Այն մասին, որ աշխարհում կան «ոչ աղջկական» մասնագիտություններ, Աբովյան քաղաքում բնակվող Քրիստինե Հովսեփյանը լսել է 8 տարեկանից, երբ առաջին անգամ ձեռքն առավ դհոլը։ Ճիշտ նույն օրվանից էլ Քրիստինեն գնում է դեպի երազանքը ու կանգ է առնում միայն դադար վերցնելու՝ նոր ցատկից առաջ:
«8 տարեկանում հորս ընկերոջ տուն էինք գնացել ընտանիքով՝ Ամանորը նշելու։ Նրանց տանը նկատեցի պատի տակ դրված դհոլը։ Մի կողմ դրեցի մյուս խաղալիքներն ու ձեռքս առա այն։ Սկսեցի խփել, զգալ հնչողությունը, փորձեցի նվագել։ Հետո արդեն տանն ասացի, որ ուզում եմ դհոլի գնալ։ Ծնողներս դրան վերաբերվեցին որպես մանկական քմահաճույքի, բայց ժամանակը ցույց տվեց, որ իմ որոշումը վերջնական էր»,– հիշում է Քրիստինեն։
Այդ տարիներին, հատկապես մարզում, դհոլը որպես երաժշտական գործիք ընտրում էին հիմնականում տղաները, այդ պատճառով էլ փոքրիկ, նրբակազմ աղջնակին, որ հազիվ էր երթուղային բարձրանում դհոլը ձեռքին, շատերն էին զարմացած նայում։ Բայց Քրիստինեն սովորել էր չնկատելու տալ խեթ հայացքները ու չլսել օտարներին:
«Գուցե զարմանալի է, բայց շատ փոքր տարիքից հասկացել եմ, որ չեմ կարող լսել ու առաջնորդվել իմ մասին բոլորի կարծիքներով։ Ինձ համար կարող է և պետք է կարևոր լինի միայն ընտանիքիս անդամների կարծիքը՝ իմ որոշումների և քայլերի վերաբերյալ։ Բարեբախտաբար, այդ իմաստով ես միշտ ամուր հենարան եմ ունեցել՝ ի դեմս ծնողներիս, որոնք միշտ վստահ են եղել որոշումներիս հստակության և երազանքներիս ամրության վրա։ Այդ պատճառով էլ միշտ թև և ուժ են տվել՝ չկոտրվելու»,– ասում է Քրիստինեն։
Իսկ կոտրել փորձել են՝ մարդիկ ու հանգամանքները, բազմաթիվ անգամներ։ Առաջին մարտահրավերը 8-ամյա Քրիստինեի հաշվետու համերգն էր, որը փորձաքար դարձավ նրա որոշման համար:
«Դհոլ և, ընդհանրապես, հարվածային գործիքներ նվագողները գիտեն, որ շրջազգեստով անհնար է նվագել, որովհետև գործիքը դնում ես ծնկիդ։ Համերգը Աբովյանի դրամատիկական թատրոնում էր։ Ես գնացել էի սև, դասական տաբատով, ու բեմելից րոպեներ առաջ ստուդիայի ղեկավարը, որտեղ հաճախում էի, ասաց, որ տաբատով աղջիկ չի կարող բեմ բարձրանալ, իսկ ես այլ հագուստ ուղղակի չունեի այդ պահին։ Իհարկե, առաջին արձագանքս հուսալքությունն էր, ամեն ինչ թողնելու ցանկությունը, լաց լինելը։ Բայց հենց այդ պահին էլ հասկացա, որ եթե հիմա տեղի տամ, էլ առաջ չեմ գնա։ Չեմ հիշում՝ աղջիկներից ում կիսաշրջազգեստը խնդրեցի, մի կերպ տեղավորվեցի աթոռին, դհոլը դրեցի ծնկներիս, կծկվեցի ու սկսեցի նվագել։ Արցունքներս, վիրավորանքս խեղդում էին, բայց ես երազանք ունեի, ուրեմն նահանջի տեղ չունեի»,– պատմում է Քրիստինեն։
Երկու տարի Աբովյան քաղաքում դհոլի խմբակ հաճախելուց հետո տեղափոխվեց նախ «Վահագն» դհոլահարների անսամբլ, ապա՝ աղջիկների՝ «Երևանյան թմբուկներ» խումբ։ Այդ ժամանակ էլ որոշեց թողնել դհոլը, զբաղվել այլ հարվածային գործիքներով։ Քրիստինեն մինչ օրս էլ չի կարողանում բացատրել 2 տարվա դադարի իր որոշումը, բայց հավատում է, որ ավելի հասուն տարիքում գործիքին վերադառնալը իմաստավորված էր:
