Loading

«Զեֆիրների աղջիկն» ու նրա քաղցր երազանքները Կատրինա Թաթոսյան

Խնձորի խյուս, մի փոքր շաքարավազ, ջուր ու սեր․ հենց այս բաղադրիչներից է 14–ամյա Կատրինա Թաթոսյանը պատրաստում իր հայտնի զեֆիրներն ու քաղցր փնջերը, որոնք մեծ պահանջարկ են վայելում համացանցում։

Խոհանոցի նկատմամբ սերը Կատրինան ժառանգել է մորից։ Չի էլ հիշում, թե երբ է առաջին անգամ մտել խոհանոց և սկսել պատրաստել։ 6 տարեկանում իրենից ընդամենը 2 տարով մեծ քրոջ հետ որոշեց խոհարարական բլոգ վարել, որտեղ փոքրիկները տարբեր ուտեստներ էին ներկայացնում։ Խոստովանում է՝ այդ տարիքից արդեն մտածում էր սիրած զբաղմունքով գումար վաստակելու մասին։

«Այդ ժամանակ դեռ չգիտեինք, որ Հայաստանում հնարավոր չէ միայն սոցիալական ցանցերի դիտումներով գումար վաստակել։ Որոշ ժամանակ անց քույրս սկսեց ձանձրանալ և հրաժարվեց համատեղ բլոգի գաղափարից։ Ես յութուբյան հոլովակներ նկարահանեցի մինչև 9-10 տարեկանը, բայց հետո ինքս էլ հոգնեցի դրանից»,– հիշում է աղջիկը։

Կատրինան հոգնեց սոցցանցերից, բայց ոչ խոհանոցից․ տարատեսակ պաստաներ, մսային ուտեստներ, քաղցրավենիք․․․ Կատրինան պատրաստում է ամեն ինչ՝ կախված տրամադրությունից և ընտանիքի նախընտրություններից․

«Տարիքի հետ փոխվում են ոչ միայն ճաշակս, երբ սկսում եմ չսիրել ինչ–որ ուտեստներ, որ հաճույքով կերել եմ նախկինում, այլև պատրաստման գործընթացը։ Օրինակ՝ հիմա աշխատում եմ, որ մայրիկս չմիջամտի պատրաստման գործընթացին, որովհետև ինձ համար շատ կարևոր է ողջ գործընթացն ինքնուրույն անցնելը, սխալվելը, սխալներիս վրա սովորելը։ Կարծում եմ՝ որևէ գիտելիք չի կարող փոխարինել անձնական փորձառությանը, որ մարդ ձեռք է բերում սխալվելու, փորձելու և հաջողելու ընթացքում»,– վստահ է պատանի խոհարարը։

Զեֆիրների հետ Կատրինայի «հարաբերությունները» սկսվեցին 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում։ Տանը փակված, օրվա մեծ մասը սոցիալական կայքերում անցկացնելով՝ Կատրինան պատահաբար նկատեց զեֆիրների պատրաստման խոհարարական դասընթացի վերաբերյալ հայտարարություն։ Որոշեց փորձել, չնայած երբեք ո՛չ զեֆիր էր պատրաստել, ո՛չ էլ համը հավանել․

«Իրականում, զեֆիրն այն քիչ քաղցրավենիքներից էր, որ նախկինում մի քանի անգամ փորձել էի համտեսել, բայց չէի հավանել։ Դասընթացի արդյունքով՝ փորձեցի պատրաստել։ Առաջին անգամվա համար վատ չստացվեց։ Ասեմ ավելին՝ համտեսեցի պատրաստածս, ու հավանեցի։ Հետո որոշեցի կատարելագործել ունակություններս, քանի որ շատ կարևոր է, որ այն, ինչ անում եմ, անթերի լինի՝ գոնե ինձ համար։ Կատարելության այդ ձգտումն ամեն ինչում է։ Իհարկե, երբեմն դա շատ է խանգարում, բայց ես այդպիսին եմ․ ինչ անում եմ, պետք է լավ անեմ»,– ասում է Կատրինան։

Կատարելության ձգտումը 11–ամյա աղջկա մտքում վերածվեց իսկական բիզնես պլանի։ Խոստովանում է՝ ծնողները միանգամից աջակցեցին իրեն, չփորձեցին հետ պահել երազանքից։

