«Որքան ինձ հիշում եմ, անհանդուրժող եմ եղել ցանկացած տեսակի անարդարության և անհավասարության նկատմամբ։ Փոքր տարիքում դա, իհարկե, կենցաղային բնույթ էր կրում, հետագայում դարձավ այն գործը, որն անում եմ և որին հավատում եմ անվերապահորեն»,– ասում է «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոնի» նախագահ Նարե Հայրապետյանը։
Նարեն ծնվել և մեծացել է Հրազդան քաղաքում։ Նկատում է՝ կարծրատիպերն ու տաբուները շատ են հատկապես փոքր համայնքներում, ինչպիսին Հրազդանն է, իսկ աղջիկների դեպքում դրանք սովորաբար առավել խիստ են լինում։ «Եվ ես շատ երկար տարիներ կրել եմ դրանք իմ մաշկի վրա»,– ասում է Նարեն։
Չնայած դրան` ծնողները երբեք չեն ընդունել կրթության հետ կապված որևէ կարծրատիպ կամ սահմանափակում։
«Կրթությունը միակ բանն է, որի համար ծնողներս երբեք չեն խնայել ո՛չ գումար, ո՛չ ջանք։ Նրանք երբեք ականջ չեն դրել այն խոսակցություններին, թե աղջիկ երեխան չպետք է չափազանց կրթված լինի, և բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել են իմ մղումները՝ սովորելու, ճամփորդելու և այլն։ Վստահ եմ՝ ծնողներս հստակ հասկանում էին, թե ինչ տեսակի ազատություն է տալիս կրթությունը, և չէին վախենում, որ ես կբացեմ թևերս, նրանք գիտեին, որ կրթությունը կօգնի ինձ ճիշտ անել դա»,– ասում է Նարեն։
Հենց կրթվելու ցանկությունն ու անսպառ հետաքրքրությունը 15-ամյա Նարեին բերեցին հասարակական դաշտ։ Պատահական զրույցը այն մասին, որ Հրազդանում պատրաստվում են երկաթի հանքավայր շահագործել, ստիպեց Նարեին մտածել դրա հնարավոր հետևանքների մասին։ Այդ հարցերի պատասխանները գտնելու համար նա դիմեց իրենց մարզում գործող բնապահպանական կազմակերպություններից մեկին։
«Սկսեցի ուսումնասիրել օրենսդրական, իրավական ակտերը, միջազգային փորձը։ Ինձ համար անհասկանալի էր, թե ինչպես իմ տարիքի դեռահասը կարող է գիտակցել, օրինակ, քաղաքին շատ մոտ հանքավայրի շահագործման վտանգներն ու սպառնալիքները, իսկ որոշումներ կայացնող մեծահասակները՝ ոչ։ Հասկացա, որ հասարակական սեկտորը հենց այն տեղն է, որի միջոցով կարող եմ լսելի լինել և պայքարել քաղաքական սխալ որոշումների և կոռուպցիայի դեմ»,– ասում է նա։
Բնապահպանության և համայնքային զարգացման ոլորտում քաղաքացիական ակտիվիզմը նրան քաղաքականություն բերեց։ Ինչպես ինքն է ասում, քաղաքականություն մտնելով՝ ուզում էր ներսից փոխել այն։ Այդ պատրաստակամությամբ էլ առաջադրվեց 2018 թ․ խորհրդարանական արտահերթ ընտրություններին կուսակցություններից մեկի կողմից որպես թեկնածու՝ Կոտայքի մարզում։
«Արդեն կուսակցության ներսում հասկացա, որ կան բազմաթիվ հարցեր, որ չեմ կարող լուծել այնպես, ինչպես պատկերացնում էի սկզբից: Դա ինձ համար հետաքրքիր փորձառություն էր. մտածում էի՝ քաղաքականության մեջ լինելով՝ «աշխարհը շուռ կտամ», հետո հասկացա, որ, չէ՛, եթե կարող եմ «աշխարհը շուռ տալ», ապա այն ոլորտում, որտեղ իմ իսկակական տեղն է»,– պատմում է նա:
