Loading

Մեծատունովներն՝ Ախալքալաքում Մեծատունովների տոհմը

Մեծատունովների տոհմն Ախալքալաքում ասոցացվում է քաղաքային առաջին իշխանությունների հետ։ Ախալքալաքի առաջին քաղաքապետը Հովհաննես Մեծատունովն է եղել։

Ախալքալաքի առաջին քաղաքապետ Հովհաննես Կարապետի Մեծատունովն է

Մեծատունովների տոհմի պատմությունը հետաքրքրականն է մեր քաղաքի պատմության ու ներկայի խաչմերուկում։ Մեծատունովները մեր քաղաքի առաջին բնակիչներից են, ովքեր գաղթից հետո բնակություն են հաստատել Ախալքալաքում։ Ախալքալաքի առաջին քաղաքապետի եղբայրը՝ Խորեն Մեծատունովն իր ժամանակի հայտնի իրավապաշտպաններից է եղել։

Հետաքրքական է, որ Խաս Բախչա զբոսայգու բացման հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետ Մեծատունովի կինը զմայլված քաղաքի նորահայտ շքեղությամբ, բացականչում է՝ այ քեզ խաս բախչա, և այդ բառերը բերնեբերան անցնելով մնում են որպես քաղաքի կենտրոնական այգու անվանում։

Մեծատունովներն ապրել են այժմյան քաղաքային Խաս Բախչա զբոսայգու տարածքում։ Այգու հիմնադրումից հետո արդեն տեղափոխվել և բնակվել են ներկայիս գավառագիտական թանգարանի շենքում, այնտեղ են ապրել մինչև 1950-ական թվականները։

Այսօր էլ Ախալքալաքում շարունակում են ապրել Մեծատունովների ժառանգները։ Հենց նրանք են Jnews-ին տրամադրել խնամքով պահպանված լուսանկարներն ու փաստաթղթերը, որոնք իրենց մեջ ամփոփում են մեր քաղաքի պատմության բացառիկ ու հետաքրքրական դրվագները։

Այսօր մեզ հետ, մեր կողքին են ապրում Մեծատունովներից Խորենի սերունդները

Խորեն Մեծատունովը ցարական ժամանակների առաջին իրավապաշտպաններից է եղել։ Հետաքրքրական է, որ վերջինս երեք անգամ է ամուսնացել, և երեք ամուսնու;փունների դեպքում օրինական ամուսնալուծվել և ամուսնացել, ինչը բացառիկ իրադարձություն է եղել այդ ժամանակ։ Երեք ամուսնությունից ունեցել է 3 երեխա։ Առաջին ամուսնությունից ունեցել է 2 որդի՝ Գուրգեն ու Ռուբեն։ Նրա առաջին կինը եղել է Նազիկ Տեր-Բաղդասարյանը։Վերջինս քահանայի աղջիկ է եղել։

Երկրորդ կնոջից՝ ունեցել է 1 որդի՝ Գևորգին

Կլարա Գուրիևվիչի հետ ծանոթացել է թերթում տպագրված հայտարարության միջոցով։ Մի բան, որն այդ ժամանակ ոչ միայն ընդունված չէր, այլև բացառիկ էր։ Խորեն Մեծատունովը Կլարայի հետ ապրել է Թիֆլիսում։ Խորենը հերթական գործուղումից վերադառնալով պարզում է, որ կինը մահացել է ծանր հիվանդությունից, իսկ որդին հայտնվել էր որբանոցում։

Իսկ երրորդ կնոջ՝ Մարիա Վասիլևնայի հետ ծանոթացել է հենց վերջինիս ամուսնալուծության ժամանակ։ Այս ամուսնությունից երեխաներ չեն ծնվում։

Տարիներ անց Խորեն Մեծատունովը գտնում է իր որդուն՝ Գևորգին, և Մարիա Վասիլևնան հարազատ որդու նման խնամում ու մեծացնում է Գևորգին։

Խորեն Մեծատունովն ունեցել է՝ 3 որդի, 5 թոռ, 12 ծոռ․․․

Լուսանկարում՝ Խորեն Մեծատունովի առաջին կինն է՝ Նազիկ Տեր-Բաղդասարյանը։ Նրա հագին Կարնո հայկական տարազ է։
Խորեն Մեծատունովն է երկու որդիների հետ