, որ համայնքում չկան երկրորդական խնդիրներ, բոլորն էլ հերթով պետք է լուծել»,– ասում է Անուշը։

Իր նկատմամբ թերահավատությունից երբեք չի սրտնեղել, փորձել է ըմբռնումով մոտենալ։ Ասում է՝ որևէ մեկը պարտավոր չէ հավատալ քո ուժերին, գործով պետք է ապացուցես, որ պատրաստ ես ու կարող ես։ Այն մասին, որ Անուշը հաջողել է իր գործում, փաստում է նաև սոցիալական ցանցերում գյուղի մասին պատմող էջերի ակտիվությունը։

Անուշի համար շատ կարևոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի հետ անմիջական շփման հնարավորությունը, համայնքում կատարվող աշխատանքներում նրանց ներգրավումը։ Վստահ է՝ երբ մարդիկ իրենք են աջակցում համայնքի շենացմանը, նրանք նաև հակված են պահպանելու այն, ինչ ստեղծում են միասին։

«Հայրենի գյուղի վարչական ղեկավար լինելը չափազանց պարտավորեցնող է։ Ես գիտեմ, թե մեր համայնքում որ ծառի որ ճյուղն է վնասված, ով ինչ խնդիր ունի, ով ինչ է մտածում։ Դա շատ նման է ընտանիքին, երբ ամենայն մանրամասնությամբ գիտես, թե տանդ ինչ կա անելու։ Երբեմն այդ խնդիրներն այնքան են կուտակվում, որ սպառվում եմ։ Նման դեպքերում բարձրանում եմ բլրի վրա ու վերևից նայում մեր գյուղին, փորձում հիշել՝ ինչ ենք հասցրել անել, ինչ ենք կարողացել փոխել, և ինքս ինձ ասում եմ՝ ի գործ»,– ասում է Անուշը։

«Միշտ մտածում եմ՝ ինչպիսի՞ն կուզեի, որ լիներ իմ երեխաների կյանքը հայրենի գյուղում։ Ի՞նչ կանեի ես՝ դրան հասնելու համար։ Այսօր ես ունեմ հնարավորություն դեպի լավը փոխելու ոչ միայն իմ զավակների, այլև՝ համայնքի բոլոր երեխաների կյանքը ։ Կարծում եմ՝ դա հրաշալի մոտիվացիա է»,– ասում է Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը։

Սոնա Մարտիրոսյան