Այդ տեղը Նարեն գտավ կանանց իրավունքների պաշտպանության դաշտում, ինչը շատ բնական է համարում, չէ՞ որ իրեն հուզող խնդիրների ակունքը միշտ նույնն է եղել՝ անարդարությունը և անհավասարությունը։ 2019 թ․ մի խումբ համախոհ ընկերների հետ հիմնեցին «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
«Այսօր կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունը ընտանեկան բռնության ենթարկված կանանց պաշտպանությունն է, սակայն մեր հիմնական տեսլականը կանանց հզորացումն է և նրանց կարողությունների զարգացումը»,– ասում է Նարեն։
Ժպիտով է նշում՝ հասարակական կազմակերպության հիմնումն իր լավագույն որոշումն է եղել, որովհետև տարիների գործունեությունը վկայում է՝ սա հենց այն ոլորտն է, որտեղ ինքն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում․
Նորաստեղծ կազմակերպության համար իսկական մարտահրավեր դարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Լեռնային Ղարաբաղից տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանությունը։
«Բնականաբար, սկզբնական շրջանում մեր գործունեությունը համակարգված չէր, ռեսուրսներն էլ խիստ սահմանափակ էին։ Մեր սոցիալական աշխատողի տունն օգտագործում էինք որպես պահեստ։ Բոլոր սենյակները լցված էին մթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով, որ բաժանում էինք ուղղակի տոննաներով։ Սակայն մենք շատ արագ հասկացանք, որ դա բավարար չէ, հատկապես այն մարդկանց համար, որոնք պատերազմի ավարտից հետո վերադառնալու տեղ չունեին և մնացին Հրազդանում։ Արդեն 2-3 ամիս անց սկսեցինք մտածել ավելի ինստիտուցիոնալ լուծումների, օրինակ՝ Հրազդանում ապաստան գտած կանանց կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու մասին»,– պատմում է Նարեն։
2023 թ․ սեպտեմբերյան իրադարձություններին կազմակերպությունն արձագանքեց արդեն շատ ավելի համակարգված և մեծ թիմով։ Կենտրոնը իր գործընկեր կազմակերպությունների հետ տարբեր տեսակի աջակցություն է տրամադրել ավելի քան 1500 ընտանիքների և 7000-ից ավելի մարդու։ Այսօր 32 փախստական կանայք մասնակցում են կարուձևի դասընթացների՝ հետագայում համապատասխան գույք ստանալու և աշխատելու ակնկալիքով։ Եվս 14 կին մասնակցում է համակարգչային դասընթացների, որոնք ավարտելուց հետո կստանան նաև դյուրակիր համակարգիչներ։ Շուրջ 40 կին էլ մասնակցում է ապահով տարածքների (safe space) մասին քննարկումներին։
Փախստական կանանց համար «ապահով տարածք» ստեղծելու ջանքերին զուգահեռ, կենտրոնում նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց են աջակցություն տրամադրում։ Նարեն ասում է՝ չնայած հասարակական սեկտորի և մեդիայի գործընկերների տարիների աշխատանքին՝ ընտանեկան բռնությունը շարունակում է տաբուացված թեմա լինել՝ հատկապես փոքր համայնքներում։
«Երբ հիմնում էինք մեր կազմակերպությունը, դժվարությամբ կարողացանք տարածք վարձակալել, որովհետև երբ մարդիկ լսում էին մեր գործունեության ոլորտի մասին, հրաժարվում էին տարածք տրամադրել մեզ։ Դա էր պատճառը, որ հասկացանք՝ պետք է մեր սեփական տարածքն ունենալ։ Եվ նույնիսկ այդ դեպքում մեր գրասենյակի շենքում բնակվող շատ մարդիկ վերապահումով էին մոտենում մեզ, թեև այսօր նրանցից ոմանք օգտվում են մեր կազմակերպության մատուցած ծառայություններից»,– հիշում է նա։
