Իմ քաղաքականությունը իմ աշխատանքն է Նելլի Շահնազարյան

Սիրել հարազատ քաղաքը և սիրել այն գործը, որ անում ես, ու եթե այս ամենին գումարվում է նաև սիրած ընտանիքի աջակցությունը, ապա հաջողության հասնելը երկընտրանք չունի։ Կապանցի Նելլի Շահնազարյանը ոչ միայն կայացել է որպես հմուտ մասնագետ, այլև առաջ գնացել՝ դառնալով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար։ Արդեն 10 տարի է՝ նա զբաղեցնում է այդ պատասխանատու պաշտոնը։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երիտասարդ աղջիկը որոշեց թողնել դպրոցը, որտեղ 2 տարի մաթեմատիկա է դասավանդել, և աշխատանքի անցել քաղաքային խորհրդում՝ որպես անչափահասների հարցերով հանձնաժողովի քարտուղար։ Աշխատանքը դյուրիններից չէր․ նոր ոլորտ, նոր մարտահրավերներ, բայց ինչպես մեր զրուցակիցն է նշում, իր ընտրությունն էր, և բնավորության համաձայն պետք է բոլոր ջանքերը ներդներ չձախողելու համար։ Կյանքի այդ փուլում նաև կարևոր իրադարձություններ էին սպասվում։

«Քաղխորհրդում աշխատանքի ընդունվելուց 6 ամիս հետո ամուսնացա։ Համատեղել աշխատանքն ու ընտանեկան հոգսերը, ինչ խոսք, հեշտ չէր։ Երիտասարդ էինք ու անփորձ, սակայն ընտանիքս ամեն հարցում կողքիս էր, ու դա ինձ վստահություն էր ներշնչում, առաջ շարժվելու հնարավորություն տալիս»,- հիշում է Նելլի Շահնազարյանը։

Քաղաքային և շրջանային խորհուրդների լուծարումից հետո ստեղծվեցին քաղաքապետարաններ և մարզպետարաններ։ 1996 թվականից Նելլի Շահնազարյանը համայնքային ծառայության ոլորտում է, ստացվում է՝ ՏԻՄ համակարգի ձևավորման ակունքներում է կանգնած եղել։ Տարբեր հաստիքներ է զբաղեցրել՝ գլխավոր մասնագետից մինչև բաժնի պետ։

«Ամենակարևոր սկզբունքը, որով առաջնորդվում եմ աշխատանքում, պատասխանատու լինելն է։ Պետք է բարեխիղճ կատարես պարտականություններդ, առաջին հերթին հենց սեփական խղճիդ առաջ։ Եվ քանի որ մարդկանց հետ գործ ունենք, պարտավոր ենք ազնիվ ու նրբանկատ լինել։ Հանրային աշխատանքը նաև շատ ժամանակ է պահանջում, և կնոջ համար ընտանիքն ու աշխատանքը համատեղելը, իսկապես, փոքր-ինչ դժվար է, բայց մեծ ցանկության դեպքում անհնար չէ»,- ասում է նա։

Խոստովանում է՝ երբ երեխաները փոքր էին, պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հրաժարվում էր, թեպետ հնարավորություններ եղել են։ Իսկ երբ արդեն քարտուղարի պաշտոնն են առաջարկել, երկար մտածելու բան չուներ։ Երեխաները մեծ էին, աշխատանքին ծանոթ էր։

«Լավ չէ այն զինվորը, որ չի ուզում գեներալ դառնալ։ Այստեղ ևս այդպես է, պետք է ձգտել հասնել ավելիին։ Յուրաքանչյուր աստիճան բարձրանալը և՛ իր առավելություններն ունի, և՛ պատասխանատվության չափաբաժնի ավելացում է։ Մեկ նկատառում ևս՝ եթե աշխատում ես նման կառույցում, պետք է սկսես ներքևից, հակառակ դեպքում, միանգամից բարձր պաշտոն զբաղեցնելով չես հասկանա՝ համակարգն ինչպե՛ս է աշխատում։ Ես իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ ցածր պաշտոնից, աշխատել եմ համարյա բոլոր բաժինների հետ, բոլոր ոլորտներում և գիտեմ բոլորի աշխատանքը։ Ղեկավարը պետք է տիրապետի իր աշխատակիցների գործին, որովհետև նրանք իրենց չիմացածը իրենից պետք է հարցնեն։ Եթե չկարողացար պատասխանել, ուրեմն դու ճիշտ տեղում չես»,- ասում է Նելլին։