Կարճ ժամանակ անց մորաքրոջ և մորեղբոր օգնությամբ Կատրինան իրագործեց զեֆիրների առցանց վաճառքի իր գաղափարը․ անձամբ պատրաստեց Little Sweet Chef բրենդի տարբերանշանը, սկսեց ուսումնասիրել բիզնեսի առաջմղման հիմնական սկզբունքները։ Նախ պատրաստում էր ծանոթ–բարեկամների պատվերով, ովքեր արդեն համտեսել էին Կատրինայի պատրաստած անուշեղենը։ Անծանոթ հաճախորդի առաջին պատվերը միայն ամիսներ անց եղավ։

«Չնայած, որ բազմաթիվ անգամներ արդեն պատրաստել էի զեֆիր, առաջին պատվերը ստանալուց հետո անչափ հուզվում էի։ Դա, կարծես, փորձաքար լիներ իմ բիզնես գաղափարի ապագայի համար։ Անգամ առաքումը անձամբ կատարեցի։ Այդ օրը վաստակեցի փոքր գումար՝ 5000 դրամ, որը, երևի, միակն էր, որը ծախսել եմ ինձ վրա»,– հիշում է Կատրինան։

Մյուս պատվերներից գոյացած գումարը աղջիկը կուտակում է ավելի մեծ երազանքների համար։ Նա հաստատ գիտի՝ լավ աշխատելու, ջանք չխնայելու դեպքում, 5 տարի հետո Երևանում կունենա իր սրճարանը, որտեղ կմատուցվեն իր պատրաստած աղանդները։ Իսկ 10 տարի հետո, ասում է, կնվաճի նաև Փարիզը․

«Ես շատ հստակ եմ տեսնում այն օրը, երբ կբացեմ իմ սրճարանը։ Կարթնանամ ամեն օր, առավոտյան 5.30–ին, կիջնեմ բարձրահարկ շենքի պարույրաձև աստիճաններով, կքայլեմ քաղաքի դեռ ոչ մարդաշատ փողոցներով, կբացեմ սրճարանիս դուռը, կնստեմ մուտքի առաջ, կվայելեմ առավոտյան սուրճը ու կանցնեմ գործի, որ ամեն ինչ պատրաստ լինի՝ առաջին հաճախորդի այցելությանը»,– ասում է Կատրինան։

Նա չի վախենում ո՛չ առավոտյան վաղ արթնանալուց, ո՛չ աշխատանքից և ո՛չ էլ հոգնելուց։ Իր փորձով գիտի՝ միայն քրտնաջան աշխատանքն է, որ արդյունք է տալիս։

Փորձարկումներից ևս չի խուսափում․ այսօր պատրաստում է բալի, ազնվամորու, ելակի, վանիլի, նարինջի, կիտրոնի, սև թթի, ծիրանի համով զեֆիրներ, զեֆիրե ծաղկեփնջեր՝ կակաչների տեսքով։ Պատրաստում է բացառապես օրգանական զեֆիրներ, վերջերս՝ նաև վեգան՝ բուսակերների համար։

Պատրաստելիս Կատրինան, սովորաբար, երաժշտություն է լսում։ Վստահ է՝ իր զգացմունքները փոխանցվում են իր պատրաստածը ճաշակողներին։ Այդ պատճառով էլ փորձում է մարդկանց միայն ուրախություն և ջերմություն փոխանցել։

Այսօր պատանի խոհարարի օրը առավել քան հագեցած է․ Կատրինան ընդունվել է Ֆրանս–հայկական ուսումնարանի հրուշակեղենի բաժին, զուգահեռ բիզնես դասընթացների է հաճախում։ Այս ամենը, սակայն, միայն սկիզբն է․

«Հետագայում նպատակ ունեմ ուսումս շարունակել Le Cordon Bleu խոհարարական արվեստի միջազգային դպրոցում՝ Ֆրանսիայում։ Շատերն ասում են, որ շատ վաղ տարիքում կարիերայի նման կողմնորոշումը, գուցե, սխալ է, որովհետև ես չեմ դիտարկում մյուս մասնագիտությունները, սակայն ինձ համար ամեն բան հստակ է․ ինչ–որ տարիքում ես երազել եմ բժշկության մասին, հետո մարքեթինգի և այլն, բայց հետո հասկացել եմ, որ հենց խոհարարության միջոցով եմ գտնելու իմ ճանապարհը։ Տարիքը կապ չունի, եթե գիտես, թե որն է քո ուղին ու տեսնում ես նպատակդ։ Բացի այդ, երբեք ուշ չէ նոր մասնագիտություններ ձեռք բերել»,– ասում է նա։

Կատրինան ամեն անգամ նորովի է հուզվում, երբ իրեն ճանաչում են փողոցում․ «Զեֆիրների աղջիկը»՝ հենց այսպես են նրան անվանում մարդիկ։ Ինքը բոլորովին էլ դեմ չէ․․․