Պատմում է, որ համայնքում իրենց գործունեության վերաբերյալ եղած կարծրատիպերը հաղթահարելու, դավադրապաշտական մոտեցումները վերացնելու ուղղությամբ շատ մեղմ մեթոդներով է աշխատել։ Համոզված է, որ փոքր համայնքում պետք է հենց այդպես մոտենալ հարցին՝ առանց սուր, շոկային արշավների:
«Վստահ եմ, որ հենց այդ աշխատաոճի արդյունքում է, որ մեր համայնքում սկսել են չվախենալ «գենդերային հավասարություն», «ընտանեկան բռնություն» բառերից, ինչը կար ընդամենը մի քանի տարի առաջ։ Բայց պետք է խոստովանեմ, որ այդ ճանապարհը շատ բարդ է եղել։ Եղել են դեպքեր, երբ սպառնալիքներ ենք ստացել բռնության ենթարկված կանանց ամուսիններից, ես օրեր շարունակ վախով եմ ապրել իմ և երեխաներիս անվտանգության համար։ Եղել են դեպքեր, երբ վնասել են գրասենյակի մուտքը և այլն»,– պատմում է Նարեն։
Չնայած բոլոր դժվարություններին՝ Նարեն միշտ ունի մոտիվացիայի իր աղբյուրը․ դա այն կանանց վստահությունն ու սերն է, որոնք ծառայություն են ստացել իրենց կենտրոնի կողմից:
«Հաճախ եմ ինքս ինձ հարցնում՝ եթե ոչ մենք, ուրիշ որտե՞ղ էին այս կանայք ստանալու այդ ծառայությունները այնպիսի սրտացավությամբ, ինչպիսին մեզ մոտ է։ Հենց դա է ինձ առաջ գնալու ուժ տալիս»,– ասում է նա։
Կազմակերպության և Նարեի գործունեությունը աննկատ չեն մնացել նաև միջազգային գործընկերների կողմից։ Վերջերս Նարեն՝ Եվրոպայի տասնվեց ֆեմինիստ ակտիվիստների շարքում, արժանացել է Սյուզան Թրեդվելի հիշատակի մրցանակին (STMA): Նա առաջինն է Հայաստանից, որ ստացել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի այդ մրցանակը: Ուրախությամբ է նշում, որ իր թեկնածությունն առաջադրել էր Հայաստանում կանանց հիմնադրամը:
«Թեև երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ հենց ես մրցանակը ստացա, բայց միևնույն ժամանակ, ունեմ այս հարցի պատասխանը։ Կարծում եմ, իմ և մեր թիմի աշխատանքի շնորհիվ բազմաթիվ կանանց կյանք է փոխվել։ Ընտանեկան բռնության ենթարկված կանանց մենք ցույց ենք տվել ապրելու ուղին, բազմաթիվ փախստական կանանց համար դարձել ենք աջակից՝ ամեն ինչ զրոյից սկսելու համար։ Եվ նրանց հաջողություններն են ապացուցում, որ ճիշտ տեղում ճիշտ գործ ենք անում»,– ասում է նա։
Մրցանակի հետ Նարեն նաև 10.000 եվրո գումար է ստացել, որը, կազմակերպիչների հորդորով, պետք է ծախսվեր մրցանակակիրների անձնական կարիքների համար։ Նարեն, սակայն, այս հարցում այլ որոշում է կայացրել:
«Ամիսներ առաջ հասկացա, որ մեր գրասենյակն այլևս չի բավարարում մեր կազմակերպության կարիքներին, այդ պատճառով գնեցինք նոր, ավելի ընդարձակ տարածք, սակայն վերանորոգման և կահավորման համար այլևս գումար չունեինք։ Երբ ստացա մրցանակային ֆոնդը, նամակ գրեցի, որ իմ աշխատանքը իմ կյանքն է, և պատրաստվում եմ այդ գումարով բարեկարգել մեր նոր գրասենյակի տարածքը, որը ավելի հարմար կլինի փախստական և բռնության ենթարկված կանանց համար անվճար դասընթացներ կազմակերպելու, նրանց աշխատելու համար»,– ասում է Նարեն։
Սոնա Մարտիրոսյան
Գլխավոր լուսանկարը՝ Mediamax.am–ի