«Դհոլի՝ որպես երաժշտական գործիքի նկատմամբ շատ լուրջ կարծրատիպ կա, քամահրանք՝ եթե կուզեք։ Համարվում է, որ դհոլը լիարժեք գործիք չէ, որովհետև նույնիսկ նոտաներ չունի։ Անգամ չեն ասում՝ դհոլ նվագել, փոխարենը գործածում են «խփել» բառը։ Երբ վերադարձա գործիքին, հասկացա, որ ուզում եմ նախևառաջ այդ կարծրատիպը կոտրել, ցույց տալ, որ դհոլը որևէ բանով չի զիջում մյուս հարվածային գործիքներին։ Ես հասկացա, որ ուզում եմ դհոլ նվագելը մասնագիտություն դարձնել»,– ասում է Քրիստինեն։
Կարծրատիպերը, սակայն, Քրիստինեի համար աշխատելու խթան են դարձել։ Տարիներ առաջ Քրիստինեն իրականացրեց իր երազանքներից մեկը՝ Աբովյան քաղաքում հիմնեց Dream beat աղջիկների խումբը, որի հիմնական կազմը հավաքվեց օրերի ընթացքում, իսկ հոլովակները լայն տարածում գտան համացանցում։
18 տարեկանում սկսեց նաև դասավանդել։ Քրիստինեն ասում է՝ իր աշակերտներին երաժշտությունից բացի սովորեցնում է նաև երազել ու չհանձնվել:
«Շատերն էին ասում՝ 18 տարեկանում ի՞նչ կարող ես սովորեցնել։ Բայց արի ու տես, որ աշակերտներս փայլուն արդյունքներ են ցույց տալիս։ Ես տեսնում եմ՝ ինչպես են երեխաները խանդավառվում երաժշտությամբ, ինչպես են սկսում հասկանալ, որ երազանքների համար սահմաններ չկան»,– ասում է նա։
Բացի այդ, Քրիստինեն որոշեց դհոլը երաժշտական գործիք «դարձնել»՝ ստեղծելով դրա համար նոտաներ։ Վերափոխելով թմբուկի նոտաները՝ ստեղծեց նոտաների մի համակարգ, որով արդեն շուրջ 3 տարի դասավանդում է իր աշակերտներին։
Քրիստինեն վստահ է՝ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է, երբ գիտես նպատակդ, տեսնում ես քայլերը, որոնք բերելու են դեպի երազանք․
«Կարելի է հոգնել, դադար առնել, լռել։ Դա նորմալ է։ Բայց միշտ աչքիդ առաջ պետք է ունենաս այն երազանքը, որը քեզ նորից ոտքի կկանգնեցնի»։
Քրիստինեի մեծագույն երազանքը արվեստի դպրոց ունենալն է։ Կենտրոն, որտեղ երեխաները բազմակողմանի կրթություն կստանան, կսովորեն ազատ մտածել ու մեծ երազանքների հետևից գնալ։
Երկու տարի առաջ Քրիստինեն այս նպատակի իրականացման առաջին քայլն արեց՝ հիմնեց Dream beat ստուդիան։ Գործունեության մեկ տարվա ընթացքում սաների թիվը 6-ից 30 դարձավ։ Մեկ տարի անց, սակայն, Քրիստինեն որոշեց դադարեցնել ստուդիայի գործունեությունը:
«Այսօր համարում եմ, որ որոշումս սխալ էր։ Արեցի մի բան, որ դեմ էր ինձ․ լսեցի օտար մարդու խորհուրդ ու հետ կանգնեցի երազանքիցս։ Հիմա հասկանում եմ՝ չնայած սխալ որոշմանս, դադարն ինձ պետք էր՝ խոր շունչ քաշելու, ունեցածս վերարժևորելու, շրջապատս մաղելու, ինքս ինձ հետ նորից հաշտ լինելու ու նոր թռիչքի պատրաստվելու համար։ Հիմա ստուդիան վերաբացել եմ նոր տարածքում։ Մեկնարկն ավելի բարդ է, քան նախորդ անգամ, բայց ես դժվարություններից չեմ վախենում։ Մեկ տարի հետո ես կունենամ այն, ինչ տեսնում եմ արդեն այսօր։ Դրա համար միայն համբերություն ու աշխատանք են պետք»,– ասում է նա։
Քրիստինեն ասում է՝ սխալներից վախենալ պետք չէ․ դրանք փորձառություն ձեռք բերելու, ճիշտ ուղիները գտնելու միակ ձևն են, և դրանց ուղղման համար ժամանակ միշտ կա:
«Սխալները չի կարելի ընկալել որպես պարտություն, դրանք ընդամենը իմպրովիզի հնարավորություն են տալիս»,– ասում է Քրիստինեն։