Loading

Միայն կրթությունը կարող է փոխել, փրկել, հույս տալ Լուսե Քալաշյան

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրով Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղ մեկնած Լուսե Քալաշյանը որոշեց ուսուցիչ դառնալ 20 տարեկանում, երբ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած անզորության զգացումը վերափոխվեց հստակ գիտակցության՝ մեր բոլոր խնդիրները գալիս են կրթության ոլորտի բացերից։

Լուսեն ծնվել և մեծացել է Վանաձորում։ Դպրոցին զուգահեռ հաճախել է դաշնամուրի և պարի։ Ավագ դպրոցում հստակ որոշել էր պատմաբան դառնալ, բայց հիմնական հետաքրքրությունը ազգագրությունն էր։ Վերջին կուրսի ուսանող էր, մտածում էր կրթությունն արտերկրում շարունակելու մասին, սակայն 44-օրյա պատերազմը փոխեց Լուսեի բոլոր ծրագրերը:

«Երբեք չեմ մտածել կրթության ոլորտի հետ կյանքս կապելու մասին։ Պատերազմի օրերին էր, երբ ինձ ուղղակի անկարող էի զգում, անընդհատ պրպտում էի՝ ինչո՛վ կարող եմ օգնել իմ երկրին։ Երկար մտածումներից հետո հանգեցի եզրակացության՝ մեր բոլոր խնդիրների հիմքում կրթության ոլորտի բացերն են, բայց նաև՝ միայն կրթությունը կարող է փոխել, փրկել, հույս տալ։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի՝ ես կարող եմ փոխանցել իմ գիտելիքները նոր սերնդին, սովորեցնել սիրել այս երկիրն ու իր պատմությունը և արժևորել այս հողում ապրող մարդկանց»,– պատմում է Լուսեն։

Խոստովանում է, թեև մանկավարժի որակավորում չուներ, երբեմն իր մտորումները՝ պատմություն առարկայի մատուցման, ուսուցչի դերի և այլնի մասին, հրապարակում էր սոցիալական ցանցերի էջերում։ Որոշ ժամանակ անց բացահայտեց, որ իր պատկերացումները համընկնում են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի նպատակներին և որոշեց դիմել ծրագրին՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու իր մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները Հայաստանի հեռավոր համայնքների դպրոցներում, որտեղ ուսուցիչների պակաս կա:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաքելությունն է աջակցել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից և բնակվելու վայրից, կունենա հնարավորություն՝ բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով։

Արդեն ութ տարի է, ինչ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում երիտասարդ ուսուցիչ–առաջնորդները մեկնում են աշխատելու այնպիսի համայնքներ, որտեղ ուսուցիչների պակաս է զգացվում։ Ներկայումս հիմնադրամն ունի 135 ուսուցիչ-առաջնորդ՝ Հայաստանի բոլոր մարզերում, և օգնում է ավելի քան 30 հազար աշակերտի՝ ապահովելով նրանց կրթության շարունակականությունը:

Մեկը մյուսի հետևից հաղթահարելով ընտրության փուլերը, այդ թվում արագացված վերապատրաստում անցնելով մանկավարժության և դասավանդման մեթոդների գծով, Լուսեն, ի վերջո, հայտնվեց Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում։

«Չէի վախենում տնից հեռու լինելուց, մենակ ապրելուց։ Հայրս զինվորական է, ընտանիքով շատ ենք տեղափոխվել մի տեղից մյուսը։ Կենցաղային խնդիրներն ինձ համար հաղթահարելի էին»,– ասում է Լուսեն։
«Թվում էր՝ ամենաբարդը լինելու է ջուր չունենալը, դույլերով հեռվից կրել-բերելը, կամ ձմեռը, որ այստեղ սաստիկ ցուրտ է լինում՝ մինչև -25 աստիճան։ Բայց պարզվեց՝ դրանք մանրուքներ են։ Ինձ համար ամենամեծ կենցաղային խնդիրը դարձան առնետները, որ ազատորեն ներսուդուրս էին անում, հանկարծակի հայտնվում մահճակալիս գլխավերևում կամ ոտքերիս տակ՝ խմբակ վարելիս»,– ծիծաղելով հիշում է նա,իսկ կողքին շրջում է Պոչիկը՝ կատուն, որը նվիրել են աշակերտները՝ առնետների դեմ պայքարելու համար։

Հենց տունը փոխելու ընթացքում էր, որ Լուսեն հասկացավ՝ գյուղում բազմաթիվ դատարկ տներ կան, որոնք կարող են հրաշալի հյուրատներ դառնալ՝ Հայաստանի ամենագեղեցիկ գյուղերից մեկը՝ Լեռնահովիտ բերելով բազմաթիվ զբոսաշրջիկների։ Ու թեև նրա այս գաղափարը մինչև օրս էլ շատերը լուրջ չեն ընդունում, Լուսեն չի ընկճվում:

«Թերահավատության պատճառը մեկն է՝ ես աղջիկ եմ, ու շատերը մտածում են՝ ի՞նչ բիզնես կարող է դնել երիտասարդ աղջիկը, այն էլ՝ աշակերտների հետ։ Բայց վստահ եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի։ Եթե ես չհասցնեմ, աշակերտներս կանեն։ Մենք իրար հետ ենք այդ ծրագիրը գրել։ Կարևորը, կարողացել եմ նրանց մեջ սերմանել այն գաղափարը, որ չկա մի բան, որ իրենք չեն կարող անել, եթե ցանկանան և շատ աշխատեն այդ ուղղությամբ»,– ասում է Լուսեն՝ նկատելով նաև, որ աղջիկների կրթության, նրանց դերի և ներուժի վերաբերյալ մեր պատկերացումները լուրջ վերանայման կարիք ունեն։