Պատմում է, որ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար դառնալու ժամանակ միակ մտավախությունը, որ ունեցել է, կոլեկտիվի հետ էր կապված։ Անհանգստանում էր, թե գործընկերները ինչպես կընդունեն իրեն որպես ղեկավար։ Այս հարցում էլ հաջողեց, այդ են վկայում համատեղ աշխատանքի 10 տարիները։

«Անձնային ո՞ր հատկանիշն օգնեց հաջողության հասնելու» հարցին Նելլի Շահնազարյանը պատասխանում է՝ համբերատարությունը, դիմացինի մեջ լավը տեսնելու կարողությունը, աշխատասիրությունն ու պրպտող բնավորությունը։

«Ես սիրում եմ ցանկացած հարց խորությամբ ուսումնասիրել, նորը գտնել և վերցնել, նաև դիմացինին դրսևորվելու հնարավորություն տալ»,- նշում է նա։

Կրտսեր գործընկերներին Շահնազարյանի խորհուրդը մեկն է՝ լինել պարտաճանաչ, աշխատանքին նվիրված։ Շատ կարդալն ու չիմացածը հարցնելն ամոթ բան չէ։

28 տարվա աշխատանքային փորձ, տարբեր պաշտոններ, շուրջ 130 աշխատողի անմիջական ղեկավար․ Նելլի Շահնազարյանը աշխատանքային կենսագրության ընթացքում հասցրել է աշխատել համայնքի 6 ղեկավարի հետ․

«Համայնքի ղեկավարների փոփոխությունը, ինչ խոսք, դժվար գործընթաց է, բայց ես աշխատել եմ չխառնվել քաղաքական որևէ հոսանքի։ Իմ քաղաքականությունը իմ աշխատանքն է»։

Խոսելով պատասխանատու պաշտոններում կանանց ներգրավման անհրաժեշտության մասին՝ ասում է, որ կանանց մասնակցությունը առհասարակ ամեն տեղ շատ կարևոր է, իսկ համայնքում՝ առավել ևս։

«Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ մարդիկ այս կամ այն խնդրով գալիս են համայնքապետարան գոնե լսված լինելու համար, և հենց այստեղ է, որ հատկապես կանանց հատուկ համբերատարությունը, դիմացինին լսելու ունակությունը շատ կարևոր են։ Այլ հարց է, որ ղեկավար աշխատանքի առումով առաջնությունը շատ դեպքերում տրվում է տղամարդկանց, որովհետև կարծրատիպ կա, թե տղամարդն ավելի լավ կղեկավարի, բայց ես կարծում եմ՝ դա այդպես չէ»,- համոզված է Նելլի Շահնազարյանը:

Նրա վաստակը գնահատվել է նաև կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, արժանացել է Հանրապետության վարչապետի, Սյունիքի մարզպետի, համայնքի ղեկավարի պատվոգրերի և շնորհակալագրերի։ Ասում է՝ գնահատված լինելը, ինչ խոսք, հաճելի է։

Նելլի Շահնազարյանն իրեն ինքնաբավ կին է համարում։ Իր ձեռքբերումների թվում նշում է համախմբված ու համերաշխ աշխատակազմը և սիրելի ընտանիքը։ Ի դեպ, երկու դուստրերն արդեն հասցրել են կազմել իրենց ընտանիքները, զավակներ ունենալ։ Թոռնիկների մասին խոսելիս առանձնակի ջերմությամբ է լցվում։

«Հեշտ չէր նման աշխատանքում ունենալ և՛ մեկը, և՛ մյուսը։ Ամենակարևորը՝ հաճույքով գալիս եմ աշխատանքի և սիրով տուն եմ գնում»,- ժպտում է նա։

Տեքստը՝ Նելլի Միրզախանյանի,

Լուսանկարները՝ Հասմիկ Հարությունյանի