Հիշում է՝ սկզբնական փուլում տարբեր կարծրատիպերի է առերեսվել։ Օրինակ, զարմանքով իմացավ, որ ինքն «աղքատ է, այդ պատճառով էլ ուսուցիչ է դարձել», «ոչինչ անել չի կարող, որովհետև ո՛չ ամուսին ունի, ո՛չ էլ ընտանիքն է կողքին»։ Նրա ուժերին թերահավատորեն էին վերաբերվում նաև դպրոցում:

«Սերունդների, պատկերացումների, դասավանդման մեթոդների տարբերությունը շատ զգալի էր։ Սկզբում անընդհատ բախվում էի՝ «այդպես չի կարելի», «մի արա» արգելքներին։ Բայց ես կարողացա դրանք հաղթահարել, որովհետև սովորեցի նկատել նաև իմ սխալներն ու թերացումները սկսեցի խորհուրդ հարցնել այդ նույն մարդկանցից՝ այդպիսով կոտրելով պատնեշը մեր միջև։ Փոխօգնության մթնոլորտը շատ կարևոր է։ Այսօր կարող եմ ասել, որ հրաշալի հարաբերություններ ունեմ ողջ ուսուցչական անձնակազմի հետ»,– ասում է Լուսեն։

Բայց ամենամեծ կարծրատիպը, որ հաղթահարեց երիտասարդ ուսուցիչը, շրջապատի կողմից հաճախ կրկնվող «նախազգուշացումն» էր, իբր ուսուցչի գործն անշնորհակալ է և ոչ ոք չի գնահատելու իր աշխատանքը։ Լուսեն ասում է՝ դասավանդման երկու տարիներին չի հիշում մի օր, երբ աշակերտներն իրեն շնորհակալ չլինեն:

«Երբ դասարանում յուրաքանչյուր երեխա իրեն արժևորված է զգում, երբ հասկանում է, որ ինքն այդ օրը մի նոր բան սովորեց, նա անպայման շնորհակալ է լինում քեզ»,– ասում է Լուսեն։

Անկեղծանում է՝ դասավանդման առաջին տարում իրեն առաջնորդ չէր զգում։ Ընկեր Լուսեն ուսուցիչ-առաջնորդ դարձավ միայն 1.5 տարի անց, երբ որոշեց իր աշակերտների հետ միասին կյանքի կոչել մի խիզախ ձեռնարկ՝ իրականացնելով առաջին «Սպաս ապուրի փառատոնը»։

«Միայն այդ ժամանակ հասկացա, որ, իրոք, կարող եմ համախմբել մի գաղափարի շուրջ այդքան երեխաների, ընդ որում ոչ միայն մեր, այլև ուրիշ գյուղերից, և նրանց հետ միասին կազմակերպել մի փառատոն, որը Լեռնահովիտ կբերի հարյուրավոր այցելուների։ Մեկը տնից ձավար էր բերում, մյուսը՝ մածուն, երրորդը՝ մեկ այլ բան։ Փառատոնի ընթացքում ստեղծեցինք 5 երգ, բոլորն էլ՝ տեղի անուշ բարբառով։ Առանց բյուջեի, յուրաքանչյուրս մեր տան եղածով մի փոքր ներդրում անելով, կարողացանք գյուղի համար նշանակալի իրադարձություն կազմակերպել՝ ինքներս մեզ ապացուցելով, որ ամեն ինչ կախված չէ գումարից, եթե կան հավաքական կամք ու միասնական նպատակ»,– ասում է Լուսեն։

Երիտասարդ ուսուցչի նախասիրությունների շրջանակում առանձնահատուկ տեղ ունեն հայերենի բարբառները։ Լուսեն ասում է՝ բարբառների ուսումնասիրությունն այնքան մշակութային շերտեր է բացում, որոնց գոյության մասին անգամ չգիտենք։ Այսօր նա փորձում է բարբառը կիրառելի դարձնել ոչ միայն առօրյա խոսակցական լեզվում, այլև դասի ընթացքում, օգնում է աշակերտներին բանահավաքությամբ զբաղվել, ուսումնասիրել Լեռնահովիտի հարուստ բարբառը։ Լուսեն վստահ է՝ լեզուն ամենաշատն է ազդում մարդու ինքնության վրա, սովորեցնում արժևորել սեփական մշակույթը։

«Միայն որակյալ կրթությունն է, որ կօգնի գյուղը գյուղ պահելուն, ոչ թե ուղղակի հողակտոր։ Լավ կրթության արդյունքում երեխաներից մեկը կուզենա անասնաբույժ դառնալ, մյուսը՝ գյուղատնտես, երրորդը՝ հաշվապահ։ Այլապես՝ արտագաղթը կմնա այս երեխաների միակ այլընտրանքը»,– ասում է երիտասարդ ուսուցիչը։

Թե որքան կմնա Լեռնահովիտում, Լուսեն դեռ չգիտի, բայց մի բանում վստահ է․ Լեռնահովիտն իր համար ավելի շոշափելի դարձրեց հայրենասիրության գաղափարը։ Եթե մինչ այդ հայրենիքն իր համար երկրի քարտեզն էր, սարերը, այս կամ այն վայրը, ապա Լեռնահովիտում հստակ հասկացավ՝ հայրենիքը նախևառաջ մարդիկ են, որոնք այստեղ ապրում և արարում են։